>

Մարգարիտա Սիմոնյանը կրեմլամետ լրագրող ու քաղաքական գործիչ է, ով առաջ է տանում Կրեմլի քաղաքականությունը, սակայն ես չեմ կարծում, թե նրա ելույթներն ու հայտարարությունները կարող են հակահայկական երանգ ստանալ:




Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը՝ անդրադառնալով Russia Today-ի ղեկավար Մարգարիտ Սիմոնյանի թվիթերյան գրառմանը, որտեղ նա կոչ էր անում ոստիկաններին կանգ չառնել ու ջարդել ցուցարարներին:






«Ռուսաստանում ապրում են տարբեր ազգության ներկայացուցիչներ և յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտելու սեփական կարծիքը: Ռուսաստանի հայերի մեծ մասը Պուտինի կողմնակից է և կա մի մաս, որն ընդդիմադիր հայացքներ ունի: Դա նորմալ է: Ավելին ասեմ, ես գիտեմ, որ արդեն ինտերնետում սկսել են ստորագրություն հավաքել, որ որոշ լրագրողներ, այդ թվում՝ Մարգարիտա Սիմոնյանը, նրա ամուսին Տիգրան Քեոսայանը, հրաժարական տան»,-ասաց նա:

Արամ Խաչատրյանը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ, երբ Մոսկվայի կենտրոնում «Արմենիա» խանութի մոտ բողոքի ցույցեր էին եղել, խանութի սեփականատերը դատի էր տվել ցույցի կազմակերպիչներին, և դատարանը հարկադրել էր խանութի սեփականատիրոջը վճարել 300 թե 400 հազար ռուբլի. «Ես գիտեմ, որ այդ դեպքը սև տառերով է գրվել բողոքի շարժումների պատմության մեջ, և գրեթե ամեն շաբաթ դրա մասին գրվում էր՝ հիշատակելով Հայաստանի անունը: Մեծ հաշվով Մարգարիտա Սիմոնյանը ռուս մտավորականության ներկայացուցիչ է, և շատերի համար նա քիչ բանով է ասոցացվում հայ ժողովրդի ու հայկական համայնքի հետ: Նա պետական չինովնիկ է: Ես չեմ կարծում, որ կլինեն հակահայկական ելույթներ նրա հայտարարությունների կապակցությամբ»,-ընդգծեց նա:


Արամ Խաչատրյանն անդրադարձավ նաև Հայաստանից Ռուսաստան սկսված հոսքին՝ նշելով. «Օդային ճանապարհները ժամանակավոր են բացվել, որոշ ժամանակ հետո նորից փակվելու են: Գիտեմ, որ այս ընթացքում շատ-շատերն են Հայաստանից գալիս Ռուսաստան: Տոմսերը մինչև 700-800 դոլարի է հասել: Հատկապես պատերազմից հետո շատերն ուզում են դուրս գալ Հայաստանից, քանի որ կարծում են, որ աշխատանք չկա: Պատերազմը մեծ հարված հասցրեց Հայաստանի տնտեսությանը: Շատ տնտեսագետներ կանխատեսում են, որ ՀՀ-ում տնտեսական անկումը դեռ շարունակվելու է, պետական պարտքը հասնելու է 9 մլրդ դոլարի: Հայաստանի կառավարությունն ապրում է ինչ-որ երազանքներով, մինչդեռ պետք է իրականությանը նայել»:



Արամ Խաչատրյանի խոսքով՝ Ռուսաստանը մնում է այն հիմնական երկրներից մեկը, որտեղ ՀՀ քաղաքացիները կարող են աշխատանք գտնել, գումար վաստակել և պահել իրենց ընտանիքները. «Իսկ Ռուսաստանից հիմնականում Հայաստան մեկնում են մարդիկ, որոնք ցանկանում են այցելել իրենց հարազատներին: Ես ինքս էլ վաղուց չեմ եղել հայրենիքում և ուզում եմ մի քանի օրով գնալ: Կարող եմ ասել, որ դիսբալանսը հսկայական կլինի Հայաստանից մեկնողների և Հայաստան գնացողների միջև:

Մյուս կողմից՝ Հայաստանից Ռուսաստան մարդկանց հոսքը սկսել է օգտագործել ադրբեջանական քարոզչամեքենան: Շատ կայքեր ուրախությամբ նշում են, որ հայերը հեռանում են, շուտով Հայաստանն անապատ է դառնալու, որ մենք կվերցնենք Հայաստանը: Սա շատ վիրավորական է: Ես նաև ունեմ տեղեկություններ, որ կան հայեր, որոնք վաճառել են իրենց կովերը, որ օդանավի տոմս գնեն»,-ասաց նա:

Արամ Խաչատրյանը նկատեց նաև, որ ադրբեջանական կողմը շատ ակտիվ է գործում ռուսսական մեդիա դաշտում, իսկ հայկական կողմը գրեթե ոչինչ չի անում. «Այստեղ շատ հաճախ հայտնվում են ադրբեջանամետ նյութեր, որոնք թյուրիմացության մեջ են գցում ռուս ընթերցողներին:

Փաստացի, միակողմանի ձևով ադրբեջանական քարոզչությունը աշխատանքներ է տանում: Ամենավիրավորականն այն է, որ հայկական կողմից չկան դրան հակազդող քայլեր: Տպավորություն է, որ Հայաստանի կառույցները քնած են, դա իրենց չի վերաբերում: Սա մեզ շատ մտահոգում է»:

Сообщение Մարգարիտա Սիմոնյանը պետական չինովնիկ է․ նա քիչ բանով է ասոցացվում հայ ժողովրդի հետ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->