>

Ինչպես կարող է լուրջ սպան նման հայտարարություն անել. վայր դրեք ձեր ուսադիրները: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ազատամարտիկ, ՀՀ ռազմական ոստիկանության առաջին պետ, գնդապետ Հովհաննես Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի երեկվա հայտարարությանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ԶՈՒ գլխավոր շտաբի գրեթե ողջ ղեկավար կազմը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը: Դրանից հետո վարչապետը հայտարարեց, որ սա համարում է հեղաշրջման փորձ, իսկ հանրային տիրույթում քննարկվում էր այն հարցը, որ բանակն ըստ էության իր գործունեությունից դուրս է գալիս եւ քաղաքական հայտարարություն է անում: Մյուս կողմից տեսակետներ հնչեցին, թե սպաները եւս իրավունք ունեն կարծիք հայտնելու:

Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Հովհաննես Հարությունյանի հետ:




Քոչարյանի զոհերը






— Պարո՛ն Հարությունյան, որպես նախկին զինվորական՝ ինչպե՞ս եք վերաբերվում ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությանը։ Ձեր կարծիքով ի՞նչն է դրդել, որ նման հայտարարություն անեն։

— Այդ հայտարարությունն ի սկզբանե գլխավոր շտաբի պետին եւ մնացած բոլոր գեներալներին, սպաներին ոչ սազական էր եւ ապօրինի: Լավ է չեն ասել, թե դա ինքնաբուխ է եղել: Մենք լավ գիտենք, թե այսպիսի հայտարարություններն ինչպես են լինում, քանի որ նրանք դեռ նախկին իշխանությունների հետ կապեր ունեն: Իմ կարծիքով նրանց հրահանգել են դա անել, եթե հրահանգած չլինեին, ապա ինչո՞ւ էին այդ հայտարարությունից քիչ հետո ասում, թե իրենց չեն ուղղորդել, լավ է չասեցին «պապայի արեւ ինձ ոչ մեկ չի ուղղորդել»: Որոշ մարդիկ էլ՝ այդ թվում նախկին ԳՇ պետ Արտակ Դավթյանը ասում են, թե մարդիկ կարող են իրենց կարծիքը հայտնել, դրա մեջ հեղաշրջման փորձ չկա: Բանակը ի՞նչ իրավունք ունի խառնվելու քաղաքական խնդիրներին: Եվ վերջապես բանակն ունի իր գերագույն գլխավոր հրամանատարը, պատկերացնո՞ւմ եք մի պետության մեջ հանկարծ զինվորականները հայտարարություն են տարածում, դա պարզ ու կոնկրետ նշանակում է հեղաշրջման փորձ: Սա կարծիք չէ, գլխավոր շտաբը միայն մի անելիք ունի՝ պահպանել մեր պետական սահմանները: Նրանք պարտավոր են միայն դա անելու եւ պահպանել երկրի անդորրը, սահմանները, այն էլ այս լարված իրավիճակում: Հազարավոր մարտահրավերներ կան, իսկ ինչ-որ շտաբի պետ՝ չհասկանալով, որ գործ չունի քաղաքականության հետ, հայտարարություն է անում: Ձեր կարծիքը միայն մեկն է՝ ծառայել երկրին, ժողովրդին, ուրիշ խնդիր դուք չունեք անելու: Սա հեղաշրջման փորձ է, որը պետք է պատժվի: Մենք էլ ենք ծառայել, բայց երբեք չենք ունեցել վերին հրամանատարներ, որ մեզ հրաման տան խառնվել քաղաքական գործընթացներին:

— Քաղաքական իշխանության արձագանքը այդ հայտարարությանը ըստ ձեզ համարժե՞ք էր։

— Իհարկե, համարժեք էր, այլ բան անելն՝ առնվազն անհասկանալի կլիներ: Բազմահազարանոց ժողովուրդը երեկ ծափահարում էր վարչապետի հայտարարությունների ժամանակ: Միայն այդ ժողովուրդը չի ծափահարել, տանը նստած էլ են մարդիկ ծափահարել:


— Ճանաչո՞ւմ եք հայտարարության տակ ստորագրած սպաներին, ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին։

— Ես այնտեղ մարդկանց ազգանուններ եմ կարդացել, որ պարզապես զարմանում եմ: Այդ մարդիկ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում նման ձեւով չէին մտածում: Մի մասն ասում է գիտես ԳՇ պետի տեղակալին են հանել, հերոս է: Ի՞նչ գործ ունեք դուք քաղաքականության հետ: Այդ սպաների մեծ մասը կամակատարներ են եղել: Ինչպես կարող է լուրջ սպան, ով հասկանում է քաղաքական ներկա վիճակը, մարտահրավերները, նման հայտարարություն անել: Դուք գժվե՞լ եք, վայր դրեք ձեր ուսադիրները՝ գնացեք զբաղվեք այլ գործով:

— Վարչապետը հայտարարել է, որ բանակի վերակազմավորման գործընթաց է սկսվել, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկել դրա համար եւ եթե այս սպայակազմը որոշի ազատվել աշխատանքից համարժեք կադրեր ունե՞նք:

— Ցանկացած հրամանատար անփոխարինելի չէ: Չի լինի ինքը, կլինի տեղակալը, նրանք հավերժ չեն: Եթե այդպես նայենք՝ ուրեմն նույնիսկ ամենալավ ասենք կորպուսի հրամանատարը պիտի մինչեւ իր կյանքի վերջ ծառայի, որովհետեւ լա՞վն է: Նրան փոխարինելու են ավելի երիտասարդները, ավելի նորմալ մարդիկ, ովքեր թքած ունեն քաղաքականության վրա եւ իրենց առջեւ տեսնում են միայն այդ սուրբ պարտականությունը՝ պետությանն ու ժողովրդին ծառայելը: Օնիկ Գասպարյանի քայլը դավաճանական է ոչ միայն պետության, այլեւ ամբողջ հայ ժողովրդի հանդեպ: Հայ ժողովուրդը գիշեր-ցերեկ հետեւում է երկրի անցուդարձին, ապրում այս կյանքով, դու չե՞ս մտածում, թե ինչ ես անում:



— Ինչո՞վ կավարտվի ԳՇ-ի շուրջ ստեղծված այս լարված իրավիճակը եւ ինչպե՞ս եք տեսնում այս հարցի հանգուցալուծումը։

— Հանգուցալուծումը շատ պարզ է, որեւէ մեկը թող այն չբարդացնի՝ սկսած երկրի նախագահից: Հանկարծ թող չմտածեն, որ որեւէ մեկն այս երկրում անփոխարինելի է եւ դեռ մի բան էլ կասկածի կամ դիմի Սահմանադրական դատարան: Շատ հստակ հարց է դրված՝ մարդը խառնվել է քաղաքականության մեջ, մարդը անվստահություն է հայտնում, ինչպիսի իրավիճակ էլ լինի երկրում իրենց գործը մեկն է՝ սուրբ պարտականությունը իրենց ժողովրդի եւ պետության հանդեպ:

— Կարելի՞ է համարել, որ այդ սպայակազմը՝ ի դեմս Օնիկ Գասպարյանի միացել են ընդդիմությանը եւ հնարավոր համարո՞ւմ եք, որ առաջիկայում Օնիկ Գասպարյանին ընդդիմադիրների շարքում տեսնենք։

— Օնիկ Գասպարյանը միակը չէ եւ վերջինը չէ, ունենք նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն, ով մտավ քաղաքականություն: Գնա՝ հեռացիր պաշտոնից, մտիր քաղաքականություն, ուզում ես ընդդիմադիր դարձիր, ուզում ես դիմադիր: Դու քո վրա դրած պարտականությունը չես կատարել: Դա կլինի իր տեղակալին հեռացնելու համար, թե «Իսկանդեր»-ի պայթել-չպայթելու հետ կապված, դրանց բոլորի մեղավորը իրենք են: Վարչապետը ո՛չ «պուլիմյոտչիկ» է, ո՛չ «լյոտչիկ» եւ ո՛չ էլ «Իսկանդեր» կրակող: Դուք եք կրակել, ի՞նչ է վարչապետը պիտի փորձարկի դա:

— Այսինքն ըստ ձեզ դեռ մի բան էլ գլխավոր շտաբը պե՞տք է հաշվետու լինի պատերազմից հետո:

— Իհարկե, իրենց հայտարարությունից ես հասկանում եմ, որ դեմ են, վարչապետի հրաժարականն են պահանջում, բայց իրենք պետք է հաշվետվություն տան: Երկրի վարչապետը զորահավաք անողը չէ, զորահավաքը դուք եք արել, դուք եք մեղավորը զորահավաքի համար, դուք եք պատասխան տալու ամեն ինչի համար: Ասեցինք մեր բանակը լավն է, բայց սա ի՞նչ է նշանակում: Ես հենց ուղիղ մեղադրում եմ եւ ասում՝ ԳՇ-ն պետք է հաշվետվություն տա ամեն ինչի համար: Ամեն մեկն իր օղակում պետք է ասի ինչո՞ւ ենք պարտվել: Ժողովուրդն այսօր բանակին չի վարձատրում քաղաքական խաղերով զբաղվելու համար: Ժողովուրդն իր հարկերից բանակին վարձատրում է երկիրը պաշտպանելու համար: Պետք է մեր անվտանգությունը պահեն ոչ թե մի քանի հոգով կարծիք հայտնեն ու բենզին լցնեն այս վիճակում:

Сообщение Օնիկ Գասպարյանի քայլը դшվшճшնшկшն է ոչ միայն պետության, այլեւ ամբողջ հայ ժողովրդի հանդեպ. ՌՈ նախկին պետ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->