>

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն վերջինը, որոնք կպահանջեն անձնապես իր մասնակցությունը։ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի կարծիքով՝ նոր Հայաստանի նոր սերունդը նոր ձևաչափերի ու լուծումների կարիք կունենա։

Սա, թերևս, Երևանի ավագանու ընտրություններին հաջորդած ամենաանկեղծ, միևնույն ժամանակ՝ համարժեք արձագանքն է։ Դեռևս թավշյա հեղափոխության հաղթանակից հետո ակնհայտ էր, որ հին քաղաքական համակարգը կազմալուծվելու է, ու կուսակցությունները քաղաքական և ինստիտուցիոնալ նոր իրողություններին ադապտացվելու անհրաժեշտություն ունեն։ Խոսքը չի վերաբերում միայն ՀՀԿ-ին, որի ստացած հարվածը տեսանելի էր ու թերևս այնքան ուժեղ, որ այս կուսակցությունը, համենայն դեպս՝ տեսանելի ապագայում, քաղաքական ռեաբիլիտացիայի որևէ շանս, հնարավորություն չունի, ինչի վկայությունն է թերևս այն հանգամանքը, որ անգամ հեղափոխությունից ու Երևանի ավագանու ընտրություններից հետո Հանրապետականի շատ գործիչներ խոսում են 2017-ին ձևավորված խորհրդարանի լեգիտիմության մասին։ Սա քաղաքական անհամարժեքության ցցուն դրսևորում է։




Քոչարյանի զոհերը

Սակայն ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ մյուս կուսակցությունները նույնպես առանձնապես չեն կարողացել ադապտացվել նոր իրողություններին, ու նրանց պարտությունը, մեծ հաշվով, նոր օրակարգ ձևավորելու անկարողության հետևանք էր։





Այս իմաստով, օրինակ՝ ԲՀԿ-ի պատկառելի ներկայությունը ժամանակավոր կառավարությունում, ըստ ամենայնի, կուսակցությանը մղել է քաղաքական «երազախաբության»՝ պատրանք ստեղծելով, թե հեղափոխությունը, ըստ էության, ոչինչ չի փոխել, ու ԲՀԿ-ն առնվազն կարող է հավակնել կայուն երկրորդի դերին անգամ Նիկոլ Փաշինյանի համակարգում։ Ավագանու ընտրությունները ուժեղ ապտակ էին Գագիկ Ծառուկյանի թիմի այս պատրանքներին, քաղաքական նոկդաուն, որից կուսակցությունը գուցե ուշքի չգա, եթե մինչև խորհրդարանական ընտրությունները հետևություններ չանի։ Մյուս կողմից՝ ժամանակը շատ կարճ է, իսկ ԲՀԿ-ում համակարգային փոփոխության անհրաժեշտություն կա, որովհետև կուսակցությունը պետք է ձերբազատվի իր օլիգարխիկ հիմքից՝ փորձելով տրանսֆորմացվել ժամանակակից պոպուլյար կուսակցության։ Անցած հինգ ամիսներին ԲՀԿ-ն ուներ հնարավորություն զբաղվել այդ կարևոր գործով՝ չեն արել, ու հիմա ԲՀԿ-ով զբաղվում է հեղափոխությունը, որն իր բնույթով սրբելու է այն ամենը, ինչը կապված է հին համակարգի հետ՝ եթե ոչ ուղղակիորեն, ինստիտուցիոնալ հարթության վրա, ապա գոնե մենթալ մտածողության մակարդակում։

Երբ ուշադիր ենք վերլուծում ավագանու ընտրությունների արդյունքները, ապա արձանագրում ենք, որ ֆունդամենտալ փոփոխությունների հիմքը դրվել է նույնիսկ ոչ թե հեղափոխության, այլ խորհրդարանական վերջին ընտրությունների գործընթացում՝ «Ելք» դաշինքի ստեղծումով։ Բացի նախկին դաշինքի երկու թևերից, որոնցից մեկը, որպես իշխանություն, Երևանի ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ, իսկ մյուսը՝ «Լույսը», նոր դեմոկրատական ընդդիմություն դառնալու հայտ ներկայացրեց, մյուս քաղաքական ուժերը պարտվել են՝ անկախ այն հանգամանքից՝ ասոցացվե՞լ են նախկին քրեաօլիգարխիկ համակարգի հետ, թե՞ անարդյունավետ գործիքներով պայքարել են դրա դեմ։


Այնպես է ստացվել, որ հետհեղափոխական Հայաստանի քաղաքական համակարգի մանրակերտը հանդիսացավ նախկին «Ելք» դաշինքը, որից ծնվել է Հայաստանի նոր իշխանությունը ու, ըստ ամենայնի, ծնվելու է նոր ընդդիմությունը։

Մյուս քաղաքական ուժերը, այդ թվում՝ ավագանու ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած, սակայն գահավիժող ԲՀԿ-ն, կանգնած են մարգինալացման ռեալ վտանգի առաջ, եթե կարճ ժամանակում չկարողանան գտնել արդիականացման արդյունավետ դեղատոմսեր։

Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը փորձառու գործիչ է ու շատ հստակ է հասկացել վերջին ընտրությունների քաղաքական ուղերձը։ Նա այսօր, ըստ էության, հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին՝ առանց բարձրագոչ հայտարարությունների։



Րաֆֆի Հովհաննիսյանը, թերևս, հին համակարգի դեմ պայքարած ակտիվ գործիչներից մեկն է, այսքանով հանդերձ ակնարկում է, որ իրեն չի տեսնում նոր Հայաստանի քաղաքական համակարգում։

Նոր Հայաստանի նոր սերունդը նոր ձևաչափերի ու լուծումների կարիք կունենա․ իր փաստացի հրաժեշտն ակտիվ քաղաքականությանը մոտիվացրել է Հովհաննիսյանը՝ ակնարկ անելով գործիչներին, որոնք դեռ չեն հասկացել, որ նոր իրավիճակում անելիք չունեն։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->