>

Lragir.am-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

Պարոն Գրիգորյան, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում քաղաքական ուժերը կարծես սևեռված չեն քաղաքի խնդիրների լուծման ծրագրերի վրա, այլ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցում միմյանց հասցեին: Ինչպե՞ս կորակեք այս քարոզարշավը:

Նախ շատ լավ է, որ ընտրություններին մասնակցող բոլոր 12 ուժերն էլ ազատ իրենց քարոզարշավն իրականացնում են: Գրեթե բոլոր հեռուստաալիքներով բոլորին խոսքի իրավունք են տալիս, դա ակնհայտ դրական առաջընթաց է: Քսան տարվա ընթացքում առաջին անգամ է, որ քաղաքական գործիչները չեն վախենում, որ կարող են իրենց դեմ ինչ-որ քայլեր անել: Բայց մենք պետք է հասկանանք մեկ բան՝ հեղափոխությունը շարունակվում է: Հեղափոխությունից հետո սրանք առաջին ընտրություններն են, և ակնհայտ է, որ հեղափոխության ընդհանուր գիծն իր ազդեցությունն ունենում է: Դա է պատճառը, որ քաղաքի հետ կապված ծրագրերն այնքան ուշադրության կենտրոնում չեն, որքան հեղափոխության շարունակության հարցը: Ի վերջո, գլխավոր հարցերը որո՞նք են, եկեք իրար չխաբենք՝ պայքար կոռուպցիայի դեմ, Մարտի մեկի բացահայտում, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի ապահովում: Եվ այդ պայքարը վարչապետը բավական հաջող տանում է, ծանր պայքար է, բայց տանում է:




Քոչարյանի զոհերը

Սա շատ բնական պայքար է, սա նշանակում է, որ հեղափոխությունը շարունակվում է: Բոլորը հասկանում են, որ հեղափոխությունը մայիսի 8-ով չի ավարտվել, նոր է սկսվել, երբ ընտրել են վարչապետ: Դա է պատճառը, որ մարդկանց հետաքրքրող գլխավոր հարցը հետևյալն է՝ ո՞նց է շարունակվելու այդ պայքարը: Նաև կարևոր է, թե ով ուժեղացրեց այդ բաղադրիչը՝ հենց հակահեղափոխական ուժերը: Այդ ուժերը կոռուպցիայի դեմ պայքարը, Մարտի մեկի բացահայտումը սկսեցին քաղաքականացնել, տանել իրավական դաշտից: Այնինչ, այդ հարցերը պետք է լուծվեն իրավական դաշտում, բայց իրենք տարան քաղաքական դաշտ: Հիմա իրենք ռազբորակների դաշտում են, պաշտոնյաների նկատմամբ սպառնալիքներ են հնչեցնում: Դա էլ ավելի է շիկացնում իրավիճակը: Դա է պատճառը, որ մարդիկ հասկանում են, թե ինչն է այսօր կարևոր՝ ոչ թե Երևանի աղբահանության հարցը, այլ կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականությունը, որպեսզի այս խնդիրները լուծվեն: Ես կարող եմ այսօր փայլուն ծրագիր ներկայացնել ձեզ, բայց ո՞նց եք իրականացնելու ծրագիրը: Ինչպես կարելի է Երևանի զարգացման ծրագիր կյանքի կոչել, եթե օլիգարխիան շարունակի իշխել երկրում, եթե կոռուպցիան չթուլանա:





Նկատելի է, որ կարծես ԲՀԿ-ն դեմ առ դեմ է դուրս եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխադարձ մեղադրանքներ են հնչեցվում միմյանց հասցեին: Ինչո՞վ է սա պայմանավորված:

Ես առճակատում չեմ տեսնում, միայն մեկ մտահոգիչ հանգամանք եմ տեսնում: Այն վիրավորանքները, որոնք ուղղված են ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին, անթույլատրելի են: Եվ մեր կառավարությունը, և եվրոպական ինստիտուտներն անպայման պետք է ուսումնասիրեն, թե որտեղից է դա գալիս: Ես չեմ բացառում, որ ժողովուրդը նեղացած է՝ մտածելով, որ այդ հակաքարոզչությունը կառավարական շրջանակներից է: Բայց ես պնդում եմ, որ դա ուրիշ հասցեից է գալիս, ո՞ւմ է հիմա ձեռնտու, որ Հայաստանի ներսում շիկանա իրավիճակը: Այն մարդկանց, ովքեր ուզում են խուսափել կոռուպցիայի պատասխանատվությունից, Մարտի մեկի բացահայտումից: Եվ այստեղ է, որ էմոցիաներով չպետք է շարժվել: Ես շատ մտահոգված եմ այս հարցով, քանի որ Հայաստանում ֆեյքային գրառումներն ու քարոզչությունը նախկինում միայն արտաքին հասցեներից էին գալիս: Մենք մոտավորապես հասկանում էինք, թե որ երկրից էր դա գալիս, քանի որ հիմնականում Ղարաբաղի հարցի հետ էր կապված: Հիմա դա ներքին բնույթ ունի, և հասարակ վերլուծությունը ցույց է տալիս, որ դա գալիս է հաղահեղափոխական այն ճամբարներից, որոնք չեն ուզում, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվի:


ԲՀԿ-ն վարչապետին մեղադրում է քաղաքական դաշտը մենաշնորհելու մեջ, որ քարոզարշավի շրջանակներում իր գործոնն է գերիշխում, որով փորձում է իր թիմի թեկնածուի հաղթանակն ապահովել:

Այլ կուսակցությունների լիդերներ էլ կան, ովքեր ցուցակում չեն, բայց մասնակցում են քարոզարշավին, իրենց թեկնածուներին օգնում են: Դա շատ նորմալ է: Վարչապետի դաշինքը գնում է ընտրություններին, ինչպե՞ս կարող է վարչապետը չմասնակցել քարոզարշավին:

Նոր իշխանությունները հայտարարել են ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու մասին, այսօր այդ նախադրյալները կա՞ն:



Այս ընտրությունները շատ ավելի ազատ են, քան վերջին 20 տարիների ընտրությունները: Դա ակնհայտ երևում է: Այլ բան է, որ իշխանությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի հենց ընտրության օրը: Ինչքան էլ քարոզարշավը ազատ լինի, շատ կարևոր է ընտրության օրը կանխել ցանկացած անցանկալի երևույթ: Ընտրության օրը շատ բան են ուզելու անեն, առաջինը կաշառք են փորձելու տալ, պետք է անպայման բացառել բռնությունը, ճնշում գործադրելը, որպեսզի պահպանվի հեղափոխությունից հետո առկա դրական տենդենցը: Մանրամասների մասին հետո կխոսենք, ոչ ոք միամիտ չէ, որ հավատա, թե մեկ օրում հնարավոր է իդելաական ընտրություններ անցկացնել, բայց ընդհանուր մթնոլորտը հիմա փոխվել է:

Ընտրակաշառքով այսօր հնարավո՞ր է «գերել» ընտրողին:

Ես չեմ տեսնում դրա նախադրյալները: Առաջինն ինքը՝ ընտրողն է փոխվել, մարդիկ հասկանում են այս գործընթացների կարևորությունը: Զանգվածը, որը հակված կլինի ինչ-որ բան ստանալու, փոքրացել է ընդհանուր մթնոլորտի շնորհիվ: Իսկ մնացածը պետք է թույլ չտա ոստիկանությունը: Հետո դիտորդական առաքելություններ կան, վստահված անձինք, ոչ ոք այսօր թույլ չի տա, որ իր վրա ճնշում գործադրեն: Ես դրական միտում եմ տեսնում, բայց ամեն ինչ պարզ կլինի ամսի 23-ին:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->