>

ՄԱրցախյան պատերազմում հերոսի մահով ընկած Սամվել Գևորգյանը 20 տարեկան էր, ընտանիքի փոքր զավակը:

«Սամվելը մեր ընտանիքի ուրախությունն էր… ինքը ձևավորված կարծիքով ու կյանքի հստակ նպատակներով գեղեցկադեմ երիտասարդ էր: Մարդիկ դառնում են 40-50 տարեկան ու դեռ չգիտեն՝ այս կյանքից ինչ ուզեն, բայց ինքը գիտեր՝ ինչ է ուզում:

Ինչքան էի հպարտանում քեզանով…




Քոչարյանի զոհերը

Միշտ նախընտրում էր ընկերություն անել իրենից մեծերի հետ, ովքեր կյանք տեսած էին, գուցե իրենից մեկ քայլ ավել հասկացող էին: Ժամանակից առաջ էր ընկնում, չէր համբերում, որ մեծանար և ինքն իր փորձով սովորեր:


Ուրիշ տղաները իր տարիքում առաջին անգամ փորձում էին ծխախոտը մութ պատերի անկյուններում, թաքուն, Սամվելը գնում էր Թումոյի այգի՝ բասկետբոլ խաղալու: Հայրս ու մայրս մի անգամ, երբ էլի տանից դուրս եկավ ու ասաց, որ գնում է Թումո, որոշեցին գաղտնի գնալ և «բռնացնել Սամվելի սուտը»: Ծնողներս գնացին Թումո ու բռնացրեցին Սամվելին իրենից մեծերի, բարձրահասակների հետ բասկետբոլ խաղալուց: Ու հարտությամբ լեցուն՝ ծնողներս հետ եկան տուն: Բասկետբոլ, լող, մարզասրահ… մի խոսքով, առողջ ապրելակերպ… և համակարգիչներ… սրանք էին նրա հետաքրքրությունները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Սամվել Գևորգյանի քույրը:




Շուշանը պատմում է, որ Սամվելը դեռահաս տարիքից ընտրել էր իր մասնագիտությունը՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, անվտանգություն, համակարգիչներ, տեխնիկա:

«Դեռ համալսարան չընդունված, չսովորած անգամ, սկսեց ստանալ աշխատանքի առաջարկներ: Հիշում եմ՝ ինչքան էր նեղանում հայրիկից, երբ թույլ չէր տալիս, որ աշխատեր, իսկ Սամվելը ուզում էր հայրիկին օգնել: Ինչքան ենք խոսել այդ մասին… Եթե դպրոցում համակարգիչների հետ կապված խնդիր կար, Սամվե՛լ, հասի՛ր, եթե քույրիկներիդ մոտ տեխնիկայի հետ կապված հարց կար, Սամվե՛լ, հասի՛ր: Չկար միջոցառում, որ անցներ առանց քեզ: Չկային իր համար անլուծելի խնդիրներ: Երբեք չեմ մոռանա առաջին անգամ ինքնուրույն համակարգիչը «ֆորմատ» անելուց հետո եղբորս հաղթական դեմքը»,-շարունակում է հերոսի քույրը:

Սամվել Գևորգյանը բանակ զորակոչվել է 2018 թվականի հունվարի 22-ին:

«Մինչ բանակ գնալը միշտ ասում էր՝ «ես պետք է ծառայեմ, ես պետք է գնամ Ղարաբաղ, որ ես չպաշտպանեմ մեր երկիրը, ո՞վ պետք է դա անի իմ փոխարեն»: Ասաց և այդպես էլ արեց: Լուսակերտում սովորեց իր մասնագիտությունը ու գնաց Ղարաբաղ: Դեռ բոլորովին նորեկ լինելով՝ արդեն պատվոգրեր էր ստանում, անգամ երդման օրը անուն-ազգանունը կարդացին, ու ծնողներիս շնորհակալություն ասացին: Սամվելին «չախկալ» մականուն էին տվել, և էդպես էլ մնաց հավերժ չախկալը զինվոր»:


Շուշան Գևորգյանը ասում է, որ եղբայրը ծառայության ընթացքում ամեն օր զանգել է, խոսել են… անակնկալ այցերով եղբայրը հաճախ տուն է եկել:

Ասում է՝ օր օրի բանակային կյանքի վերջին պետք է մոտենայինք ու սկսեցինք հետհաշվարկ 100 օր, ու Սամվելը կվերադառնար:

«Մի օր կարդացինք՝ Թուրքիան սկսել է զորավարժություններ Ադրբեջանում: Մի քիչ անհանգստացանք, բայց ուշադրություն չդարձրինք, ախր 21-րդ դարն է, քաղաքականության, բանակցությունների, խոսքի ու համաձայնությունների: Խաբեցինք ինքներս մեզ, համոզեցինք ինքներս մեզ մեր հորինած ստով ու ապրեցինք, իսկ աշխարհը այդպես էլ լուռ մնաց… ու շարժվեց շատ-շատ հասարակ, բայց կործանարար մի սկզբունքով՝ անձնական շահեր:

Սեպտեմբերի 27-ը սև առավոտ էր… արթնացանք, բացեցինք հեռախոսը ու կարդացինք՝ պատերազմ է:


2 օր եղբորիցս լուր չունեինք, 2 օրով մահացանք բոլորս ու վերակենդանացանք իր զանգով։

Մի օր չտրտնջաց, մի օր չբողոքեց, որ մենք մեզ վատ չզգայինք, չանհանգստանայինք, բայց…. կռվեցին անձնվիրաբար, առանց վախենալու, հետ կանգնելու: 18-20 տարեկան երիտասարդները մեկ օրում երեխայից դարձան տղամարդ: Որտեղի՞ց նրանց մեջ այդքան ուժ, քաջություն, հայրենասիրություն: Զարմանում եմ ու զարմանում: Սամվելը դեռ երեկվա երեխան՝ կանգնած կրակների առաջ, միայն ասում էր՝ ամեն ինչ լավ է, ու կռվում… ու կռվում… Մի օր ասաց՝ «Միայն այսօր 300 սնարյադ եմ կրակել», ու դա էր իր հպարտանալու առիթը, ոչ թե փախչելը, ոչ թե սեփական կյանքի մասին հոգ տանելը, այլ 300 սնարյադ կրակելը: Ինչքան եմ հպարտանում Սամվելով ու ինչքան եմ չարանում այս աշխարհի դեմ, որ հենց 18-20 տարեկան երեխաները մեզ պաշտպան մնացին փորձառու զինվորականների փոխարեն»,- ասում է Շուշանը:

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողի քույրը պատմում է. «Ամեն օր Սամվելի զանգով ապրում էինք ու սպասում հաջորդ օրվա զանգին:

Սամվելի ծննդյան օրը իր փոխարեն զանգեց իր ընկերը… անիծյալ զանգ էր դա մեզ համար, ընդամենը մեկ օր պակասեց, որպեսզի 20 տարեկանը բոլորեր:

Եղբայրս ապրեց 20 տարուց մեկ օր պակաս, բայց այնքան բան արեց, որ ուրիշները 100 տարում չեն անում, ու թողեց իրենից հետո հերոսի անուն:

Մեզ մնացին հիշողությունները, սրտում դատարկությունն ու անսահման կարոտը, մեկ էլ մեղքի զգացումը, որ ես ապրում եմ, իսկ դու՝ ոչ»:

Շուշանն ասում է, որ Սամվելը անգամ հասցրել էր սիրահարվել.

«Աննան ուրիշ է, միշտ ասում էր՝ դու չես պատկերացնում՝ ինչքան ուրիշ է Աննան։ Մենք էլ ծանոթացանք ու համոզվեցինք դրանում: Աննան իրոք ուրիշ է:

Ինչքան շնորհակալ եմ կյանքից, որ թույլ տվեց քեզ զգաս իսկական սիրո համը, ու ինչքան չարացած եմ կյանքի դեմ, որ այդ անմեղ ու մաքուր աղջկան մինչ կյանքի վերջ երջանկություն պարգևելու փոխարեն թողեցիր մի մութ դատարկություն քեզանից հետո»,- եզրափակում է Սամվել Գևորգյանի քույրը:

Сообщение «Մինչ բանակ գնալը Սամվելը միշտ ասում էր՝ «ես պետք է ծառայեմ, ես պետք է գնամ Ղարաբաղ, որ ես չպաշտպանեմ մեր երկիրը, ո՞վ պետք է դա անի իմ փոխարեն». ասաց և այդպես էլ արեց» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->