>

Lragir.am-ը գրում է՝

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան վերադառնալուց հետո դնելու է խորհրդարանի արտահերթ ընտրության հարցն ու այդ օրակարգով բանակցություն է սկսելու խորհրդարանի ուժերի հետ: Գործնականում բոլոր ուժերը հայտարարում են դրա շուրջ բանակցելուն պատրաստ լինելու մասին: ՀՀԿ-ն սակայն հայտարարում է, որ չի տեսնում արտահերթ ընտրության պատճառ:




Քոչարյանի զոհերը

Այստեղ իհարկե ակնառու է մի բան, որ ՀՀԿ-ն, եւ նաեւ մյուս ուժերն իհարկե, կփորձեն հնարավորինս շահավետ «գնով» տալ խորհրդարանը լուծարելու իրենց համաձայնությունը: Սա ամենեւին անսպասելի չէ: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն էլ արտահայտելով քննարկման պատրաստակամություն, գործնականում ցույց է տալիս, որ պատրաստ է քննարկել պայմանները: Բայց, միեւնույն ժամանակ, նա հստակ ցույց է տալիս, որ խոսքը քաղաքական քննարկման մասին է, ոչ թե ավանդական առեւտրի:





Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը դրսեւորում է խաղի կանոնները քննարկելու պատրաստակամություն, այլ ոչ թե խորհդարանական անցաթղթի երաշխիքների հարց: Որպես փաստարկ Փաշինյանի ձեռքին է Երեւանի Ավագանու ընտրության արդյունքը: Դա ունիվերսալ փաստարկ է, այսինքն փաստարկ ոչ միայն ներսի ուժերի, այլ նաեւ արտաքին գործընկեր ուժային կենտրոնների համար: Այդ հանգամանքը կարեւոր է, քանի որ նրանք անկասկած ունեն Հայաստանի իշխանության ձեւավորման հարցում հետաքրքրություն: Հայաստանը կարեւորագույն ռեգիոնում առանցքային դեր ունեցող սուբյեկտ է, ըստ այդմ միջազգային գործընկերները չեն կարող անտարբեր լինել այդ սուբյեկտի ներսում տեղի ունեցող զարգացումների հանդեպ: Հայաստանն էլ չի կարող անտարբեր լինել նրանց ուշադրության եւ հարցերի հանդեպ, քանի որ իր կարեւոր ռեգիոնալ ռազմա-քաղաքական դերակատարումը իրականացնելու հարցում նա ունի այդ գործընկերների հետ լավ հարաբերության եւ փոխվստահության խնդիր:

Նաեւ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխությունն առաջ է տանում քաղաքական փաստարկային մեթոդաբանությամբ, ինչն էլ գործնականում տեղի ունեցողի թավշյա բնույթն է:

Այդ իմաստով հատկանշական է, որ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ ընտրության բանակցությունը սկսելուց առաջ այցելում է ԱՄՆ, իսկ հետո նաեւ Դուշանբե, որտեղ ԱՊՀ Վեհաժողովն է, ինչը ըստ էության նույնականանում է Մոսկվայի հետ:


Երկու կարեւորագույն ռազմա-քաղաքական ուղղություններ, որոնց հետ Հայաստանի աշխատանքը առանցքային է ռեգիոնալ անվտանգության եւ կայունության համար:

Միեւնույն ժամանակ, նրանց համար էլ խորքային առումով հիմնարար նշանակություն ունի Հայաստանում տեղի ունեցող վերափոխումները տրամաբանական հանգրվանին հասցված տեսնելը, այլ կերպ ասած՝ թավշյա հեղափոխությամբ հաստատված ստատուս-քվոն նաեւ խորհրդարանում արձանագրելը, ինչը թույլ կտա անցնել երկկողմ հարաբերության եւ ռեգիոնալ ֆունկցիոնալության առավել երկարաժամկետ ու կանխատեսելի ռեժիմի:



Խորհրդարանում ներկայացված ուժերը, որոնց հետ էլ սկսելու է հարցի քննարկումը Նիկոլ Փաշինյանը, պետք է ուշադրության արժանացնեն իրավիճակի այդ տողատակն ու ընդգրկումը: Հայաստանի հիմնարար վերափոխումը թե ներհայաստանյան, թե ներհայկական, թե նաեւ ռեգիոնալ-աշխարհքաղաքական անհրաժեշտություն է: Ըստ այդմ,  այդ գործընթացի ամբողջացմանը խոչընդոտելը, արգելակներ ստեղծելը գործնականում նշանակելու է խաղալ ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային անվտանգության հետ: Այսինքն, դա նշանակում է խնդիրներ ստեղծել ոչ միայն պաշտոնական Երեւանի համար, այլ նաեւ պաշտոնական Վաշինգտոնի եւ Մոսկվայի:

Պաշտոնական Բրյուսելի, նաեւ Եվրոպայի առաջատարներ Փարիզի ու Բեռլինի համար որոշ քաղաքական ուժեր՝ մասնավորապես ՀՀԿ որոշ շրջանակներ, արդեն ստեղծել են խնդիրներ, Եվրոպա տանելով Հայաստանում մարդու իրավունքի եւ ազատությունների խախտման ինչ որ հարց, իսկ օրերս էլ հպարտորեն ազդարարելով, թե ԵԽԽՎ-ն որոշում է կայացրել Հայաստանի մոնիտորինգի հարցով համազեկուցողներին շտապ գործուղել Հայաստան՝ իրավիճակը քննելու: Միաժամանակ Բաքվի ձեռքն էլ տրվել է փաստարկ, այդ իմաստով էլ բավական բարդ դրության մեջ դնելով Ադրբեջանի հետ փաստաթղթի շուրջ բանակցող Եվրամիությանը:

Եվրոպան այդ իմաստով բերվել է Հայաստանի վերափոխման գործընթացի եւ այդ դիրքում կանգնած հանրության հետ դիմակայության ռեժիմի շեմ: Այդ շեմն անցնելու դեպքում Եվրոպան կկանգնի ոչ միայն Հայաստանում, այլեւ Կովկասում խաղից դուրս, կամ էապես հետ մնալու լրջագույն վտանգի առաջ:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->