>

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Իմ քայլը» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը ընդգծում է, որ դաշինքի ներկայացուցիչները օրենք չեն խախտել տեղամասեր սնունդ տանելով:

Քիչ առաջ «Անկախ դիտորդ» ՀԿ-ն հայտարարել էր, որ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցա, ջուր եւ հյութ են տարել ընտրատեղամասեր: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հովակիմյանը նշեց, որ նորմալ է, որ իրենց գործընկերներին ապահովում են սնունդով:




Քոչարյանի զոհերը

«Վստահված անձիք եւ հանձաժողովի անդամները գրեթե 24-ժամյա ռեժիմով աշխատում են: Հասկանալի է, որ իրենց սնունդ պետք է հասցվի: Տվյալ դեպքում փոխարինող վստահված անձը տեղամաս է տանում սնունդ՝ պիցցա, ջուր, հյութ, որ ոչ սովամահ լինեն, ոչ էլ ջրազրկվեն: Բոլոր ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը իրենց վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին սնունդով ապահովել են: Ինչի՞ համար, որպեսզի մարդիկ կարողանան տեղամասից դուրս չգալ, մնալ տեղամասում, իրենց պարտքը կատարել եւ նաեւ կարողանան սնվել: Տվյալ դեպքում մեր դաշինքը իր վստահված անձանց ուղարկում է պիցցաներ»,- ասաց նա:





Հնարավոր է, որ սննդից օգտվեն նաեւ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչները: Դա, ըստ Հովակիմյանի, նորմալ է: Նա նաեւ նշեց, որ ուրախ է, որ այս անգամ ավելի շատ խոսալու առիթ է տալիս այն, թե ով ինչ է ուտում, քան ընտրախախտումները:

«Կարող են չէ՞ մյուսներն էլ հյուրասիրվել, ուտել: Ընտարտեղամասում սնվելը ընդամենը սնվել է: Շատ լավ է, որ այս անգամ ընտրությունների ընթացքում միակ բանը, որ նկատում են, սնունդի հետ կապված խնդիրներն են: Ահագին ոգեւորող հանգամանք է, որ չեն խոսում համատարած ընտրակաշառքներից, չեն խոսում համատարած մարդկանց տրանսպորտով տեղամասեր բերելուց, չեն խոսում տեղամասերում որոշ քաղաքական ուժերի լկտի պահվածքից, չեն խոսում տեղամասերում ուղղորդումից, ինչը նախորդ ընտրություններում տեղի էր ունենում, բաց քվեարկությունից չեն խոսում: Տվյալ դեպքում ինչ լավ է, որ միակ խնդիրը սնունդն է՝ ինչ բերեցին, ինչ տարան, ով ինչ խմեց, ով ինչ բերեց»,- ասաց նա:


Վահագն Հովակիմյանը ընդգծեց, որ հյուրասիրելը օրենքի խախտում չէ: Պարզաբանեց, որ ընտրական օրենսգիրքը ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների կամ վստահված անձնանց սնվելու վերաբերյալ ոչինչ չի նախատեսում:



«Տեղամասում հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց սնվելու մասին ընտրական օրենսգիրքը կարգավորումներ չունի, որովհետեւ դա կլիներ աբսուրդի աստիճանի, դա օրենսդիրն էլ է ժամանակին հասկացել: Խախտման մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, որովհետեւ հանձնաժողովի անդամները եւ վստահված անձիք ընդմիջում անելու, սվելու իրավունք ունեն: Ընտրությունները չեն արգելում սնվել, այն, որ ընտրություններ են, մարդու սնվելու իրավունքը չի վերացնում: Խոսքը չի գնում այն մասին, որ ընտրողներին են կերակրում, այլ մարդիկ, որոնք տեղամասերում…. իրենց աշխատանքն է դա՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց աշխատանքի վայրն է: Ինչպես ցանկացած աշխատող իրավունք ունի ընդմիջման, սնվելու, այնպես էլ հանձնաժողովի անդամները եւ վստահված անձիք իրավունք ունեն ընդմիջման, սնվելու»,- ասաց նա:

Երեւանի ավագանու ընտրություներին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 8 կուսակցություն, 4 դաշինք:

Աղբյուր՝ ArmTimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->