>

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի «Սաքուլիկի»՝ Սարգիս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ երկու ուղևորով Սարգիս Վարդանյանը երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:

Ճանապարհի այդ հատվածում թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը Սարգիս Վարդանյանը գերազանցել է մոտ երկու անգամ՝ մեքենան վարել է 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի արդյունքում բախվել է կարմիր լույսի տակ, լուսային ազդանշանները միացված վիճակում խաչմերուկ մտած, ՃՈ «Տոյոտա» ավտոմեքենային, որի ղեկին ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն էր:




Քոչարյանի զոհերը

«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:

Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:


Վթարից որոշ ժամանակ անց «Նաիրի» բ/կ է դիմել 44-ամյա Սարգիս Մ.-ն, հայտնել է, թե մարմնական վնասվածքներ է ստացել վթարի հետևանքով, քանի որ ինքն է եղել ոստիկանների մահվան ելքով վթարի մասնակից ««BMW-X6» մեքենայի ղեկին:




Կարճ ժամանակ անց պարզվել է, որ քաղաքացին ինքն իր նկատմամբ «սուտ մատնություն» է կատարել՝ Ճվճվ Արոյի որդու կատարած վթարը վերցնելով իր վրա:

Նույն օրը Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է:

Սարգիս Վարդանյանի վարած «BMW»-ի մեջ հայտնաբերվել են ռուսական ու հայկական համարանիշեր:

Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը կալանավորումն է: Գործը դատարան մուտք լինելուց հետո ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ս. Ջաղինյանը միջնորդել էր իր պաշտպանյալի կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինել կամ անազատության հետ չկապված այլ խափանման միջոց կիրառել: Դատարանի որոշմամբ Սարգիս Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ: Դատարանի այդ որոշումն անփոփոխ է թողել վերաքննիչ քրեական դատարանը՝ մերժելով պաշտպանի վերաքննիչ բողոքը:

Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը վթարի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է՝ եթե մեղավոր է, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:


Տուժողների իրավահաջորդները բողոքել են Սարգիս Վարդանյանի դեմ ու պնդել են, որ նա ենթարկվի պատասխանատվության ու խստագույն պատժի:

Տուժող Արեգ Դավթյանի իրավահաջորդի ներկայացուցիչը փաստաբան Ռուբեն Բալոյանն է, իսկ տուժող Խաչիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ փաստաբան Զարուհի Վարդանյանը:

Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ:

Դատարանը գործով ձեռք բերված ապացույցների հետազոտման փուլում է:

Սակայն դատական այս նիստին ամբաստանյալն անակնկալ մատուցեց՝ նա փոխեց պաշտպանին:

Սարգիս Վարդանյանի շահերը այսուհետ կպաշտպանի ոչ թե փաստաբան Սամվել Ջաղինյանը, այլ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը: Վերջինս ժամանակին դատախազ է եղել, մասնավորապես՝ աշխատել է գլխավոր դատախազությունում, եղել է Արագածոտնի մարզի դատախազը:


Հակոբ Մարտիրոսյանը միջնորդեց իրեն ժամանակ տրամադրել քրեական գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը:

Դատարանը նաև տեղեկացրեց, որ դատարան է մուտք եղել վթարի պահին վնասված գովազդային վահանակի պատճառով համապատասխան ընկերությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ քաղաքացիական հայց:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները մեր զրույցի ժամանակ հայտնեցրին, որ իրենք ևս քաղհայցի պահանջներ ներկայացնելու են առաջիկայում, կատարվում են հաշվարկներ:

Տուժողներ Արեգ Դավթյանը և Խաչիկ Գասպարյանն իրենց խնամքին մեկական մանկահասակ երեխա ունեին, ընդ որում՝ Խաչիկ Գասպարյանի երեխան ծնվել է վթարից ոչ շատ առաջ:

Տուժող Արեգ Դավթյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը մեր զրույցի ժամանակ ասաց, որ գործով կատարել են քննչական փորձարարություն: Եթե Սարգիս Վարդանյանը մեքենան վարեր թեկուզ՝ թույլատրված առավելագույն արագությամբ, ապա նա ի վիճակի կլիներ սահմանափակ տեսանելիության պայմաններում իր երթևեկության համար առաջացած վտանգը՝ խաչմերուկ մտնող ոստիկանական մեքենան նկատել ու ժամանակին միջոցներ ձեռնարկել վթարից խուսափելու համար: Սակայն Սարգիս Վարդանյանը մեքենան վարել է շատ մեծ արագությամբ՝ 113 կմ/ժ…

Գործով մեղադրողը՝ դատախազ Ա. Մարգարյանն ասաց, որ Սարգիս Վարդանյանին առաջադրված մեղադրանքը առավել քան հիմնավոր է: Գործով կատարվել են բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, մասնավորապես՝ ստուգվել է՝ արագությունը չգերազանցելու դեպքում Սարգիս Վարդանյանը ո՞ր պահից կտեսներ իր երթևեկության համար առաջացող վտանգը… Փորձաքննությունների եզրակացությունները մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ են…

Հետազոտվող ապացույցների թվում կան նաև հեռախոսային գաղտնալսված խոսակցություններ, մասնավորապես՝ Սարգիս Վարդանյանի ու Սարգիս Մ.-ի միջև հեռախոսազրույցը՝ Սարգիս Վարդանյանը Սարգիս Մ.-ին ասել է, թե մի թեթև վթարի է ենթարկվել, թող նա գնա ու իր վրա վերցնի՝ ասի, թե ինքն է եղել «BMW»-ի ղեկին…

Այս գործով դատական քննությունն ընթանում է դանդաղ, նիստերը հաճախ են հետաձգվում: Ձգձգումներից դժգոհում են բոլոր կողմերը: Հաջորդ նիստին, եթե հետաձգման որևէ հիմք չլինի, դատարանը կշարունակի հետազոտել գործում առկա ապացույցները:

Ապա, ըստ դատարանի կողմից սահմանված կարգի՝ պետք է հարցաքննվեն վկաները: Վերջում կհարցաքննվի ամբաստանյալը՝ Սարգիս Վարդանյանը:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->