>

Անկախության տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դրանում որեւէ բառ չկա Ռուսաստանի եւ Պուտինի մասին: Փոխարենը երկրորդ նախագահը հայտարարում է, որ պետք է փրկել հեղափոխության արժեքներն ու գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են:

Թվում է, որ Ռոբերտ Քոչարյանը հարվածում է Նիկոլ Փաշինյանին: Իրականում սակայն Քոչարյանը հերթական ապտակն է հասցնում Հանրապետական կուսակցությանը: Նախ, բանն այն է, որ ՀՀԿ-ն ընդգծված կերպով չի ընդունում, որ տեղի է ունեցել հեղափոխություն: Նրանք հայտարարում են, որ եղել է ընդամենը իշխանափոխություն:




Քոչարյանի զոհերը

Ռոբերտ Քոչարյանը փաստորեն ասում է, որ եղածը հեղափոխություն է: Սա թվում է այսպես ասած տերմիբանական փոքր դրվագ, սակայն այդ դրվագն իրականում երկրորդ նախագահի ռազմավարական հեռանկարի ուշագրավ տողատակերի արտացոլում է:





Բանն այն է, որ իր ռազմավարության մեջ երկրորդ նախագահն ակնհայտորեն դիտարկում է թավշյա հեղափոխության «բաժնետեր» ներկայանալու տարբերակը, ինչը նա մատնեց նաեւ օրերս իր հարցազրույցներից մեկում, հարցնելով, թե արդյո՞ք դա էր հեղափոխության նպատակը՝ նկատի ունենալով ի դեմ հետապնդումը:

Փաստացի, Քոչարյանը արդեն երկրորդ անգամ իր հրապարակային հետահայաց աջակցությունն է հայտնում թավշյա հեղափոխությանը, դրա նպատակներին: Իսկ դրա նպատակը եղել է Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին հեռացնելը:


Դժվար է ասել, թե ինչպես է գնահատում իշխանություն վերցնելու իր շանսը Ռոբերտ Քոչարյանը, ու ինչ ժամկետային հեռանկարում, բայց նկատելի է, որ նա պատրաստվում է երկարատեւ խաղի: Մյուս կողմից, Քոչարյանն ավելի շատ թերեւս պայքարում է բանտ չգնալու, քան իշխանության գալու համար: Միեւնույն ժամանակ, նա թերեւս առաջնորդվում է մոտեցումով, որ պետք է դնել առավելագույն նպատակ՝ գոնե նվազագույնին հասնելու համար:

Այդ առումով, ակնառու է, որ առավելագույն նպատակի ծիրում երկրորդ նախագահը փորձում է նրբորեն ներկայանալ իբրեւ հեղափոխության աջակից, այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնող, կամ առնվազն հեռացնողներից մեկը: Մեծ հարց է, կամ նույնիսկ հարց էլ չէ այդ ջանքի հաջողության հավանականությունը, սակայն վերջին հաշվով երկրորդ նախագահը ներկայում չունի անելու այլ բան:

Միեւնույն ժամանակ, հեղափոխություն բնորոշումը նրա համար կարեւոր է ոչ միայն իր հանրային լեգիտիմության թեկուզ չափազանց թույլ խնդիր լուծելու համար, այլ նաեւ ՀՀԿ հանրային լեգիտիմություն թույլ չտալու համար, որպեսզի իր միջոցով ՀՀԿ-ն չփորձի լեգիտիմանալ որեւէ չափով:



Այլ կերպ ասած, երկրորդ նախագահի տերմինաբանությունը հուշում է, որ ռազմավարական հեռանկարում, դրա հնարավորությամբ ու անհնարությամբ հանդերձ, նա ոչ միայն չի դիտարկում ՀՀԿ ռեաբիլիտացիա, այլ գործնականում հեղափոխության փաստն ու նպատակներն արձանագրում է այդ ռեաբիլիտացիայի հնարավորությունը բացառելու համար: Ընդ որում, դա թերեւս ռացիոնալ, պրագմատիկ մոտեցում է, քանի որ Ռոբերտ Քոչարյանը լավ է պատկերացնում, որ ՀՀԿ-ն բեռ է իր առանց այդ էլ ծանր բեռի տակ կքված ուսերին:

Թեեւ, նա իհարկե հազիվ թե այդքան հեշտ կարողանա ազատվել ՀՀԿ աջակցությունից: Որքան Քոչարյանն ապտակի, այնքան ՀՀԿ-ն սիրով եւ հանդուրժողությամբ դեմ կտա մյուս այտը: Կամ Սերժ Սարգսյանը դեմ կտա ՀՀԿ մյուս այտը:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->