>

Երեւանի Ավագանու ընտրության արդյունքի շրջանակում անակնկալ է դիտարկվում ԲՀԿ արդյունքը՝ 6 տոկոսից մի փոքր ավելի: Մեկ տասնամյակ քաղաքական համակարգում կայուն երկրորդ տեղում գտնված եւ ՀՀԿ հետ իշխանության վիճարկման ֆորմալ մրցակցության մեջ եղած ուժից շատերը սպասում էին ավելին:

Իհարկե, խիստ ցածր արդյունքի հարցում մեծ դեր ունեցավ եւ այն, որ ԲՀԿ-ն գնաց Նիկոլ Փաշինյանի հետ դիմակայության ճանապարհով: ԲՀԿ-ն կամ հայտնվեց ծուղակում, կամ կատարեց սխալ խաղադրույք, համարելով, որ ագրեսիվ հռետորաբանությունը, սեւ-սպիտակին այդ կերպ տոն տալը կբերի նրան, որ ԲՀԿ թեկնածուի շուրջ կհամախմբվի դժգոհ ամբողջ ընտրազանգվածը: Ստացվեց լիովին հակառակը:

Ընդհանրապես, կուսակցության համար խնդիրն անկասկած ավելի լայն է, ավելի վեր է, քան զուտ ընտրական գործընթացում մասնակցության տակտիկան կամ հաշվարկները: Այդ խնդիրը կա բոլոր քաղաքական ուժերի համար էլ, սակայն առանձնահատուկ է ԲՀԿ դեպքում, հաշվի առնելով նախորդ համակարգում դերակատարության եւ վիճակագրության մասշտաբները, հնից նոր իրավիճակ դրանց տարանցման հարցը:




Քոչարյանի զոհերը

Խոսքը քաղաքական դերի եւ առաքելության, ֆունկցիոնալության իմաստավորման մասին է: ԲՀԿ-ն ստեղծվեց իշխանության բավական հավակնոտ ռազմավարության շրջանակում, որ ուներ Ռոբերտ Քոչարյանն իշխանության անցման 2007-08  փուլի համար: Այդպես նա դիտարկում էր իշխանության պահպանման մոդելը: Սերժ Սարգսյանը թույլ չտվեց: ԲՀԿ-ն հայտնվեց կայուն երկրորդի, բուֆերի, անվտանգության բարձիկի իրավիճակում: Այդ դերը կատարվեց, որոշակի վայրիվերումներով, ընդհուպ մինչեւ 2017 թվականի ապրիլ:





ԲՀԿ քաղաքական դերը ըստ էության ՀՀԿ արտացոլումն էր: Այսինքն, կուսակցության ֆունկցիոնալության «աղբյուրը» իրականում ՀՀԿ-ն էր, իր բնույթով եւ ծայրահեղ վատ կառավարմամբ:

Չկա ՀՀԿ-ն, կա ԲՀԿ ֆունկցիոնալության հարց: Եվ ավելին, չկա ՀՀԿ-ն, բացվում են ԲՀԿ որոշակի խնդիրներ, կապված այն հանգամանքի հետ, որ կուսակցությունն իրականում նույն համակարգի ծնունդ է, նույն փիլիսոփայության եւ հատկանիշների կրող, պարզապես փոքր ինչ այլ շեշտադրումներով:

ԲՀԿ-ն չի կարող առանց ՀՀԿ-ի: ՀՀԿ-ն հիանալի է գիտակցում դա եւ ի տարբերություն մայիսի ժամանակահատվածի, եթե ծավալվում էր ԲՀԿ-ՀՀԿ փոխհրաձգություն, բանավեճ, որը վառ արտահայտվեց կառավարության ծրագրի քննարկմանը, դրանից հետո ՀՀԿ-ն հրաժարվեց ԲՀԿ հետ դիմակայության տանող քայլերից, թերեւս լավ պատկերացնելով, որ այդպիսով «սնուցում» է կուսակցությանը: ԲՀԿ սնուցումը փաստացի անջատվեց, ինչից հետո կուսակցությունը ստիպված էր ելք փնտրել իշխանության հետ դիմակայության մեջ, կամ ավելի շուտ փնտրել գոյության քաղաքական իմաստ:


Երեւանի Ավագանու ընտրությունը ցույց տվեց, որ այդ փնտրտուքը բացարձակ ապարդյուն է: Խոշոր հաշվով, իմաստ է մնացել այն, որ Գագիկ Ծառուկյանը որեւէ կերպ մոտիվացվի քաղաքականության մեջ մնալու համար, ըստ այդմ ԲՀԿ քաղաքական նախագիծը լայնորեն ֆինանսավորելու համար:

Բանն այն է, որ նոր իրավիճակում ձեւավորվում են սեփականության պաշտպանության, իշխանություն-բիզնես հարաբերության նոր մեխանիզմներ ու երաշխիքներ: Ինչպես Շմայսը կասեր՝ այս երկրում այլեւս չկա զենք պահելու կարիք: Չկա նաեւ պաշտպանվելու համար կուսակցություն պահելու կարիք:



Մյուս կողմից, եթե Ծառուկյանը գա այդ եզրահանգման, առաջանալու է կուսակցության ճակատագրի հարցը, ինչպես օրինակ 2015-ի փետրվարին: Իսկ ներկայում այդ ուժի գոյությունը կարող է պետք լինել շատերին, բացի թերեւս հենց Գագիկ Ծառուկյանից: Ի վերջո, դա երաշխիք կամ միջոց էր նախկին համակարգի կանոնների եւ տրամաբանության շրջանակում: Նոր իրավիճակում այն ժամանակի ընթացքում դառնալու է լիովին ավելորդ ծախս:

Ընդ որում, ծախս, որը Գագիկ Ծառուկյանին ոչ միայն չի օգնի ավելացնել, կամ թեկուզ պահել հանրային վարկանիշը կամ հեղինակությունը՝ ինչը ցույց տվեց Երեւանի արդյունքը, այլ նույնիսկ կտանի դրա էական նվազմանը:

Ծառուկյանն օբյեկտիվորեն ստիպված էր նախորդ համակարգում մտնել քաղաքականություն: Ներկայում նա ստիպված չէ մնալ քաղաքականության մեջ, ու թեեւ նաեւ չունի հեռանալու պարտադրանք, այդուհանդերձ պահը բաց թողնելու դեպքում նա կարող է ստիպված լինել հեռանալ: Ոչ թե իշխանության, այլ արդեն հանրության ու հանգամանքների ճնշման տակ:

Մինչդեռ, քաղաքականության վրա ծախսվող փողը Գագիկ Ծառուկյանը կարող է ծախսել հանրային ամենատարբեր նախագծերի վրա, կուսակցական թրենդից զերծ, ու ստանալ թե անձնական, թե հանրային շատ ավելի մեծ էֆեկտ: Տասը տարի քաղաքականության մեջ նա կատարել է որոշակի դեր, թե հարաբերական արդյունավետությամբ, թե նաեւ դրականի ու բացասականի հարաբերական համամասնությամբ: Նոր իրավիճակում նա քաղաքականության մեջ դեր չունի, ըստ այդմ չունի նույնիսկ հարաբերական դրականության ու բացասականության հեռանկար: Փոխարենը նա ունի քաղաքականությունից դուրս միարժեք դրական գերակշռությամբ հորիզոն:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->