>

Դերասան Դավիթ Աֆրիկյանը նոր է ավարտել իր աշխատանքը վերջին հեռուստասերիալում:

Tert.am Life-ի հետ զրույցում Դավիթն ասաց, որ դադարի կարիք ունի, հնարավոր է՝ մի քանի ամիս չնկարահանվի:

«Կարծում եմ՝ երկար ժամանակ նկարահանվելուց հետո թե՛ դերասանի, թե՛ հանդիսատեսի համար ճիշտ կլինի, որ դերասանը դադար վերցնի: Երբ եթերում անընդհատ դու ես, կարող ես հոգնեցնել: Հիմա գոնե մի քանի ամիս դադար վերցնելու կարիք ունեմ, բայց նկարահանվելու առաջարկները մերժում եմ ոչ միայն այդ պատճառով: Հիմնականում նախագծերն ինձ դուր չեն գալիս, Հայաստանում սերիալարտադրությունը դոփում է մեկ տեղում:




Քոչարյանի զոհերը

Այնպես չէ, որ իրար հաջորդող սերիալները մեկը մյուսից լավն են կամ որակ է բարձրանում, առաջընթաց չկա, մի բան էլ հետ ենք գնում: Չգիտեմ՝ ի՞նչ պետք է լինի այս ամենի մեջ, որ գրավի ինձ և որոշ չափով աչք փակեմ նաև վարձատրության վրա»,- ասաց նա:





Դերասանի խոսքով՝ որակապես լավ սերիալների հիմքում ֆինանսն է:

«Իսկապես մասնագետները նորմալ գումար են պահանջում, բայց սերիալային ռեժիսորներին, դերասաններին Հայաստանում չես կարող նման աշխատավարձ տալ: Այդ պատճառով էլ սերիալարտադրությամբ են զբաղվում այն մարդիկ, ովքեր համաձայնում են քիչ աշխատավարձին, լավ մարդիկ են, բայց չունեն կինոմտածողություն:


Մեր սերիալներին այսօր հենց կինոմտածողությամբ մարդիկ են պակասում: Եթե չկա գումար, չես կարող հավաքել դերասանական լավ կազմ կամ էլ կարող ես երկուսին վերցնել, ովքեր չեն կարողանալու պահել 30 հոգանոց ամբողջ օրգանիզմը: Երբ դիտում ես ամերիկյան սերիալարտադրողների աշխատանքները, զարմանում ես, կարծես ֆիլմեր լինեն, ոչ թե սերիալներ» ,- նշեց նա:

Դավիթը նկատեց, որ իր համար սերիալային վարձատրությունը շատ քիչ է: «Շատ դերասաններ կան, նկարահանվում են 150.000 դրամով, բայց ասում են, իբր, 850.000 դրամով են նկարահանվում: Նման բան

Հայաստանում չկա, մեզ մոտ ծիծաղելի գումարներ են, որոնցով դերասանը չի կարող ապրել, իսկ դերասան ասվածն արդեն պարտավորեցնող կետեր ունի: Դու բեմի մարդ ես, պետք է միշտ պատշաճ ներկայանաս, չես կարող եթերում պատռված հագուստով լինել, իսկ սերիալներում հագուստ չեն տալիս, դերասանն իր հագուստով է նկարահանվում:

Կողքից օգնող միակ հանգամանքը կորպորատիվ միջոցառումներն են, որոնց միջոցով ավելի շատ գումար ես վաստակում, քան հեռուստատեսությունում: Ինքս էլ վարում եմ նման միջոցառումներ» ,- ընդգծեց նա:



Հարցին, թե չի՞ պատրաստվում թատրոն վերադառնալ, Դավիթը պատասխանեց.

«Չի փոխվում այն հանգամանքը, որի արդյունքում թատրոնի հետ կապս կտրել եմ: «Բեսետկա» վիճակն աններելի է թատրոնի համար: Չեխովն ասել է՝ թատրոն պետք է մտնել այնպես, ինչպես եկեղեցի: Եկեղեցում նարդի չեն խաղում, գարեջուր չեն խմում: Թատրոնը տաճարից առանձնացել է, դարձել մի առանձին կառույց, հազարից մի ներկայացում է, որ մտածում ես՝ լավն էր:

Ցավալի է, որ հիմա թատրոնում չեմ, միշտ եմ կարոտում թատրոնը, միշտ ցանկացել եմ վերադառնալ: Նույնիսկ պիես էի գրում, ուզում էի որպես ռեժիսոր թատրոն վերադառնալ, բայց կիսատ թողեցի, եկավ մի պահ, երբ հասկացա, որ այլևս չեմ կարողանում գրել: Կարող ես 15-20 օր գրել ու այլևս չկարողանալ գրել: Եղել է՝ ինձ ստիպել եմ գրել, հետո ջնջել եմ գրածս:

Թատրոնը նաև մեծ ժամանակ է խլում, օրվա ժամանակի 60-70 %-ը պետք է թատրոնում անցկացնես, իսկ վարձատրությունն ավելի վատն է, քան սերիալներինը» ,- եզրափակեց դերասանը:

Աղբյուր՝ Life.tert.am


от admin

-->