>

Սաբիհա Գյոքչենը ծնվել է 1913 թ. մարտի 22-ին Բուրսայում: Վաղ տարիքում, ինչպես բազում հայ մանուկներ, նա նույնպես որբանում է թուրքական կոտորածների հետևանքով:

1925 թ. Բուրսա ժամանած Քեմալ Աթաթուրքը, որը սիրում էր այցելել բարեգործական հաստատություններ, զրուցել խեղճերի ու դժբախտների հետ, նմանատիպ այցերից մեկի ժամանակ լսելով փոքրիկ Սաբիհայի տխուր պատմությունը` որդեգրում է նրան և տանում Անկարա։

Փոքրիկ Գյոքչեն ապրում էր շքեղ պալատում՝ Աթաթուրքի որդեգրած մյուս երեխաների հետ (8 հոգեզավակ)։ Աթաթուրքն առանձնապես չէր էլ կարևորում, թե իր հոգեզավակների երակներում ինչ արյուն էր հոսում, կարևորն այն էր, որ նրանք դաստիարակվում էին թուրքական ոգով։

loading...


Քեմալի համար թուրք էին համարվում բոլոր նրանք, ովքեր սիրում էին Թուրքիան և աշխատում-արարում էին Թուրքիայի բարօրության ու բարգավաճման համար։






1934 թ. Թուրքիայում օրենք սահմանվեց ազգանուններ ունենալու մասին, և Քեմալը իր երկնագույն աչքերով հոգեզավակին կնքում է Գյոքչեն (թուրքերեն՝ երկնային) ազգանունով, ինչն էլ գուցեև կանխորոշիչ ազդեցություն ունեցավ Սաբիհայի ճակատագրում (հետագայում հենց Քեմալ Աթաթուրքի կամքով էլ Սաբիհան ստացավ կրթություն ռազմաօդային ասպարեզում)։

Տարիներ անց Սաբիհա Գյոքչենը դարձավ լեգենդար ամբողջ Թուրքիայում։ Ստանալով ռազմական կրթություն և առանցքային դեմք լինելով Թուրքիայի ռազմաօդային ուժերում՝ նա դարձավ առաջին թուրք կին օդաչուն, ինչպես նաև առաջին ռազմական կին օդաչուն ամբողջ աշխարհում՝ ճանաչվելով 20 ամենահայտնի օդաչուներից մեկը և դառնալով այս տիտղոսին արժանացած առաջին և դեռևս միակ կին ռազմական օդաչուն։

Վարել է 22 տարբեր մոդելի ինքնաթիռներ, ավելի քան 8000 ժամ երկնքում և 32 մարտական թռիչք։

Թուրքական պաշտոնական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Սաբիհա Գյոքչեի ծնողները բոսնիացիներ են եղել։ Մինչդեռ որոշ քննախույզ լրագրողներ նշում են, որ հայտնի օդաչուն թուրքացած հայուհի է և մեկն այն հազարավոր հայ երեխաներից, որ Հայոց ցեղասպանության ժամանակ կորցնելով ծնողներին, հայտնվեցին որբանոցում։


Սաբիհա Գյոքչենի կյանքի ամենամեծ գաղտնիքն իր հայկական ծագումն է եղել, որը, որքան էլ տհաճ փաստ լիներ նրան հերոսացնող թուրք հասարակության համար, հիմնավոր և աղաղակող փաստարկներով ապացուցված ճշմարտություն է։

Ստամբուլի մեծությամբ երկրորդ օդանավակայանը կրում է Թուրքիայի՝ ծագումով հայ, լեգենդար հերոսուհի, Քեմալ Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի անունը:

2004 թ. Կ. Պոլսում լույս տեսնող «Ակոս» պարբերականում հրապարակվեց «Սաբիհա-Հաթունի գաղտնիքը» վերտառությամբ մի հոդված։ Այս հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց ամբողջ Թուրքիայում, իսկ դրա հեղինակներ Հրանտ Դինքի և Տիրան Լոքմագյոզյանի նկատմամբ թուրքական պետությունը սկսեց հալածանքներ գործադրել։



Ըստ Հռիփսիմե Սեբիլջյանի մոր՝ Տիրուհու, իրենք բնիկ այնթափցիներ են, մայրը Մարիամ Սեբիլջյանն է, հայրը՝ Ներսես Սեբիլջյանը, ով սպանվել է 1915-ին:

Ինքը՝ Տիրուհին, ունեցել է հինգ եղբայր ու մեկ քույր՝ Խաթուն Սեբիլջյանը, որը հենց նույն Սաբիհա Գյոքչենն է, որի հետ նա հայտնվել է որբանոցում, որտեղից էլ Աթաթուրքն ավելի ուշ որդեգրել է Սաբիհային:

Հրապարակումից տեղեկանում ենք նաև, որ Սաբիհայի եղբայրներից մեկը, ցեղասպանությունից փրկվելով, հաստատվում է Հալեպում, և հետագայում այդ եղբոր որդին կապ է հաստատում հայտնի օդաչուի հետ, անգամ այցելում նրան, իսկ Սաբիհան բավական լավ ընդունելության է արժանացնում եղբորորդուն։

Սաբիհա Գյոքչենի հայ լինելու մասին է փաստում նաև թուրքահայ լեզվաբան, պատմաբան Բարս Թուղլաջիի (Բարսեղ Թուղլաջյան) արած հայտարարությունը, որի մասին տեղեկանում ենք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի «Հայերի բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին» գրքից:

Բարս Թուղլաջին ժամանակին մտերիմ հարաբերություններ է ունեցել Սաբիհա Գյոքչենի հետ և մշտապես պնդել է, որ վաղ հասակում հազարավոր այլ հայ որբերի պես թուրքացած և իսլամացած Սաբիհան քաջատեղյակ է եղել իր հայկական ծագման մասին:

Սաբիհա-Հաթունը՝ նույն ինքը Սաբիհա Գյոքչենը մահացել է 2001 թ. մարտի 22-ին Անկարայում:

Աղբյուր՝ Iammedia.am


add
loading...
.

от admin