>

Գագիկ Ծառուկյանը երեկ ասուլիս տվեց մի քանի լրատվամիջոցների՝ «Հրապարակ», «Ժողովուրդ», «168 ժամ» թերթերին, Tert.am կայքին եւ «Կենտրոն» TV-ին։ Նա անդրադարձավ ներքաղաքական լարված իրավիճակին, վերջին իրադարձություններին, խոսեց նախագահաի հրավերի եւ Նիկոլ Փաշինյանի հետ հավանական հանդիպման մասին։ Նախ ասաց, որ լուծումը վարչապետի հրաժարականն է եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը, իր մոտ ոչ մի բան չի փոխվել, ինչ ասել է, շարունակում է պնդել։

Մեր հարցին, թե ինչպես է վերաբերվում նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկին, որ ընդդիմադիր ուժերն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպեն նախագահականում եւ գտնեն լուծումներ ստեղծված իրավիճակից, Ծառուկյանն ասաց, որ իր տեսակետը նույնն է, ինչ երեկ հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը՝ հանդիպմանը կհամաձայնեն, եթե այն անցկացվի իրենց օրակարգով, Ազգային ժողովի նիստերի դահլիճում եւ ուղիղ հեռարձակմամբ, քանզի իրենք հանրությունից թաքցնելու բան չունեն։ Նաեւ՝ ցանկանում են ուղիղ եթերում հանդիպել Փաշինյանի հետ այն պարզ պատճառով, որ հետո չասեն՝ գնում, թաքուն բանակցում են։




Քոչարյանի զոհերը

«Նախագահը հրավերն ուղարկել է մեզ, բայց տվյալ հրավերի մեջ ծրագրային պարզաբանում, թե ինչի մասին պետք է խոսենք, մի քիչ արտահայտված չի։ Պարզ է, ես նորից եմ ասում՝ էսօր ցանկացած քննարկում՝ էս վիճակից դուրս գալու համար, անհրաժեշտ է։ Բայց այնտեղ ծրագիրը՝ կետերը, գրածը, թե ինչի մասին պետք է խոսենք, չկա։ Գրած է՝ հանդիպենք, խոսենք։ Եթե հարցադրումները կդնի, կետերը կդնի, ծրագիրը, որ այս հարցն է, այս հարցն է, կհանդիպենք, կքննարկենք, կասենք։ Եթե ռեալ, ծրագրավորած, կետերով կլինի, ինձ թվում է, կլինի նաեւ երկրորդ, երրորդ հանդիպումը։ Բայց հենց այնպես քննարկելու, խոսելու համար ես հարկ չեմ համարում»,-ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ Իշխան Սաղաթելյանը երեկ, երբ խոսում էր Հայրենիքի փրկության շարժման անունից, նաեւ ԲՀԿ-ի հետ համաձայնեցված էր խոսում։





Ինչ վերաբերում է իր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ առանձին՝ երկկողմ հանդիպմանը, ապա Ծառուկյանն ասաց․ «Իհարկե, լինելու է, քանի որ Հայրենիքի փրկության շարժման մեր գործընկերների հետ հանդիպել ենք, այդ թեման ասել ենք, եւ որոշողը ես եմ, ես ասել եմ՝ հանդիպելու եմ։ Ինձ թվում է, շուտով հանդիպումը կլինի, եւ բոլորդ էլ տեղյակ կլինեք, ոչ թե պատերի տակի խոսակցություններով, թե հանդիպել են, էս էն արել։ Էս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քայլ կատարել, վայրկյան շուտ հանգուցալուծել, որ էս խնդիրները կարգավորենք»։
Իսկ թե ինչ օրակարգով է հանդիպելու, ինչի շուրջ են քննարկում ունենալու, ԲՀԿ նախագահն ասաց․ «Ասեմ՝ ինչի շուրջ․ իմ տեսակետը չի փոխվել, վարչապետը պետք է հրաժարական տա, եւ պետք է շուտափույթ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մնացածը՝ կհանդիպենք Փաշինյանի հետ, ինքն էլ իր տեսակետը կասի»։

Անդրադարձանք նաեւ այն հարցին, որ ընդդիմությունը, ի թիվս՝ ԲՀԿ-ի, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հասցեին ամենակոշտ ձեւակերպումներով են հանդես գալիս, այդ թվում՝ նրանց անվանում են դավաճան, հողատու, հիմա ինչպե՞ս են պատկերացնում այդ երկխոսությունը մեկի հետ, ում դավաճան են անվանում։


«Այսինքն՝ անցյալ անգամ ո՞նց պատկերացրիք, ո՞նց տեսաք մեր հանդիպումը։ Եթե էսօր չենք հանդիպում, ի՞նչ ա լինում, կարա՞ք ինձ ասեք։ Նստենք, սպասենք, երբ երկիրը կդատարկվի՞, ադրբեջանցիներն էլ Սյունիքով, Տավուշով, Սեւանով վերցնեն, այո՞։ Ի՞նչ եք առաջարկում։ Բայց էսօր պետք է քննարկենք, ամեն մեկն իր տեսակետը հայտնի, որ էս վիճակից դուրս գանք։ Լավ, չենք հանդիպում, չենք քննարկում, ընտրություն էլ չի լինում, ի՞նչ ա լինում, կարա՞ս ասես։ Թշնամին, որ թշնամի է, էլի գնում են բանակցությունների, քննարկում են, որ ճիշտ լուծում ունենան։ Թշնամիներն իրար հետ էլի կա հարց, որ գնում են, իրար հետ քննարկում են հարցի լուծումը, ճի՞շտ ա, թե՞ ոչ։ Բա եթե չհանդիպենք, չքննարկենք, էս վիճակը թողնենք, որ ավելի վատանա, եղածն էլ կորցնենք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդն անդրադարձավ նաեւ Հայրենիքի փրկության շարժման կողմից առաջադրված վարչապետի միասնական թեկնածուի հարցին, որ եթե մոտակա ամիսներին լինեն արտահերթ ընտրություններ, ստացվում է՝ այլեւս Վազգեն Մանուկյանը չի՞ լինի վարչապետի իրենց թեկնածուն։ Եվ ո՞վ պետք է լինի, եթե Նիկոլ Փաշինյանը, ի վերջո, հրաժարական տա եւ հայտարարի ընտրությունների գնալու մասին։ Այս հարցերին Գագիկ Ծառուկյանը հստակ պատասխան չտվեց։
«Ուրեմն վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը չեմ ասում, որ թեկնածու չի, սա եղել է մեր ծրագիրը, մեր մոտեցումը։ Բայց այսօր իրադրությունն այնպես է ձեւավորվել, որ էսօր Հայրենիքի փրկության շարժման արդյունքն է, որ եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։



Մեր նպատակը, շարժման մասնակիցների նպատակը վարչապետի հրաժարականն էր, որ մենք կարողանայինք այս վիճակից դուրս գալ։ Հիմա, եթե հարցը կայացավ այնպես, որ անմիջապես խորհրդարանական ընտրություններ լինեն, ձեւավորվի նոր իշխանություն, ուրեմն էսօր ոչ թե անձնական շահը կամ թիմակցին պաշտպանելը պետք է լինի, այլ մենք պետք է նայենք հօգուտ երկրի, հօգուտ ժողովրդի, որ արագ հարցը կարգավորվի, որ ավելի չխորտակվենք, ավելի չկործանվենք»,- ասաց նա։

Ուղիղ հարց հնչեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, եւ վարչապետի թեկնածու առաջադրվի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԲՀԿ-ն կողմ կքվեարկի՞ նրա օգտին։ «Եթե ԲՀԿ-ն ընտրելու լինի, հենա իր կողմից թեկնածություն կդնի, կառաջարկի էն պատկերացումով, պատասխանատվությամբ՝ հանրության, ժողովրդի առաջ, որ էսքան ժամանակ ես ինչ որ ասել եմ, ես իմ ժողովրդին երբեք սուտ չեմ ասել, մի բան էլ քիչ եմ ասել։ Բայց էսօր ընդդիմության ձայները 30 տոկոս է, 30 տոկոսով վարչապետ չի ընտրվում։ Այնպես որ, անիմաստ է էդ հարցերը քննարկել, որ մենք պետք է թեկնածու դնենք կամ այս անենք, այն անենք, մեր ձայները սաղ-սաղ 30 տոկոս է։ Եթե իմքայլականները կորոշեն էդ քայլը կատարել, իրենք ի վիճակի են իրենց ձայներով ե՛ւ ներկայացնելու, ե՛ւ ընտրելու»,- իրենց մոտեցումը բացատրեց ԲՀԿ առաջնորդը։

Նա նաեւ ասաց, որ եթե գնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ապա ԲՀԿ-ն կմասնակցի միայնակ։ Հարցրինք նաեւ՝ ինքն առանձին հանդիպումներ ունենո՞ւմ է ՀՀ երեք նախկին նախագահների՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ինչին Ծառուկյանը դրական պատասխան տվեց՝ այո, հանդիպում են։ Իսկ թե երբ է վերջին անգամ հանդիպել նրանցից յուրաքանչյուրի հետ, Ծառուկյանը չցանկացավ հատուկ օր նշել։

Сообщение Գագիկ Ծառուկյանը հայտարարությամբ հանդես եկավ․ Ի՞նչ է պատրաստվում անել նա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->