>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՀՀ ԳՇ պետին ազատելու հրամանագրի շուրջ ՀՀ Նախագահ-ՀՀ կառավարություն դիմակայության հետաքրքիր շերտեր են ի հայտ գալիս։

1․ Դատելով երկու ինստիտուտների միջև տեքստերի փոխանակումից, ենթադրում եմ, որ ՀՀ վարչապետը իր հրամանագրի մեջ որևէ հիմք չի նշել, որ Օնիկ Գասպարյանը Սահմանադրություն է խախտել /ինչը արվել է հազարավոր հրամանագրերի դեպքում/։

Ուղղակի ստանդարտ տեքստով հրամանագիր է՝ ղեկավարվելով այսինչ հոդվածով՝ ազատել Օնիկ Գասպարյանին ՀՀ ԳՇ պետի պաշտոնից։ Իսկ Օնիկ Գասպարյանը խախտել է ՀՀ Սահմանադրությունը իր և 18 զինվորականների քաղաքական հայտարարությամբ։





Վարչապետը դրանով Օնիկ Գասպարյանի հանդարտ հեռանալու դուռ է բաց թողել, ու դա ճիշտ է։ Նախագահականը ակնարկում է հիմքի բացակայություն․․․





2․ Սահմանադրական իրավունքի որոշ մասնագետների, այդ թվում Վարդան Այվազյանի՝ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցը բացահայտում է «գաղտնիքը», թե ինչ առարկություն կարող էր ունենալ նախագահը՝ հրամանագիրը չստորագրելու, կառավարություն վերադարձնելու, իսկ նույն հրամանագիրը ստանալու դեպքում էլ՝ ՍԴ դիմելու համար։

Պարզվում է՝ հղում է արվում Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին ՀՀ օրենքին, որը սահմանում է մինչև բարձրագույն սպայի պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնից ազատելու հիմքերը։

3․ Բայց այստեղ է, որ առաջանում է փակուղին ՀՀ նախագահի համար։ Նախագահը կարող է ՍԴ դիմել ոչ թե հրամանագրի՝ ՀՀ օրենքին համապատասխանության, այլ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու հարցով։

Հետևաբար, նախագահը չի կարող առնվազն այդ օրենքի վրա հղումով դիմել Սահմանադրական դատարան, իսկ Սահմանադրական դատարանն էլ չի կարող վարույթ ընդունել մի գործ, որտեղ քննարկվում է ոչ թե հրամանագրի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, այլ ՀՀ օրենքին․․․

Այս հարցով Օնիկ Գասպարյանը լավագույն դեպքում կարող է միայն դիմել վարչական դատարան՝ իրեն պաշտոնից հեռացնելու հիմքերի օրինականության մասով․․․


4․ Ինչպես նշվեց՝ ՀՀ վարչապետը կարող է փակել նաև Օնիկ Գասպարյանի համար թողնված վթարային ելքի դուռը և հիմքում դնել ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի խախտումը։

Բայց դա վնասում է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, ու տեսանելի է, որ վարչապետը դա չի ցանկանում անել։ Այդ հիմքը դնելու դեպքում կարող է ու պարտադրված կլինի նաև հարուցել քրեական գործ Օնիկ Գասպարյանի ու 18 զինվորականների դեմ։

Բայց տեսանելի է, որ ՀՀ կառավարությունը այդ ճանապարհով չի գնում։

5․ Վարչապետը նաև որոշման այլ հիմք դնելու հնարավորություն ունի՝ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածը /Օրինականության սկզբունքը/ սահմանում է, որ «ՊԵՏԱԿԱՆ և տեղական ինքնակառավարման ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ու ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»



Իսկ 19 զինվորականները խախտել են Սահմանադրության 14-րդ հոդվածը, ինչպես նաև 6-րդ հոդվածը՝ և կատարել են գործողություն, որի համար լիազորված չեն Սահմանադրությամբ և օրենքով։

6․ Թեպետ, եթե Կառավարությունն այս հիմքը մատնանշեր հրամանագրում որպես ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին ազատելու հիմք, դրանով էլ ՀՀ նախագահին կտար ՍԴ դիմելու հիմք, ինչը չի արել։

Իսկ նախագահը, ինչպես նշվեց, դժվար կարողանա ՍԴ դիմում ներկայացնել, եթե իր միակ ապավենը միայն Սահմանադարությանը ստորակա օրենքի հետ հրամանագրի համապատասխանությունն է։

Եթե սահմանադրագետների նշած միակ ենթադրյալ փաստը դա է, ապա նախագահն այդպիսի հարցով ՍԴ դիմելու իրավասություններ չունի, իսկ ՍԴ-ն էլ այդպիսի գործ քննելու իրավասություն չունի։

7․ ՀՀ վարչապետի գրառման վերջաբանի՝ «Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում» ակնարկ է այն մասին, որ ԳՇ պետին ազատելու հրամանագիրը մինչև վերջ տանելու օրինականության շրջանակներում և

«սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:»

Հետևաբար, ՀՀ նախագահին այժմ մնում է առավելապես երկու տարբերակ
ա/ ստորագրել

բ/ չստորագրել, բայց դա էլ կարող է հիմքեր ստեղծել իր պաշտոնանկության համար, որ սահմանադրական լիազորությունները չի կատարում և չի ազատում Սահմանադրության առնվազն 2 հոդված խախտած ԳՇ պետին․․․

Сообщение ՀՀ նախագահին այժմ մնում է առավելապես երկու տարբերակ․ Ստյոպա Սաֆարյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->