>

Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է, թե ավելի կարեւոր գործեր կան անելու, քան խորհրդարանի լուծարումն ու արտահերթ ընտրությունը:

Այդ մասին շատերն են ասում, թե ՀՀԿ-ից, թե հարող շրջանակներից:




Քոչարյանի զոհերը

Տեսականում այդ գնահատականն ու դիրքավորումը կարող է լինել հիմնավոր, կամ կարող էր լինել, եթե օրինակ ՀՀԿ-ն իսկապես զբաղվեր կարեւոր գործով: Մասնավորապես, մշակվեին ու ներկայացվեին օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեին Հայաստանի համակարգային վերափոխմանը, տարբեր ոլորտներում ինստիտուցիոնալ ռեֆորմներին, առաջարկելով նոր իշխանությանը համատեղ աշխատել դրանց վրա եւ առաջ մղել այդ օրակարգը:





Ավելին, դա կլիներ քաղաքական ռեաբիլիտացիայի անփոխարինելի ճանապարհ, երբ Հանրապետականը քաջատեղյակ լինելով այն համակարգին, ըստ այդմ այն արատներին ու դրանց ծագման եւ գեներացման հնարավորություններին, ինքն էլ կմշակեր դրանց արգելափակման օրենսդրական տարբերակները, լավ իմանալով բոլոր «ծակուծուկերը», որ ունեցել է նախորդ համակարգը: Այլ կերպ ասած, ՀՀԿ-ն ինքը կվերցներ ավելն ու կմաքրեր Ավգյան ախոռները՝ լինելով այսպես ասած ընդդիմություն եւ գործնականում ցույց տալով, որ լիովին գիտակցում է իր կառավարման լիակատար ձախողումը եւ պատասխանատվությունը պետության ու հանրության առաջ եւ աշխույժ աջակցում իրավիճակը փոխելու նոր կառավարության ջանքին:

Սա իհարկե թվում է ֆանտաստիկայի ոլորտից, թեեւ կար դրա տեսական հնարավորությունը: Բայց դրա փոխարեն ՀՀԿ-ն նախընտրեց այլ ճանապարհ, գնալով օրենսդրական նախաձեռնությունների, որոնք հռչակագրային մակարդակում թվում են հանրահաճո, իսկ խորքային առումով դրանք իրենց մեջ պարունակում են նոր իշխանության համար որոշակի խնդիրներ առաջացնելու բավականին լուրջ հնարավորություններ ու ռիսկեր:


Իսկ գագաթնակետն անշուշտ Հայաստանում «ժողովրդավարության հետընթացի», «մարդու իրավունքի ոտնահարման», ընդհուպ «բռնապետության» հարցերը ԵԽԽՎ տանելու, այնտեղից Հայաստանի վրա «ռեվիզիա» բերելու ջանքն էր, որ գործադրեց մասնավորապես ՀՀԿ-ական ԱԺ փոխնախագահը: Այդ ջանքը կառուցված լինելով Հայաստանում մտացածին խնդրի վրա, իրականում պարունակում է Հայաստանի համար Եվրոպայում բազմաշերտ խնդիր առաջացնելու վտանգ, միաժամանակ նաեւ Եվրոպայի համար Հայաստանում խնդրի վտանգ:

Դա է եղել ՀՀԿ մինչ այժմ եղած «ավելի կարեւոր» գործը, դրա գագաթնակետը, ու թերեւս կլինի ՀՀԿ վերջին «կարեւոր գործը» խորհրդարանում: Կամ գուցե նախավերջինը՝ վերջինը կլինի խորհրդարանի արտահերթ ընտրության հարցում:



Ակնառու է, որ Հանրապետականը գործնականում ի վիճակի չէ անել Հայաստանի համար կարեւոր գործեր: Ի վիճակի չէր թե իշխող ուժ եղած տարիներին, ի վիճակի չէ նաեւ այժմ:

Ու դա թերեւս ամենից լավ նաեւ պատկերացնում էր կուսակցության նախագահը, որն իր նախագահության տասը տարիների ընթացքում գործնականում այդպես էլ որեւէ կարեւոր գործ չվստահեց ՀՀԿ-ին, անգամ տեղեկատվության մակարդակում:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->