>

Տիկ-տոկից լսարանին հայտնի 26-ամյա Լիլիթ Բրոյանը ծննդով Գյումրիից է, բայց վերջին տարիներին ապրում և աշխատում է Երևանում՝ մարկետինգի ոլորտում:

Նա Տիկ-տոկի տիրույթում առանձնացավ մասնագիտական հետաքրքիր բացահայտումներով տեսանյութերով, իսկ պատերազմի օրերին նրա անգլերեն տեսանյութով կիսվեց աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ առավել մեծ հետաքրքրություն ստեղծելով աղջկա շուրջ:

Tert.am Life-ի հետ զրույցում Լիլիթը պատմել է Տիկ-Տոկում հայտնի դառնալու, Քիմ Քարդաշյանի էջում հայտնվելու և իր նախասիրությունների մասին: Լիլիթը Տիկ-Տոկի իր էջը բացել է մոտ երկու տարի առաջ, բայց ակտիվացրել է կարանտինային շրջանում ու հիմա ունի ավելի քան 31.000 հետևորդ:




Քոչարյանի զոհերը

«Քանի որ մարկետինգի ոլորտում աշխատում եմ արդեն 5 տարի, Տիկ-տոկ հավելվածը հետաքրքիր էր ինձ, նոր գործիք էր, որն ուզում էի փորձել՝ որպես մասնագետ: Սկզբնական շրջանում փորձարկում էի տարբեր ձևաչափի տեսանյութեր՝ հումորային, թրենդային, ուսուցողական, որպեսզի հասկանամ հավելվածի բանաձևը:






Մի օր որոշեցի մարկետինգի մասին հետաքրքիր ինֆորմացիա տարածել, ինչից հետո արձագանքները շատ եղան: Ճիշտ է, սկզբում հավելվածը որպես գործիք էի ընկալում, բայց հիմա հոբբի է դարձել,-ասաց նա ու հավելեց, որ բացասական մեկնաբանություններից խուսափել չի հաջողվում,- փորձում եմ չանդրադառնալ դրանց:

Մեկ-երկու անգամ եմ անդրադարձել, երբ գրել էին, որ ես ոչնչի չեմ հասել ու իրավունք չունեմ նման ինֆորմացիայով կիսվել: Ուղղակի ներկայացրի իմ փորձը, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն»:

Պատերազմական շրջանում Լիլիթը որոշել է արշավ սկսել Տիկ-տոկում ու անգլերենով ճշգրիտ ինֆորմացիա տարածել Հայաստանում և Արցախում տեղի ունեցող դեպքերի մասին:

«Հարևան երկրներից, իհարկե, բացասական բնույթի մեկնաբանություններ եղան: Տեսանյութերից մեկը տեղադրեցի նաև Ինստագրամի իմ էջում: Այն վերահրապարակեց Քիմ Քարդաշյանը: Ես նրան չէի նշել, տեսանյութը չէի ուղարկել, գուցե ինձ հետևող մարդիկ էին ուղարկել, և նա նկատել էր:


Բնականաբար հաճելի է, երբ քո տեսանյութն անվճար հայտնվում է մի մարդու էջում, ով մեծ գումարներ է վերցնում մեկ հրապարակման համար: Ես Քիմի հանդեպ միշտ էլ հարգանք եմ տածել՝ որպես մարդու, ով իր հաջողությունն օգտագործում է իր երկրի մասին պատմելու համար»,- նշեց նա:

Լիլիթի խոսքով՝ դրանից հետո շատ նոր հետևորդներ է ունեցել:



«Ցավոք, ադրբեջանցիների կողմից նաև հարձակման ենթարկվեցի, կոտրեցին Ինստագրամի իմ էջը: Անընդհատ հարձակումներ էին կազմակերպում իրենց խմբերով, որոնք շարունակվեցին ամբողջ պատերազմի ընթացքում: Ինստագրամիս էջը կարողացա վերականգնել, բայց ամեն հրապարակման տակ մոտ 100 բացասական մեկնաբանություն էին թողնում, չէի հասցնում ջնջել»,-պատմեց նա:

Լիլիթը Տիկ-տոկի միջոցով գումար է վաստակում, բայց ասում է՝ շատ բծախնդիր է գովազդի հարցում:

«Այն, ինչ գովազդում եմ, պետք է կապ ունենա իմ կոնտենտի հետ, ուղղակի գովազդ չլինի: Ամենամեծ գումարը, որը վաստակել եմ Տիկ-Տոկի միջոցով, եղել է 30.000 դրամը: Ինձ համար դա նորմալ գին է, բայց շուկայական գինը տատանվում է 150.000 դրամի սահմաններում՝ կախված օգտատիրոջ հետևորդերի թվից,- ասաց նա և հավելեց, որ Տիկ-Տոկի միջոցով գործնական առաջարկներ է ստացել,- Աշխատանքի առաջարկ եմ ստացել մի տեղից, որտեղ միշտ ցանկացել եմ աշխատել, բայց չեմ ընդունել առաջարկը, քանի որ այդ շրջանում աշխատում էի մեկ այլ տեղում ու չէի կարող աշխատանքից դուրս գալ»:

Խոսելով նախասիրությունների մասին՝ Լիլիթը պատմեց, որ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ֆակուլտետում, մարկետինգի մասին դասերի է մասնակցել. «Սիրում եմ գրքեր կարդալ բիզնեսի, մարկետինգի ու հոգեբանության մասին»:

Ինչ վերաբերում է իր ընտանիքին՝ տիկտոկերը պատմեց, որ ունի իրենց փոքր երկու եղբայր:

«Մեկն արտերկրում է սովորում՝ ռազմական ակադեմիայում, մյուսն այստեղ՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, մայրս տնային տնտեսուհի է: Իմ ընտանիքում բացի ինձնից ոչ ոք Տիկ-Տոկի հետ կապ չունի, բայց ինձ աջակցում են, ոգևորում»,- եզրափակեց նա:

Աղբյուր՝ Life.tert.am


от admin

-->