>

Կառավարության շենքի դիմաց այսօր հանդիպելով տարբեր բողոքներով ներկայացած քաղաքացիներին, որոնք վարչապետի հետ հանդիպման պահանջով փորձել էին նույնիսկ հաղթահարել ոստիկանական պատնեշն ու անցնել կառավարություն, Նիկոլ Փաշինյանը արել է բավականին հատկանշական մի հայտարարություն:


Նա ասել է, որ անգամ եթե կրակ դառնա, չի կարող բոլորի նամակները կարդալ անձամբ և դրա համար էլ նամակները ստանում են օգնականները: Սա, իհարկե, կոնկրետ իրավիճակում կոնկրետ առիթով արված հայտարարություն է, որը, սակայն, բնորոշում է թերևս բավականին ընդհանուր մի երևույթ, որ առկա է նոր իրավիճակում, նոր իշխանության շրջանակում:








Քոչարյանի զոհերը

Փաշինյանի հայտարարությունը տողատակում, կամա թե ակամա, արտացոլում է այդ երևույթը, այսինքն` կառավարության, նոր իշխանության կազմի, այսպես ասած, անհամաչափության խնդիրը, երբ գործնականում ամբողջ ծանրությունն ընկած է Նիկոլ Փաշինյանի վրա: Իսկ նա եթե կրակ էլ դառնա, միևնույն է, չի կարող իրենով փոխարինել պետական ամբողջ կառավարումը և միաժամանակ նաև այդ կառավարման համար քաղաքական պատասխանատվությունը, որը ևս պահանջում է ընթացիկ, ամենօրյա սպասարկում:


Հարցն այստեղ ամենևին Նիկոլ Փաշինյանի օգնականների, խորհրդականների կամ մերձավոր աշխատակազմի մասին չէ: Ի վերջո` նրանք են նաև ապահովում այն բեռը, որ Փաշինյանի վրա է՝ պարզապես ավելի անտեսանելի «ճակատում»: Խնդիրն այստեղ պաշտոնեա-քաղաքական բաշխվածության մասին է, որի հարցում կան խնդիրներ, երբ հրապարակային դաշտում կամ գրեթե չկան, կամ չափազանց քիչ են ֆիգուրները, որոնք պատրաստ են հանրայնորեն կրել պատասխանատվությունն ու բեռը արդյունավետ և դրանով չեզոքացնել խնդիրներ, ոչ թե առաջացնել դրանք: Որպես կանոն, հանրային դաշտում, այսպես ասած, իշխանական թիմի մյուս ներկայացուցիչներն ավելի շուտ առաջացնում են խնդիրներ, քան օգնում լուծել դրանք: Սա խնդիր է, որն առայժմ իրեն այդքան էլ զգացնել չի տալիս, սակայն ժամանակի ընթացքում այն կարող է լինել առաջընթացի բավականին լուրջ խանգարող հանգամանք:

Ընդ որում՝ խոսքն այս դեպքում ոչ միայն ներքին կառավարմանն է առնչվում, այլ նաև արտաքին, անվտանգային հարցերին, որտեղ ևս գործնականում կա երկրորդ, երրորդ էշելոններում արդյունավետության և պատասխանատվության խնդիր: Սա գուցե նույնիսկ օբյեկտիվ է, սակայն, օրինակ, Նիկոլ Փաշինյանն օբյեկտիվորեն չգիտեր ֆրանսերեն, բայց հաշված օրերի կամ շաբաթների ընթացքում սովորում է Ֆրանկոֆոնիայի վեհաժողովին ընդառաջ, և արդեն շոշափելի հաջողությամբ ու արդյունքում: Չսովորելը, չառաջադիմելը, չհասունանալը արդեն չի կարող լինել օբյեկտիվ, դա արդեն սուբյեկտիվ է, և այդ իմաստով թիմը՝ անհատ բացառություններով հանդերձ, սուբյեկտիվորեն հետ է մնում առաջնորդից: Իսկ հաշվի առնելով այն, որ մենք գտնվում են ժողովրդական թավշյա հեղափոխության փուլում, այդ խնդիրն արդեն զուտ ներթիմային, ներկուսակցական հարց չէ, այլ հանրության խնդիրն է նաև, ըստ այդմ՝ իրավիճակն այդ առումով ենթադրում է պատասխանատվություն հանրության առաջ:



Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->