>

Ներքաղաքական զարգացման հեռանկարների դիտարկումներում սցենարների գերակշռող մասը, եթե ոչ ամբողջապես, կենտրոնացած է խորհրդարանի արտահերթ ընտրության տարբերակի վրա, և քննարկվում են հիմնականում իրականացման մեխանիզմները կամ տարբերակները: Արտահերթ ընտրության բացառման վերաբերյալ մասնակի արտահայտվում են միայն որոշ հանրապետականներ, թեև ՀՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Արա Բաբլոյանը վարչապետ Փաշինյանի հետ հայտնի հանդիպմանը հաջորդած համատեղ հայտարարության մեջ արձանագրել էր մեկ տարվա ընթացքում ընտրություն անցկացնելու վերաբերյալ ծրագրային դրույթին հավատարմությունը:


Այդուհանդերձ, հնարավո՞ր է արդյոք դիտարկել տարբերակ, երբ կառավարությունն ինքը կարող է գնալ այլ ճանապարհով, եթե ոչ ամբողջապես հրաժարվելու, ապա առնվազն մեկամյա ժամկետը երկարաձգելու տարբերակով: Ընդ որում՝ խոսքը ոչ թե հարկադրված տարբերակի մասին է, այլ ինչ-ինչ իրողությունների և շահերի բերումով գիտակցված ընտրության: Քաղաքագիտական տեսանկյունից դա կնշանակի ճգնաժամի շարունակություն, որովհետև կա խորհրդարանական կառավարման մոդել, մյուս կողմից էլ չկա կառավարություն-խորհրդարանական մեծամասնություն և ներդաշնակություն: Գործնականում, սակայն, մենք ունենք գերվարչապետության ինստիտուտը, և ըստ էության՝ սա է սահմանադրական բարեփոխումների ամենաառանձնահատուկ դրույթը, ըստ էության՝ մեխը, որը լիովին նոր իմաստ և նշանակություն է ստացել հեղափոխությունից հետո և դարձել է բալանսավորող հանգամանք՝ կառավարության համար խորհրդարանական մեծամասնության բացակայության պայմաններում:








Քոչարյանի զոհերը

Խնդիրն այստեղ այն է, որ խորհրդարանը մեկ տարի անց կարող է անվստահություն հայտնել վարչապետին, այսինքն՝ այդուհանդերձ խորհրդարանական մանդատն, իհարկե, գերակա է: Եվ այստեղ դիտարկվում է առանցքային վտանգը, որը մատնանշողները պահանջում են արտահերթ հնարավորինս արագ ընտրություն, քանի դեռ չի լրացել մեկ տարին: Ըստ ամենայնի, նաև այդ պատճառով է կառավարությունն իր ծրագրում ամրագրել հենց մեկամյա ժամկետը: Սակայն, այստեղ իրողությունները կարող են շատ ավելի բազմաշերտ լինել, քան թվում է առաջին հայացքից:

Պատկերացնենք, որ մեկ տարի անց խորհրդարանի ինչ-որ մեծամասնություն անվստահություն է հայտնում վարչապետին: Ինչ-որ ենք ասում, որովհետև ներկայումս մեծամասնություն, որպես այդպիսին, չկա, և պարզ չէ, թե ինչպիսին պետք է լինի այն մեծամասնությունը, որն անվստահություն է հայտնելու կառավարությանը: Ինչպիսի՞ն է լինելու հանրության արձագանքն այդ դեպքում: Արդյո՞ք իրատեսական է մտածել, որ հանրային մեծամասնությունն այդ ընթացքում այնքան դժգոհ կլինի Նիկոլ Փաշինյանից, որ անտարբեր կլինի և լռությամբ կվերաբերվի նրա հանդեպ անվստահությանը: Հազիվ թե այդպես մտածելը լինի իրատեսական: Ըստ այդմ՝ Փաշինյանի հանդեպ անվստահությունը մեծ հավանականությամբ բերելու է ընդամենը նրան, որ խորհրդարանն ինչպես մայիսի 1-ին, այս անգամ էլ սադրելու է բողոքի հուժկու ալիք, և անվստահությունը չի ստացվելու կամ այսպես ասած՝ «թարս է աճելու»: Առավել ևս, որ այս դեպքում խոսքը գերվարչապետության ինստիտուտի կրող ուժի հանդեպ անվստահության մասին է, երբ նա ունի շատ ավելի արագ գործելու հնարավորություն ու ռեսուրսներ, քան խորհրդարանը:


Այդ դեպքում, անշուշտ, հարց է առաջանում, թե ուրեմն՝ ինչո՞ւ է անհանգստանում Նիկոլ Փաշինյանը և ուզում արագ ձևավորել խորհրդարանի ինքնալուծարման մեխանիզմները: Առաջին հերթին, որովհետև դա քաղաքականության բնույթն է, հատկապես հեղափոխական իրավիճակներում, որը պահանջում է քաղաքական ամրության ինստիտուցիոնալ երաշխիքների անընդհատ ամրապնդում և համալրում: Ի վերջո, ինքնալուծարման մեխանիզմը կարող է պետք լինել ոչ թե երեք, չորս կամ վեց ամիս անց, այլ մեկուկես տարի կամ երկու տարի անց: Տվյալ պարագայում խնդիրը ամենևին միարժեք չէ, և հենց դա հուշում է, որ հեղափոխության հաջող ընթացքն ու ավարտը ավելի լայն և խորքային իմաստով պայմանավորված չէ արտահերթ ընտրությունից ու ժամկետից, կամ դրա ժամկետից:



Ավելին՝ հիպոթետիկ մակարդակում առնվազն հնարավոր է դիտարկել, որ արդյունավետ ընթացքը կարող է պահանջել նաև արտահերթ ընտրության որոշակի երկարաձգում, դրանով իսկ տալով կառավարությանն ու վարչապետին ավելի լայն մանևրի դաշտ: Դա, իհարկե, կախված կլինի տարաբնույթ խնդիրների լուծման ընթացքից: Այստեղ արդեն տակտիկական բազմազանության խնդիր կա: Ըստ այդմ՝ ուժերը, որոնք փորձում են Նիկոլ Փաշինյանին սպառնալ արտահերթ ընտրության գործընթացը արգելակելով, իրականում կարող են նաև չպատկերացնել, որ դրանով, մեծ հաշվով, կարող են ծառայություն մատուցել Փաշինյանին, ոչ թե խանգարել նրան:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->