>

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։

– Պարոն Կարախանյան, Հայաստանում ակտիվ քաղաքական զարգացումներ են տեղի ունենում։ Իշխանությունների դեմ պայքարող ուժերն օգտագործում են ամենատարբեր գործիքակազմ։ Այդ թվում նշվում է, որ իշխանափոխությունից հետո միայն Ռուսաստանից Հայաստան ներդրումներ կգան։ Ի՞նչ մոտեցում կա առհասարակ Ռուսաստանում Հայաստանի ներքաղաքական պրոցեսների շուրջ։

– Այդ խոսակցությունները պետք է դիտարկել զուտ նեղ կուսակցական, քարոզչական տեսակետից։ Դրանք իհարկե շատ հեռու են իրականությունից։ Պարզ է, բոլորը տեսել են անցած տարիների ներդրումները։ Եթե սկզբունքային ներդրումներ անողներ լինեին, իրենց գործընկերների հետ համագործակցության մեծ դաշտ կար։ Նախկինում եղել են, այո, ներդրումներ, բայց սեփական բիզնեսի զարգացման համար։ Այն գործունեությունը, որ չէին կարող ծավալել Ռուսաստանում, անում էին Հայաստանում։ Բայց դրանք համարել սկզբունքային մեծ ներդրումներ՝ անիմաստ է։ Պատերազմը պարզ ցույց տվեց նախկին ներդրումները, ամենակարևոր ոլորտներում այդպիսի բան չի եղել։





Նրանց ասածի ենթատեքստը հետևյալն է՝ եթե մենք գանք իշխանության, հսկայական ներդրումներ կբերենք։ Բայց դա ծիծաղելի է։ Գալիս են Մոսկվա, իշխանական տարբեր մակարդակների կաբինետներում, իրենց սիրած խոսքով ասած, «դաբրոներ» են ստանում, բայց դրանք ոչ մի սկզբունքային նշանակություն չունեն։ Այսինքն՝ չենք կարող ասել, որ դա Ռուսաստանի իշխանությունների մոտեցումն է։ Կա մի ատյան, որ կարող է խոսել Ռուսաստանի անունից, ու այդ ատյանը նրանց որևէ բան չի ասում։ Իշխանությունները ասել են, որ կգնան արտահերթ ընտրությունների, ու հիմա բոլորը խառնվել են իրար։ Ասում են՝ Մոսկվա ջան, ուզում եք ամբողջ Հայաստանը կդնենք ձեր ոտքերի տակ, միայն թե մեզ աջակցեք։ Թող այդ մարդիկ հրապարակեն իրենց իրական հայտարարությունների ձայնագրությունները ու խայտառակ լինեն։ Ամոթի զգացում ունե՞ն, կա՞ լկտիության ու ցինիզմի աստիճան։ Իշխանության պայքարի համար մարդիկ հետևյալ սկզբունքով են առաջնորդվում՝ բոլոր միջոցներն արդարացված են։ Ռուսների ասած՝ սկսել են մարտեր առանց կանոնների։ Բայց Ռուսաստանին ընդհանրապես խառնել պետք չէ, դա լուրջ չէ։





Այսօրվա դրությամբ Հայաստանն ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Բայց եթե իշխանություններն ուզում են գնալ մանդատի վերահաստատման ՝թող գնան, ոչ ոք չի խոչընդոտում։ Եթե ինչ-որ հարցերում Ռուսաստանի հետ կան տարաձայնություններ, չի նշանակում՝ Ռուսաստանը մեկ այլ թեկնածուի է տեսնում։ Հայաստանում իշխանություններն էլ մեծ սխալներ են արել ու շարունակում են անել։ Ամենասկզբունքային սխալը կադրային սխալ քաղաքականությունն է, դատարկախոսությունը։ Այդ ամեն ինչը պետք է մնա անցյալում, ու իշխանությունները պետք է հստակ հասկանան, որ պետք են լայն կոալիցիաներ։ Հայաստանին պետք է նորմալ ընդդիմություն՝ նորմալ, հստակ ծրագրերով։ Հայաստանը պետք է այս ծանր վիճակից դուրս բերվի լայն կոալիցիայի միջոցով։ Կադրային նորմալ փոփոխությունները, օդում կախված մնացած վեթինգը «Հայաստանի տունը քանդեցին»։ Հենց այս կարծիքին են Մոսկվայում։ Հենց այս սխալներն են գրգռում այդ մարգինալ ուժերին, որոնք այսօր նման հայտարարություններ են անում։ Բայց դա բավարար չէ իշխանության գալու, ժողովրդի հետ լուրջ խոսելու համար։

Կրկնում եմ՝ Հայաստանի համար կան կարևոր շատ այլ հարցեր։ Առաջին հերթին՝ Զինված ուժերի ամրացումը։ Սրա համար բոլոր մեթոդները արդարացված են։ Հայաստանը պետք է ուժեղացնի իր տեխնիկական հագեցվածությունը։ Շատ խոսեցինք բարձր տեխնոլոգիաների մասին, իսկ փոխարենը քիչ գործեցինք։ Հիմա պետք չէ ոգևորվել, այդ պահն անցել է, պետք է սառել ու չշտապել քայլեր անել։ Այս տեմպի մեջ սխալներն արդեն երևում են, հետո շատ դժվար է լինելու այդ ամենը շտկել։ Հայաստանին հիմա դադար է պետք։ Ե՛վ Հայաստանում, և՛ Արցախում լուրջ փոփոխություններ են պետք։ Ամեն ասածի, ամեն բառի հետևից չպետք է վազենք, թեկուզ դա ասում է Ռուսաստանի շատ բարձր ներկայացուցիչ։ Պետք է դուրս գանք այն կարծրատիպերից, թե՝ Ռուսաստանն ասում է, բա ոնց չանենք։ Այսօրվա դրությամբ կա մի հստակ խնդիր՝ պահպանել Հայաստանի պետական անվտանգությունը։ Եթե ինչ-որ կաբինետներում ինչ-որ բան են ասում, դա չի նշանակում, որ վերջնական որոշում է կայացվել, ու դուք չպետք է այդ ուղղությամբ աշխատեք։ Դիվանագետները ինքնուրույն ոչինչ չեն կարողանա անել, եթե չմշակվեն այդ ուղղությունները ու չտրվեն հանձնարարականներ։ Մենք ունենք մի գերխնդիր՝ հայկական պետականության անկախության ամրապնդումը, ՀՀ ԶՈՒ-ն պետք է ամրացնենք ու ոչ մի քայլ հետ չգնանք։ Այդ կանգնած տեղերում մնանք ու զարգանանք՝ հատկապես Արցախի հետ կապված։

Այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ինչ-որ հավասարակշռություն է ստեղծված՝ Հայաստան-Արցախ-Ադրբեջան։ Այդ հավասարակշռության մեջ կան ՀՀ զինված ուժերը, այն ուժերը, որ կան Արցախում։ Եթե հանկած մենք ընկնենք հոգեկան տվայտանքների մեջ, այդ ընդհանուր հավասարակշռությունը մեր դեմ կխախտենք։ Մենք այդպիսով, կոպիտ ասած, Ռուսաստանին ենք «դեմ տալիս»։ Իրենք ստիպված պետք է իրենց ներկայությունը մեծացնեն, բայց այդպես էլ խախտվում են ընդհանուր պայմանավորվածությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Այսօրվա դրությամբ հստակ է, որ Թուրքիայի հետևում խաղի մեջ է մտնում ՆԱՏՕ-ն։ Այս իրավիճակում չպետք է անմիտ քայլեր անենք, դիրքեր զիջենք։ Նկատի ունեմ՝ մեր տեխնիկան։ Պետք է կանգնած մնանք մեր տեղում։


Ինչ վերաբերում է գերիների հարցին։ Այստեղ Հայաստանը որոշ ժեստեր է անում, կարող է դա հասկացվի միջազգային հանրության կողմից, բայց այս իրավիճակում դա ճիշտ չէ։ Հարցն անպայման լուծվելու է, բայց այսօրվա դրությամբ բնական է, որ Ադրբեջանը սառեցրել է այդ հարցը ու տարել փակուղի։ Խաղում են թվերի վրա, ասում են՝ իբրև չեն ուզում գան, մի մասն էլ իբր Թուրքիայում ծառայությունների հետ աշխատանք է տանում։ Իհարկե, դա էլ կա, բայց սա ավելի շատ ադրբեջանական քարոզչական հնարքների դաշտից է՝ մեկը տասը սարքելու։ Նույնը անում է նաև Հայաստանի ընդդիմությունը՝ գնանք Մոսկվայում կռանանք, որ մեզ ընդունեն։

– Արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին հայտնել է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպե՞ս դա կընկալվի Մոսկվայում՝ հաշվի առնելով իր և ՌԴ նախագահի լավ հարաբերությունները։

– Թող մասնակցի, ավելի լավ։ Բայց այդ մարդիկ լավ չեն պատկերացնում, թե դա ոնց է տեղի ունենալու։ Կմասնակցեն, կհավաքեն լավագույն դեպքում մի քանի տոկոս, ու դրանով կվերջանա։ Մոսկվայում օբյեկտիվ են գնահատում իրավիճակը։ Իսկ այդ մարդիկ քաղաքական աշխատանք են տանում, բնական է, որ պետք է քարոզչություն տանեն ու հենց դրանով էլ զբաղված են։



Ես պնդում եմ, որ Հայաստանում այսօր կան ավելի մեծ խնդիրներ։ Հայաստանը պետք է իր դեմքն ու անկախ պետականությունը պահի։ Ռուսական տարբեր ատյաններում հեռահար խնդիրներ կան դրված։ Ռուսաստանում էլ գնում են դեպի ընտրություններ։ Այս տարվա ընտրություններից հետո կլինեն նախագահական ընտրություններ։ Իշխանության տրանզիտի ծրագիրը սկսվում է։ Բնական է, որ իշխանական բուրգի տարբեր խմբավորումներ իրենց խնդիրներն են առաջ քաշում։ Բոլորն էլ ցանկանում են ուժեղ դիրքեր գրավել, լավագույն դեպքում իրենց թեկնածուին բերել իշխանության։ Իհարկե, կլինեն կառուցվածքային փոփոխություններ, բայց ամեն դեպքում այս պայքարն ընթանում է։ Բնական է նաև, որ սկզբունքային որոշումներն ընդունելու է Ռուսաստանի նախագահը։ Իսկ կաբինետներում տարբեր մարդիկ իրենց ժեստերն են անում, ասելով՝ այսինչ մարդուն բերենք այսինչի տեղը, մեզ համար ավելի լավ կլինի։ Պարզ թվաբանությունը վերածվում է նրան, թե Ռուսաստանը ուզում է այսինչ թեկնածոին։ Մինչդեռ Ռուսաստանն ուզում է, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը չխախտվի, հայկական բանակն էլ ամրապնդվի, ոչ թե փլուզվի։ Հանցագործություն կլինի ինչ-որ ուժերի ինչ-որ տեղից դուրս բերելը։

– Նկատի ունեք Պաշտպանության բանակը կազմաքանդելու մասին խոսակցություննե՞րը։

– Դա նկատի ունեմ։ Կարելի է անվանել՝ ինչպես ուզում են։ Բայց հավասարակշռությունը չպետք է խախտվի։ Ոչ մի բան չի վերջացել, ամեն ինչ շարունակվելու է։ Լարումները շարունակվում են, հաջորդը՝ դեպի Իրան։ Արդեն ԱՄՆ-ի կողմից նոր պայմաններ են դրվում, նոր սահմանափակումներ։ Այս իրավիճակում մի պահ է գալու, որ Իրանն էլ պետք է կամ սկզբունքային քաղաքականությունը փոխի, կամ էլ կատարի բոլոր պայմանները։ Եթե ինչ-որ բան են ասում այսօր Հայաստանին՝ պետք չէ միանգամից կատարել, պետք է խոսել, բացատրել։ Հայաստանի սխալներից մեկն էլ այն է, որ այսօր ամեն ինչ կատարվում է մի մարդու կողմից։ Թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ դիվանագիտական հարցերը կարգավորվում են այդ մեկ մարդու կողմից։ Բայց այդպես չի կարելի։ Այդպիսի բան եղել է նաև նախկինում ու խայտառակ ձևով տապալվել է։ Հայաստանում այս իրավիճակում դա ընդհանրապես չի աշխատում։ Մյուս շատ ավելի կարևոր հարցը կարգավիճակի հարցն է։ Դրա մասին մոռանալ պետք չէ։

– Մեդվեդևը նշում է, որ կարգավիճակի հարցն այժմ չպետք է քննարկել։

– Ասում են՝ Մեդվեդևն ասում է։ Կոնտեքստից վերցնում կտրում ու այդպես են ասում։ Խնդիրն այն է, որ պատերազմական իրավիճակը չի վերջացել, ու Մեդվեդևը դա է ասում։ Գործնական քայլեր Մինսկի խմբի անդամ մյուս երկու պետությունների կողմից չկան։ Բայց նկատենք, որ իրենց ՆԱՏՕ-ի անդամ երկիրն էր վառում ու մարդ սպանում։ Բոլորը շատ լավ հասկանում են՝ ով էր այն կողմում խաղում։ Հայաստանը պետք է իր աշխատանքը շարունակի։ Մեդվեդևը չի ասում՝ կարգավիճակի հարցը հանվել է։ Հարցը միայն պատերազմական իրավիճակում քննարկելու նպատակահարմարությունն է։ Մինսկի խմբի մյուս երկու անդամներն էլ ֆորմալ ինքնամեկուսացման մեջ են։ Բայց այդ բոլոր հարցերը պետք է քննարկել ու հստակեցնել։ Բնական է՝ Ադրբեջանն ու Թուրքիան այդ հարցը կփորձեն արգելափակել իրենց լոբբինգով, բայց Հայաստանի ձայնը պետք է լսվի։ Ոչ ոք չի ասում՝ ափալ-թափալ քննարկենք ու լուծենք կարգավիճակի հարցը, դա հնարավոր չէ։ Հարցը պետք է պահել մեր օրակարգում, երբ խոսում ենք արտաքին աշխարհի հետ։ Հանցագործություն կլինի այդ հարցն օրակարգից դուրս թողնելը։ Դա ոչ ոքի չի ներվի՝ ո՛չ Արցախի, ոչ էլ Հայաստանի այսօրվա իշխանություններին։ Երբ դու քո դեմքն ու դիրքը պահում ես, քեզ հետ ավելի շատ են աշխատում, քեզ ավելի շատ են հարգում։ Իսկ եթե դու հոգեբանական տվայտանքների մեջ ես լինում, աջ ու ձախ ասած ամեն ինչին ուշադրություն ես դարձնում՝ վատ ավարտ է լինում։

Сообщение Ամոթի զգացում ունե՞ն. գալիս են Մոսկվա ու ասում՝ ուզում եք ամբողջ Հայաստանը դնենք ձեր ոտքերի տակ, միայն մենք գանք появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->