>

Մինչ հայկական այսպես կոչված քաղաքական դասը զբաղված է ներքին ռազբորկաներով, Հայաստանի դիմադրությունն արտաքին ծրագրերին գնալով հասցվում է զրոյականի: Դիմադրությունը միայն իշխանության գործը չէ, այլեւ մեդիայի ու հանրային այն խմբերի, որոնք հավակնում են դերակատարության հանրային կարծիքի ու քաղաքականության վրա ազդելու առումով: Իրականության մեջ, դիմադրություն ոչ միայն չկա, այլեւ հակառակը՝ ներքին ռազբորկաների բնույթն ու «գաղափարաբանությունը» ենթարկած է արտաքին ծրագրերի իրականացմանը:

Խնամքով մոռացության են տրվել մի շարք հիմնարար հարցեր, շարունակվում է անհուսության մթնոլորտի ձեւավորումը, որը կամա թե ակամա ուղղված է նույնիսկ հակահայկական եռակողմ համաձայնություններում սպրդած հնարավորությունների չեղարկմանը: Ընդ որում, այդ հնարավորություններն այնքան շատ են, որ նույն այդ համաձայնությունները կարելի էր շուռ տալ դրանց հեղինակների ու շահառուների դեմ՝ հայկական իրավունքների հիմքով եւ պատերազմական հանցագործությունների հիմնավորումներով:




Քոչարյանի զոհերը

Նույնիսկ այս պայմաններում մեր հնարավորություններն ավելին են, քան ամենալավատեսական գնահատականները, դա գիտակցել է պետք եւ գործել: Դա չանելն իրական դավաճանություն է եւ վերաբերում է բոլորին:





Նման խնդիրներից մեկն Արցախի բանակի հարցն է: Հայաստանի կանխորոշված պարտությամբ պատերազմի նպատակներից մեկը Արցախի բանակի ոչնչացումն էր ֆիզիկապես՝ մեծ զոհերով, հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ի «հանկարծակի անջատումներով», տեղաշարժի մատչելի դարձած տվյալներով: «Հրադադարից» հետո հոգեբանական լուրջ գրոհ է ձեռնարկվել գերիների, անհետ կորածների հարցերով, խնդիրներ են առաջացել համալրման մասով, այդ թվում՝ հարազատների պահանջների:


Ներկայում Ստեփանակերտում խոսակցություններ կան, որ ռուսական կողմը փորձում է «համոզել» Արցախի ղեկավարությանը նման որոշման հարցում: Պետք է հասկանալ, որ ռուս-թուրքական համաձայնությունները հանգում են հայկական դիմադրության բոլոր հնարավորությունների չեզոքացմանը, նախեւառաջ՝ զինված ուժերի մասով: Արցախի ԱԽ քարտուղարի հայտարարություններն անուղղակի հաստատում են այս իրողությունը, եւ նա ճիգեր է գործադրում տեղական ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար:

Հայաստանի կառավարությունն այս հարցում էլ հանցավոր անգործության մեջ է, թեեւ արդեն անիմաստ է դարձել «Հայաստանի կառավարություն» եզրն անգամ՝ սուբյեկտության առումով: Պետք է հասկանալ, որ ռուս խաղաղապահները Արցախն ու հայ բնակչությանը պաշտպանելու համար չեն, այդ հարցը ստորադասված է Մոսկվայի քաղաքական ծրագրերին: Ռուսական ռազմական ներկայությունը ռուս-թուրքական համաձայնությունների կատարման երաշխիքն է, այդ թվում Արցախի խնդրի քաղաքական կարգավորումը եւ կարգավիճակի խնդիրը թույլ չտալու համար:



Պատահական չէ, որ խաղաղապահները մանդատ չունեն, դա ունիվերսալ իրավիճակ է ստեղծում: Մյուս կողմից, եռակողմ հայտարարության մեջ Արցախի բանակի մասով որեւէ կետ չկա, բայց նույնիսկ այս հանգամանքը հայկական կողմը չի պնդում իր իրավունքների համատեքստում:

Թե ինչպես կզարգանան իրադարձություններն այն բանից հետո, եթե Արեւմուտքը պնդի եւ գործուն քայլեր իրականացնի Արցախի քաղաքական կարգավորման հարցում, դժվար է ասել: Միեւնույն ժամանակ, իրավիճակը կարող է ամեն պահի փոխվել, այդ թվում ռուս խաղաղապահների տեղակայման հարցում, նկատի առնելով Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումները եւ արտաքին հնարավոր վերափոխումները: Այս առումով, շատ քիչ ժամանակ է մնացել, եւ պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման: Նախեւառաջ՝ պահպանել բանակը:

Աղբյուր՝ Lragir.am


от admin

-->