>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Նշենք, որ Արտակ Դավթյանը արդեն զբաղեցրել է այս պաշտոնը։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նա եղել է 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը։ Այս պաշտոնից նա ազատվել էր կորոնավիրուսի ժամանակ որդու հարսանիքը կազմակերպելու համար։





Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավթյանին ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ էր նշանակել 2020–ի հուլիսի 17-ին։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել էր գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը։





Երեկ` 2021թ. մարտի 9-ին, Արտակ Դավթյանը ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից այսօր հայտնեցին, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով և նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով` 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից:

ՀՀ ՍԴ
Սահմանադրական դատարանը ստացել է ՀՀ նախագահի դիմումը, բայց դեռ վարույթ չի ընդունել
Իսկ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ նախագահը Սահմանադրական դատարան էր դիմել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրով:


2020թ.–ի նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում ձևավորվեց Հայրենիքի փրկության շարժումը, որը պարբերաբար հանրահավաքներ ու երթեր է կազմակերպում` պահանջելով, որ «կապիտուլյացիոն փաստաթուղթ» ստորագրած վարչապետ Փաշինյանը հեռանա իշխանությունից։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։



Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Сообщение Փաշինյանն արդեն ունի ԳՇ-ը պետի նոր թեկնածու․ Ահա թե ով է նա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->