>

«Հարս չկա» սիթքոմի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, որոնք դադարեցվել էին պատերազմական շրջանում, վերսկսվել են:

Tert.am Life-ի հետ զրույցում սիթքոմում Բեթիին մարմնավորող դերասանուհի Անի Խաչիկյանն ասաց, որ պատերազմի մեկնարկից հետո առանց քննարկումների նկարահանումները դադարեցվեցին:

«Անկեղծ ասած, չէի մտածում, որ պատերազմից հետո նկարահանումները կվերսկսվեն, որովհետև ժանրը հումորային է, սովորական հեռուստասերիալ չէ, բայց հեռուստաընկերությունը որոշեց, որ նախագիծը կմնա:




Քոչարյանի զոհերը

Առաջին եթերաշրջանի բոլոր կերպարների շարունակությունը կա, կան նաև նոր կերպարներ, զարգացումներ, կոնֆլիկտներ, իրավիճակներ, իմ կերպարի հետ կապված սցենարային կտրուկ փոփոխություններ չկան» ,- պատմեց նա:





Անիի խոսքով՝ ցանկացած տեսակի նկարահանումներին տրամադրվելն այս շրջանում բարդ էր, հումորային ձևաչափում ներկայանալը կրկնակի բարդ էր:

«Ես դերասան եմ, եթե ուզում եմ այս ամենից հետո ինչ-որ ձևով օգտակար լինել, պետք է անեմ այն, ինչ կարողանում եմ, դա իմ մասնագիտական գործունեությունն է: Կյանքը պետք է շարունակել, աշխատանքին չվերադառնալու այլընտրանք չեմ տեսնում, ինչո՞ւ չվերադառնանք, այդ մտքի հակառակ կողմը չեմ հասկանում:


Պետք է շարունակենք ապրել՝ վերանայելով անցյալը, դասեր քաղելով, սահմանելով նոր նպատակներ,- ասաց նա և հավելեց, որ ինչպես առաջ էր նպատակները կապում իր երկրի հետ, այնպես էլ հիմա,- հիմա ավելի մեծ եռանդով եմ դա պատկերացնում, ավելի շատ չեմ ուզում երկրից գնալ»:

Չնայած դրան՝ դերասանուհին նկատեց, որ իր համար նաև բարդ է համացանցում ինչ-որ բան հրապարակելը կամ տեսնելը՝ ինչպես են մյուսները համացանցային կյանք վերադարձել:

«Այս իրավիճակի մեջ ապրելն արդեն իսկ բարդ է, իսկ նախկին արժեքաբանությանը վերադառնալը և՛ բարդ է, և՛ կոնֆլիկտային: Ես հասկանում եմ և՛ հանրությանը, և՛ իրենց էջերը վարող արտիստներին:



Նորմալ արձագանք է, երբ իր տունը կորցրած մարդն արտիստին հարցնում է, թե ինչպե՞ս է նա իր կյանքով ապրում:

Նաև նորմալ է, որ արտիստն ապրում է իր կյանքով: Այս ամենը բնական գործընթաց է, պետք է սովորենք ապրել այս նոր իրականության հետ» ,- ընդգծեց նա:

Անին նաև հայտնեց, որ բացի «Հարս չկա» սիթքոմն ունի նաև աշխատանքային այլ նորություններ:

«Առաջիկայում կլինեն հետաքրքիր նախագծեր ներկայացումների և հաղորդումների տեսքով, բայց մանրամասներ ասել դեռ չեմ կարող: Թատրոնում երկու հետաքրքիր նախագծերի նախնական համաձայնություն կա»,- եզրափակեց նա:

Աղբյուր՝ Tert.am Life


от admin

-->