>

Երևանի ավագանու ընտրության արդյունքը գործնականում ցույց տվեց, որ այս պահի դրությամբ Հայաստանում չկա քաղաքական դաշտ: Երբ ուժերից մեկը ստանում է 82 տոկոս, իսկ մյուս 20 տոկոսը բաժին է հասնում 11 այլ ուժի, դա նշանակում է, որ քաղաքական դաշտ գոյություն չունի:


Լա՞վ է դա, թե՞ վատ: Ընդհանրապես հեռանկարի համար դա, իհարկե, վատ է, որովհետև քաղաքական մրցակցությունը երկրի առաջընթացի կարևոր գրավականներից է, ժողովրդավարության, իրավական պետության և սահմանադրական իշխանության կարևոր սյուներից մեկը: Մյուս կողմից, սակայն, Երևանի ընտրությունը բացահայտել է ոչ թե վերջին երեք-չորս ամիսների մի հեղափոխական իրողություն, այլ բացահայտել է վերջին քառորդ դարի իրողությունների հետևանքը, երբ քայլ առ քայլ, «ինստիտուտ» առ «ինստիտուտ» ոչնչացվել է քաղաքական համակարգը, քաղաքականությունը վերածվել է ցուցանակային երևույթի, իսկ քաղաքական մրցակցությունը՝ միայն կենացի կամ հռչակագրի, իսկ իրականում չի եղել մրցակցություն և ընտրություն:








Քոչարյանի զոհերը

Այլ կերպ ասած՝ Հայաստանում ոչ թե թավշյա հեղափոխությունն է ոչնչացրել քաղաքական դաշտը՝ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ, այլ քաղաքական դաշտը ոչնչացվել է իշխող նախկին համակարգի հետևողական ջանքի միջոցով: Պարզապես թավշյա հեղափոխությունը ցած է գցել այն ցուցանակները, որոնք մեզ ներկայացվել կամ մատուցվել են իբրև քաղաքական համակարգ և քաղաքական մրցակցություն: Երբ ցուցանակները ցած են գցվել կամ դեն են նետվել, պարզվել է, որ դրանցից այն կողմ ոչինչ էլ չկա: Եվ եթե լիներ, ապա չէր լինի թավշյա հեղափոխություն, որևէ հեղափոխություն:

Հեղափոխություններ լինում են հենց այն դեպքում, երբ ոչնչացվում են քաղաքական համակարգերը, կամ դրանք այդպես էլ չեն ձևավորվում, լավագույն դեպքում համալրվում են միայն ցուցանակներով: Ըստ այդմ, թավշյա հեղափոխությունն ինքը քաղաքական համակարգի ոչնչացման հետևանքների բերումով առաջացած գործընթաց էր, ընդ որում՝ գործընթաց, որը թերևս լավագույն ելքն էր այդ իրավիճակից, քանի որ քաղաքական համակարգի ցուցանակային, իսկ իրականում դատարկ բնույթը, գոյություն չունենալը կարող էր պետությունը հասցնել շատ ավելի վտանգավոր հետևանքի, եթե չլիներ թավշյա գործընթացը:


Մյուս կողմից՝ արձանագրելով քաղաքական համակարգի, մրցակցության բացակայությունն այժմ՝ այժմ պարզապես օբյեկտիվ բացակայությունը, թավշյա հեղափոխությունը նաև արձանագրում է խնդրի առկայությունը, ըստ այդմ՝ այն լուծելու անհրաժեշտությունը: Հայաստանին պետք է քաղաքական համակարգ, քաղաքական մրցակցություն, պետք է քաղաքական դաշտ, որտեղ քվեները, հանրային համակրանքն ու տրամադրությունները կունենան ավելի բալանսավորված բաշխվածություն: Սակայն այստեղ արդեն գնդակը հասարակության դաշտում է: Կարո՞ղ է հասարակությունը ստեղծել իրավիճակ, երբ «բալանսավորման» հավակնորդ կլինեն ոչ թե այն ուժերը, որոնք քառորդ դար ոչնչացրել են քաղաքական համակարգն ու քաղաքականություն հասկացությունը Հայաստանում, այլ կլինեն նոր ուժեր, որոնք կկարողանան կառուցել այդպիսի համակարգ և քաղաքական խնդիրներ առաջադրել նոր իշխանությանը:



Սա, իհարկե, հեռանկարի խնդիր է, սակայն իրական քաղաքականության ռեժիմում և իրական քաղաքականության ձգտող ուժերի կամ միավորների համար առաջիկայում Հայաստանում խնդիրը դա է, ոչ թե խորհրդարանի արտահերթ ընտրությանը սեփական տոկոսների հարցը, այնտեղ հայտնվել-չհայտնվելու դիլեման:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->