>

Հաղորդավար Արտյոմ Կարապետյանի և դերասանուհի Յուլյա Ֆինկի երկվորյակ որդիները՝ 2-ամյա Լեոն և Մուշեղը, ծնողներին ձանձրանալու առիթ չեն տալիս: Յուլյայի խոսքով՝ երեխաները լցնում են իրենց ամբողջ օրը:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ անցնող տարին ծանր էր, բայց երեխաների հետ իրենց ժամանակը շատ արագ է անցել:




Քոչարյանի զոհերը

«Բարդ տարի էր թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Ժամանակ է պետք, որ այդ ամենը հաղթահարենք, բայց մեզ համար ժամանակն ավելի արագ է անցնում, որովհետև երեխաները դեռ փոքր են, նրանց հետ չենք հասցնում նկատել, թե օրն ինչպես է անցնում:





Ամանորից առաջ երեխաներս երկու տարեկան դարձան: Աշխույժ են, ամեն ինչ փորձում են, իրենց համար ամեն ինչ հետաքրքիր է, բայց միմյանցից շատ են տարբերվում. Լեոն ավելի ակտիվ երեխա է, նստակյաց չէ, 5 րոպեն մեկ փոխում է նախասիրությունները, իսկ Մուշեղը կարող է երկար զբաղվել ինչ-որ բանով, թեև Լեոն հաճախ նրան խանգարում է» ,- ժպիտով նշեց դերասանուհին:

Յուլյան նկատեց, որ երեխաները տանն արդեն էքստրեմալ իրավիճակներ են ստեղծում:

«Լեոն հաճախ է ափսեների դարակները քանդում՝ օգնելու նպատակով, մի քանիսն արդեն կոտրել է: Երբ Մուշեղը տեսնում է, որ Լեոն արգելված մի բան է անում, ասում է՝ նո՛-նո՛-նո՛: Արդեն փորձում են խոսել, կրկնում են մամա, պապա բառերը: Մուշեղը կամ մուլտֆիլմների, կամ Արտյոմի շնորհիվ անգլերեն կրկնում է կենդանիների անունները, կենդանիներ շատ է սիրում, խաղալիքների հավաքածու ունի: Լեոն փորձում է կրկնել ռուսերեն և անգլերեն:

Շատ են ասում, որ մեկ լեզվով խոսենք, որպեսզի երեխաները լեզուները չխառնեն, բայց մայրս երեխաների հետ ռուսերենով է խոսում, ես՝ ռուսերեն-հայերեն, կողքից էլ անգլերեն են լսում: Երեխաները հեշտ են սովորում լեզուներն ու ընկալում, թող երեք լեզուն էլ իմանան» ,- ասաց նա:


Ըստ դերասանուհու՝ երկու երեխայի մայր լինելը բավականին բարդ է, բայց կարողանում է հասցնել:

«Ժամանակ առ ժամանակ մայրս և քույրս օգնում են, փորձեցի դայակ գտնել, բայց վիրուսի համար վախեցա, մենակ մնացի: Մանավանդ զույգ երեխայի դեպքում բարդություններ կան, մեկը քնում է, մյուսն արթնանում ու եղբորն արթնացնում:



Երբ քույրս կամ Արտյոմը մեկ երեխային տանում են իրենց հետ, մնում եմ մյուսի հետ, ինձ թվում է՝ տանը երեխա չկա, պատկերացնում եմ, թե ինչ հեշտ է մեկ երեխայի հետ: Չնայած բարդություններին՝ շատ հաճելի է, մանավանդ հիմա, երբ սկսել են մեզ հետ կոնտակտի մեջ մտնել, խոսել» ,- ընդգծեց նա:

Դերասանուհին նաև ասաց, որ աշխատանքային նորություններ չունի, քանի որ այս պահին զբաղվում է երեխաների խնամքով:

«Տեսախցիկը շատ եմ կարոտել: Մշտապես աշխատող մարդու համար հոգեպես բարդ է երկար ժամանակ չաշխատելը, բայց ժամանակն այնքան արագ է անցնում, որ ընկճախտեր չեմ ունենում:

Երեխաների հետ չեմ հասցնում երկար մտածել, ուղեղս այդ ուղղությամբ չի հասցնում զբաղվել: Նույնիսկ չեմ հասցնում գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել, թեև կինոման եմ: Հեռախոսիս մեջ ֆիլմերի հավաքածու ունեմ, որոնք պետք է արդեն դիտած լինեի, բայց չեմ հասցրել կամ այնքան հոգնած եմ եղել, որ ֆիլմի կեսից քնել եմ:

Հիմա ուզում ենք երեխաներին մանկապարտեզ տանել, գուցե այդ ժամանակ կկարողանամ աշխատանքի վերադառնալ» ,- եզրափակեց Յուլյան:

Աղբյուր՝ Tert.am Life


от admin

-->