>

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, որի ընթացքում բավականին ուշագրավ մեսիջներ են հնչեցվել:




Քոչարյանի զոհերը

Միանշանակ է, որ երրորդ նախագահի հարցազրույցի գլխավոր հասցեատերը և թիրախը բնավ էլ մերժվածի կարգավիճակում հայտնված Նիկոլ Փաշինյանը չէր: Սերժ Սարգսյանի շեշտադրումներից կարելի է եզրակացնել, որ տվյալ հարցազրույցով թիրախավորվում էր մեկ մարդ և այդ մարդը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է:




Դիցուք՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ անարդար է իրեն մեղադրել իշխանությունը կապիտուլյանտին հանձնելու մեջ, քանի որ ինքը հեռանալուց իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին և ոչ թե Փաշինյանի թիմին: Ի՞նչ է ստացվում. Սարգսյանը ակնարկում է, որ պետք է Կարապետյանին ուղղել այն հարցը, թե ինչպես ստացվեց, որ իշխանությունը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին, և ինչո՞ւ Կարապետյանը չի պահել այդ իշխանությունը՝ չի՞ ցանկացել, թե՞ թույլ չեն տվել:


2020 թվականի մայիսին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո Կարեն Կարապետյանը լրագրողներին հայտարարեց, որ հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի հետ եղել են պայմանավորվածություններ, սակայն դրանք իրենց ներքին պայմանավորվածությունն է: Առանց փակագծերը բացելու` Կարապետյանը նշեց միայն, որ այդ պայմանավորվածությունները Փաշինյանը մինչ օրս պահում է: Սերժ Սարգսյանի հարցազրույցի ֆոնին այս պայմանավորվածությունները և հանգամանքը, որ Կարապետյանը չի ցանկանում բացել փակագծերը, իսկ բոլոր նախկին վարչապետերին թիրախավորող Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո անչափ լոյալ էր Կարեն Կարապետյանի հանդեպ՝ բավականին ուշագրավ երանգ են ստանում:


Ո՞րն է այս պարագայում Սերժ Սարգսյանի «վախը»: Վերջինս կարող է ունենալ մտահոգություններ, որ հայաստանյան ընդդիմադիր դաշտի խմորումների ֆոնին Կարեն Կարապետյանը կարող է քաղաքական ամբիցիաներ դրսևորել և վերդառնալ կամ որոշակի շրջանակներ, հատկապես ռուսական լիբերալ կամ այսպես կոչված` Գազպրոմյան շրջանակները, որոնք բավական ազդեցիկ են ռուսական քաղաքական իսթեբլիշմենթում, կարող են վերադարձնել Կարապետյանին հայաստանյան քաղաքական դաշտ: Քանի որ 17+ ի մաս կազմող քաղաքական ուժերից յուրաքանչյուրը իր քաղաքական շահն է հետպանդում և չի ստացվում միասնական օրակարգ մշակել՝ վերը նշված սցենարը չի կարելի բացառել:

Սարգսյանին չեն կարող չմտահոգել նաև Կարապետյան-Քոչարյան հանդիպման մասին վերջերս տարածված լուրերը: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդության տակ ստորագրած երաշխավորներից մեկն էր, օրերս էլ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Կարապետյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող էր գլխավորել Քոչարյանի նախընտրական ցուցակը: Ի դեպ, այս տեղեկությունները չեն հերքել ոչ Քոչարյանի, ոչ էլ Կարապետյանի գրասենյակից:

Եթե Ռուսաստանը փորձի այս շախմատային պարտիայում քայլ անել հենց Քոչարյան-Կարապետյան զույգի միջոցով, ապա Սերժ Սարգսյանը կարող է հայտնվել ոչ թե ցուգցվանգի առջև՝ ինչպես 2018-ին էր, այլ քաղաքական շախ ու մատի: Տարբեր հաթակներում պարբերաբար արվող հանրային հարցումները ցույց են տալիս, որ Կարապետյանի վարկանիշը հեռանալուց հետո էլ բավական բարձր է, ինչը նշանակում է, որ վերադառնալու դեպքում նախկին վարչապետի շանսերը թերագնահատելը քաղաքական անհեռատեսություն կլինի: Վերջին օրերին զգալիորեն ակտիվացել է նաև Կարեն Կարապետյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջը, որում տարատեսակ ակնարկներ են արվում հնարավոր վերադարձի կապակցությամբ: Այս հանգամանքը քաջ գիտակցելով և հաշվի առնելով, որ մոտ է ընդդիմության՝ փետրվարի 20-ի վճռորոշ հանրահավաքը, որում կարող են որոշվել նաև պայքարի ապագա ֆորմատը և օրակարգը և ինչու ոչ՝ նաև նոր լիդերները,  Սարգսյանը փորձում է ի սկզբանե ձախողել այն կոնֆիգուրացիաների ձևավորումը, որոնց արդյունքում նա կարող է հայտնվել կամ բավական թույլ դիրքերում կամ ընդհանրապես խաղից դուրս: Երրորդ նախագահի հարցազրույցի գլխավոր մեսիջը՝ Կարեն Կարապետյանին հայտարարված «պատերազմը» պետք է դիտարկել հենց այդ գործընթացների պրիզմայի ներքո…

Сообщение Սերժ Սարգսյանը «պատերա՞զմ» է հայտարարում Կարեն Կարապետյանին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->