>

Երեւանի ավագանու ընտրություններից հետո քաղաքագետների քննարկման գլխավոր թեման Իմ քայլը դաշինքի ջախջախիչ հաղթանակի հնարավոր կրկնությունն է խորհրդարանական ընտրություններում: Քաղաքագետներին մտահոգում է, որ խորհրդարանը կարող է միակուսակցական դառնալ, եթե ժողովուրդը շարունակի մերժել ավանդական կուսակցություններին:

Մտահոգ են ոչ միայն նախկին ռեժիմի ներկայացուցիչները, որոնք Ադրբեջանի հետ միասին խոսում են երկրում դիկտատուրայի հաստատման վտանգի մասին: Մտահոգ են նաեւ հեղափոխական գաղափարախոսության կրողները, որոնք իրական ժողովրդավարությունը տեսնում են խորհրդարանում եւ քաղաքական ուժերի լայն ներկայացվածության ու բանավեճերի մեջ:




Քոչարյանի զոհերը

Մեծ հավանականություն կա, որ պայմանականորեն դեկտեմբերին կայանալիք ընտրություններում Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիրը կստանա ձայների ճնշող մեծամասնությունը: Պետք է հասկանալ, թե դա ինչպես է աշխատելու, ինչ է իրենից ներկայացնում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ արդյոք սա սպոնտան, թե մշակված տեխնոլոգիա է:





Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում նոր քաղաքական մոդել է ձեւավորվում, որը պետք է տարածվի ամբողջ աշխարհում: Նա այդ մոդելը բնութագրել է ժողովրդի իշխանություն պլեբիսցիտի միջոցով: Դժվար է ասել, թե ինչպես է աշխատելու այդ մոդելը: Առայժմ միայն փորձարկման առաջին նշանները կան: Մասնավորապես, դա Նիկոլ Փաշինյանի ուղիղ կապն է ժողովրդի հետ Ֆեյսբուքի միջոցով, ինչպես նաեւ հանրահավաքները, որի արդյունքն էլ Երեւանում ձայների 81.5% է:

Եթե Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը խորհրդարանում 80-85% ստանա եւ քաղաքական բլոքչեյն ստեղծի, դա կլինի պլեբիսցիտի միջոցով ժողովրդի իշխանությունն իրացնելու առաջին դեպքը: Բլոքչեյնն էլեկտրոնային համակարգ է, որը թույլ է տալիս առանց կեղծիքների բազմաթիվ տվյալներ հավաքել ու պահպանել: Այդ համակարգն օգտագործվում է տնտեսությունում: Արմեն Մարտիրոսյանն ու Ժառանգությունն առաջարկում էին օգտագործել այն Հայաստանի ընտրություններում: Ըստ երեւույթին, Հայաստանում ստեղծվում է քաղաքական բլոքչեյնի մոդել, որը կօգտագործվի ոչ միայն ընտրություններում, այլ նաեւ կարեւոր որոշումներ կայացնելիս:


Այս առումով Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարող է դառնալ աշխարհի առաջին ցանցային կուսակցությունը, որին բնակչության մեծ մասը ոչ միայն աջակցում է, այլ նաեւ մասնակցում որոշումների կայացմանը բլոքչեյնի միջոցով: Հնարավոր է, Փաշինյանը դա նկատի ուներ, երբ ասում էր, որ Հայաստանում քաղաքականությունը պետք է ներառական լինի:

Հայաստանում Անգելա Մերկելին հավանաբար այդ մոդելն են ցանկացել ցույց տալ: Վրաստանում ու Ադրբեջանում նա խոսել է տնտեսության մասին, իսկ Հայաստանում զբոսնել վարչապետի հետ, ով իր երկրում բացարձակ աջակցություն է վայելում: Մերկելի համար, ով սովոր է «իշխանություն-ընդդիմություն, փոխզսպման համակարգեր» ավանդական մոդելին, սա նորություն է: Աշխարհում ոչ մի տեղ իշխանությունը չի վայելում հանրության բացարձակ աջակցությունը, ոչ մի տեղ ընդդիմությունն աներկբա չի մերժվում, ինչպես ներկայում Հայաստանում:



Դա միակուսակցական համակարգը չէ, որը գործել է ԽՍՀՄ-ում: Դա ուրիշ մակարդակ է, այլ մոդել, եւ եթե հաջողվի կյանքի կոչել Հայաստանում, աշխարհում կարող է վերջ դրվել կուսակցական կառավարման դարավոր համակարգին: Այդ համակարգը վաղուց արդեն ճգնաժամի մեջ է, երկրները նոր մոդելներ են փնտրում եւ ցանցայինից ավելի լավ բան չեն կարողանում մտածել: Ցանցային մոդելը գործում է տնտեսությունում, ֆինանսական սեկտորում եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հավանաբար, եկել է ցանցային քաղաքականության ժամանակը:

Այս իրավիճակում ավանդական կուսակցությունները պետք է համարժեք գնահատեն իրավիճակը: Նրանք կարող են հայտարարել ինքնալուծարման մասին, սակայն կարող են դառնալ ցանցի մաս, քանի որ ցանցը ենթադրում է միավորում, այլ ոչ թե դիմակայություն: Ցանցում ցանկացած դիմակայություն հանգեցնում է կարճ միացման:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->