>

Երևանում ընտրելու իրավունք ունեցող 848343 քաղաքացուց ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370 323)։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին կայացած Երևանի ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 40․99 տոկոսը (345226)։


Ընտրություններին մասնակցության վրա ազդող գործոններին այսօր արդեն անդրադարձել ենք ու թերևս կրկնվելու անհրաժեշտություն չկա։ Միայն հավելենք, որ մասնակցության մակարդակը բնական է, օրինաչափ, որը մի կողմից՝ չի տեղավորվում էյֆորիկ կանխատեսումների համատեքստում, մյուս կողմից՝ հիմնազուրկ են բոլոր այն պնդումները, որոնք փորձում են կասկածի տակ դնել ընտրությունների քաղաքական լեգիտիմությունը։








Քոչարյանի զոհերը

Մասնակցության թվից շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ քվեարկության ողջ օրվա ընթացքում չեն արձանագրվել մասշտաբային կամ, այսպես կոչված՝ ինստիտուցիոնալ խախտումներ, որոնք կարող են կասկածի տակ դնել ընտրությունների օրինականությունը։ Սա ամենակարևոր հանգամանքն է ու այս հարթության վրա կարող ենք պնդել, որ ընտրությունները նպաստել են հեղափոխության ձեռքբերումների կապիտալիզացիային։ Մյուս կողմից՝ դժվար է միանշանակ պնդել, թե արդյո՞ք վերջնականապես ներդրվեց օրինական ընտրությունների անցկացման մոդելը, թե՞ հին, արատավոր համակարգին վերադառնալու վտանգները պահպանվում են։

Հետհեղափոխական առաջին ընտրությունների ժամանակ իշխանությունները, որպես կանոն, ունենում են բարձր վարկանիշ ու վարչական ռեսուրսը կիրառելու անհրաժեշտություն չեն ունենում։ Այդպես է եղել նաև Երրորդ հանրապետության առաջին ընտրությունների պարագայում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը համոզիչ հաղթանակ տարավ նախագահական միանգամայն օրինական ընտրություններում՝ ստանալով 80%-իվ ավելի քվե։ Սակայն ընդամենը մի քանի տարի հետո իշխանության վարկանշային կորուստը բերեց նրան, որ օրինական ընտրությունների մոդելը սկսեց չաշխատել։ Երևանի ավագանու այսօրվա ընտրություններն արմատական առաջընթաց էին ու վստահաբար դրանց արդյունքների շուրջ ձևավորվելու է քաղաքական և հասարակական կոնսենսուս, սակայն Հայաստանում դեմոկրատիայի անշրջելիության մասին կարող ենք խոսել մի քանի ընտրություններից հետո, առնվազն դրա մասին դատողություններ կարող ենք անել, եթե նույն որակով անցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրությունները։


Եթե Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական հակադրության մակարդակն իջնի, ապա կարող ենք արձանագրել, որ սրացումներն ու թեժացումները նախընտրական տրամադրությունների ու պայքարի հետևանք էին, որպիսիք պատահում են նաև կայացած արևմտյան դեմոկրատիաներում։



Մյուս կողմից՝ այս ընտրական գործընթացի ընթացքում եղան միջադեպեր, որոնք պետք է համապարփակ քննության ենթարկվեն՝ հաջողված ընտրությունների վրա ստվեր չգցելու նպատակով։ Առաջին հերթին՝ պետք է պարզվի ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերը ճի՞շտ էին, թե՞ դրանք քաղաքական ուղղորդումների հետևանք էին։ Երկու դեպքում էլ մեղավորները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Ու անպայման պետք է առանձին քննության առարկա դառնա Լռության օրը ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցը, երբ մի քանի ժամ շարունակ շուրջ 80 ոստիկան Աջափնյակում շրջափակել էր ԲՀԿ նախընտրական շտաբը։ Արդյո՞ք ահազանգն իրական է եղել, թե՞ ոստիկանությունը գերազանցել է իր լիազորությունները, ընտրակաշառքի կասկածը հիմնավորվե՞ց, թե՞ քրեական գործ է հարուցվելու սուտ մատնության համար։ Այս հարցերը պետք է ստանան սպառիչ պատասխաններ, որպեսզի Երևանի ընտրություննեը լիարժեքորեն արժևորվեն, մյուս կողմից՝ բացասական նման դրսևորումների կրկնությունը բացառվի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->