>

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից ունեցած առաջին ելույթում Նիկոլ Փաշինյանը փաստացի բարձրացրեց նոր Հայաստանի միջազգային պատասխանատվության հայեցակարգը, միաժամանակ էլ բարձրացրեց Հայաստանի առաջ միջազգային հանրության պատասխանատվության խնդիրը: Խոշոր հաշվով, ներկայացվեց «ավելին ավելիի դիմաց» յուրօրինակ մի կոնցեպտ, որպիսին օրինակ Հայաստանի առաջ նախկինում դրել էր Եվրամիությունը: Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ Հայաստանը դառնում է ավելի լավը, ավելի արդիական, ավելի ժողովրդավարական, ավելի ժողովրդական, որպես համաշխարհային կյանքի մասնակից ավելի պատասխանատու, հետեւաբար ավելի բարձր պետք է լինի այդ Հայաստանի առաջ համաշխարհային պատասխանատվության մակարդակը:

Միեւնույն ժամանակ, այդ շրջանակում առանցքային կարեւորության կոնկրետ շեշտադրումներից էին Արցախի խնդիրը եւ այդ խնդրում միջազգային հանրության քաղաքակրթական եւ քաղաքական պատասխանատվության շեշտադրումը, ինչպես նաեւ Հայաստանում այս օրերին հատկապես քննարկվող հարցը՝ մասնակցությունը Սիրիայում մարդասիրական առաքելությանը:

Հարցը դեռեւս քննարկման փուլում է, բայց արդեն եղել են շատ կոնկրետ հայտարարություններ պաշտոնական մակարդակով: Սպասվում է, որ Հայաստանը սիրիական Հալեպ կգործուղի բժիշկներ եւ հումանիտար ականազերծողներ, որոնք կօգնեն Հալեպի հայությանը:




Քոչարյանի զոհերը

Խնդիրը Հայաստանում առաջացրել է հանրային հասկանալի անհանգստություն: Որեւէ պետության հանրության համար նախընտրելի չէ որեւէ ստորաբաժանում գործուղել շատ թե քիչ թեժ որեւէ կետ: Մյուս կողմից, եթե հանրությունը որպես կենսագործունեության ձեւ ընտրում է պետականությունը, ապա պետք է գիտակցի, որ անխուսափելիորեն կանգնելու է այդօրինակ որոշումների անհրաժեշտության առաջ, որովհետեւ, ինչպես փոքր ինչ վերափոխած կասեր դասականը՝ պետությունը ճոճք, իսկ համաշխարհային կյանքն էլ ծիրանագույն բուրաստան չէ:




Այն պատասխանատվություն է, ընդ որում բազմաշերտ եւ բազմամակարդակ, բազմաֆորմատ պատասխանատվություն:

Ըստ այդմ առաջանում են անհրաժեշտություններ, ինչպես օրինակ Իրաք, Աֆղանստան, Լիբանան, Կոսովո խաղաղարար առաքելություն գործուղելու հարցում: Նույն կերպ առաջանում է նաեւ անհրաժեշտություն Սիրիայի հարցում, նկատի ունենալով մի շարք պետական ու ազգային հանգամանքներ, սկսած Սիրիայում հոծ հայության գոյությունից, մինչեւ Մերձավոր Արեւելքում հայկական քաղաքակրթական ներկայություն:

Այդ ամենը գործելու է «մեզանից անկախ», մեր մասնակցությունից անկախ, եւ եթե մենք չզբաղվենք դրանով, գոնե որոշակի չափով, ապա կզբաղվեն մեզանով. կարող ենք հանգիստ կամ անհանգիստ լինել՝ մեր անտարբերության եւ գլուխներս մեր հողում խոթելու դեպքում մեզանով զբաղվող հաստատ կգտնվի:


Ընդ որում, հարկավոր է թերեւս շեշտել, որ Հայաստանի որպես ներգրավում անհրաժեշտությունը ստիպվածի հոմանիշը չէ: Անհրաժեշտությունը տվյալ դեպքում ավելի շուտ բխում է ընդամենը միջազգային սուբյեկտային կարգավիճակից, որը թույլ է տալիս Հայաստանին գծել իր շահի եւ անհրաժեշտության սահմանը, ու դա բացատրել միջազգային հարթակից:

Նիկոլ Փաշինյանը գործնականում արել է դա ՄԱԿ ամբիոնից, հիշատակելով Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ, արեւմտյան կոալիցիոն այլ առաքելություններին, եւ արձանագրելով անվտանգության գլոբալ խնդրում փոխադարձ պատասխանատվության հարցը: Այդ համատեքստում էլ Փաշինյանը բարձրաձայնում է ՄԱԿ ամբիոնից Սիրիայում մարդասիրական առաքելության պատրաստակամությունը, անվտանգության համաշխարհային փոխադարձության շրջանակ ներառելով նաեւ Հայաստանի առանձին պատասխանատվությունը հայրենակիցների նկատմամբ:

Այդ տեսանկյունից, Փաշինյանն անում է կարեւորագույն շեշտադրում, որը նաեւ յուրօրինակ արձագանք է Միացյալ Նահանգների դիրքորոշմանը:


ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, որ հասկանում է Սիրիայի հայ համայնքին օժանդակելու Հայաստանի անհրաժեշտությունը: Միաժամանակ նրբորեն ակարկվել էր, որ Նահանգների համար կարեւոր է, որպեսզի Հայաստանը չներքաշվի Իդլիբի շուրջ զարգացումներում եւ մնա մարդասիրական առաքելության հայտարարված շրջանակում:

Գրեթե նույն տողատակը կրկնվեց նաեւ Հայաստանի Անկախության առիթով ԱՄՆ նախագահի Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում, որտեղ Դոնալդ Թրամփը Հայաստանին շնորհակալություն էր հայտնում սիրիացի փախստականներին ընդունելու համար, այդպիսով թերեւս վերհաստատելով, որ ԱՄՆ լիովին ճանաչում է Մերձավորարեւելյան ռեգիոնում հայության խնդիրն ու Հայաստանի անհրաժեշտություներն այդ խնդրում: Ավելին, այդ իմաստով ԱՄՆ ինքը փոխնախագահի մակարդակով բավական ընդգծված շեշտադրումներ էր արել նախորդ տարի, խոսելով ռեգիոնի քրիստոնյա փոքրամասնությունների հանդեպ Նահանգների պատասխանատվության եւ օգնության մակարդակը բարձրացնելու մասին:

Այդ տեսանկյունից Երեւանը ներկայում տալիս է համարժեք արձագանք, ակնարկելով, որ պատրաստ է մարդասիրական առաքելության ամենալայն ֆորմատով, եւ այդ իմաստով Երեւանը չի դնում տարբերակում ֆորմատների միջեւ՝ ռուսական, ամերիկյան, ՄԱԿ, թե այլ: Հայաստանի համար կարեւոր է հայրենակիցներին աջակցությունը, եւ ներգրավվելով այդ հարցում Ռուսաստանի Դաշնության հետ, Հայաստանը պատրաստ է դիտարկել նաեւ որեւէ այլ ֆորմատի առաջարկ:

Գործնականում սա Երեւանի կարեւոր վերահաստատում է: Այն իմաստով, որ 2017 թվականին այդ դիրքորոշում-ակնարկը ՄԱԿ ԳԱ ամբիոնից արել էր նաեւ Սերժ Սարգսյանը: Ռուսաստանի հետ Սիրիայում առաքելության հարցը Երեւանը քննարկում է դեռեւս 2017 թվականից, եւ Հայաստանի նոր իշխանությանը բաժին է ընկնում եզրափակիչ փուլը: Ավելին, այդ իմաստով Հայաստանի նոր իշխանությունը լեգիտիմության եւ ինքնիշխանության իր պաշարով ներգրավումը ստիպվածից կարող է դարձնել հենց անհրաժեշտ եւ կարեւոր, ըստ այդմ բարձրացնելով Հայաստանի քայլի քաղաքական կշիռը թե Ռուսաստանում, թե Արեւմուտքում:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->