>

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Հայաստանի սահմանն ապօրինի հատած Թուրքիայի անչափահաս քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է եւ նա ստացել է Հայաստանից հեռանալու հնարավորություն: Խոսքը Կարսի 16-ամյա բնակիչ Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենի մասին է, ով ամիսներ առաջ ապօրինի հատել էր Հայաստանի սահմանը:

Այդ կապակցությամբ տեղեկություն էր տարածվել, որ հայ-թուրքական սահմանը հսկող ՌԴ սահմանապահ ծառայությունը ձերբակալել է սահմանախախտ հետախույզի: Նրա մոտ հայտնաբերվել են սահմանի լուսանկարներ: Ներկայում, ԱԱԾ տարածած տեղեկության համաձայն, նա հայտնել է դեպքի հետ կապված հավաստի տվյալներ եւ անկեղծորեն զղջացել կատարվածի համար:




Քոչարյանի զոհերը

Այլ կերպ ասած, եթե քրեական հետապնդումը դադարեցվում է, ապա նշանակում է, որ նա հետախույզ չէր, այլ ուղղակի սահմանախախտ: Արդյոք այդպես էր, թե՞ Հայաստանի անվտանգության կառույցները պարզապես արձանագրում են, որ նրա սահմանախախտումը Հայաստանի համար չի ունեցել որեւէ վտանգավոր հետեւանք, եւ այդպիսով պարզապես մարդասիրական ժեստ է կատարվում, հաշվի առնելով նրա անչափահաս լինելը:




Հայաստանի ԱԱԾ-ն հայտնում է նաեւ, որ ստուգվել է անչափահասի կապը որեւէ ծայրահեղական ահաբեկչական խմբավորման հետ, սակայն այդպիսի որեւէ կապ չի հաստատվել:

Իրավիճակն այդուհանդերձ զարգացավ հետաքրքիր սցենարով: Մի քանի շաբաթ առաջ թուրքական մամուլը տեղեկություն էր տարածել, իբր Թուրքիայի նախագահ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Փաշինյանին եւ փորձել լուծել անչափահաս քաղաքացու ազատ արձակման հարցը, որն ըստ թուրքական կողմի մոլորվել եւ սահմանը անցել է նախիրն արածեցնելիս: Ըստ այդ հրապարակումների, հայկական կողմը համաձայնել էր ազատ արձակել անչափահասին:

Հայկական կողմը ԱԳՆ խոսնակի մակարդակով, հետո նաեւ Նիկոլ Փաշինյանն ինքը հերքեցին այդօրինակ հեռախոսազրույցի առկայությունը: Ընդ որում հետաքրքիր էր այն, որ հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը թուրքական մամուլը տարածել էր Պուտինի հետ Էրդողանի հանդիպման մեկնելուց մի քանի օր առաջ: Իսկ այդ հանդիպումից առաջ էլ  Թուրքիայի նախագահը մեկնեց Բաքու:


Իսկ օրերս էլ Երեւան էր ժամանել եւ Հանրապետության հրապարակից լուսանկար հրապարակել 16-ամյա անչափահասի հայրը, ով եկել էր որդու հետեւից:

Կապվա՞ծ էր արդյոք թուրքական մամուլի այդ տեղեկությունը Էրդողանի հանդիպումների այդ «ճանապարհային քարտեզի» հետ: Ի դեպ, հատկանշական է թերեւս նաեւ այն, որ սեպտեմբերի 17-ին Սոչիում Էրդողան-Պուտին հանդիպմանը ձեռք բերվեց Իդլիբի հարցում հայտնի համաձայնությունը: Արդյոք այդ ամենից առաջ յուրօրինակ համաձայնություն է եղել հայ-թուրքական տիրույթում՝ Թուրքիայի քաղաքացու ազատ արձակման հարցում, որին սահմանին ձերբակալել էր ՌԴ սահմանապահ ծառայությունը:



Ի՞նչ է ստացել հայկական կողմն այդ համաձայնությունից, այդ ժեստից, որ կատարվում է Թուրքիայի 16-ամյա քաղաքացուն ազատ արձակելու տեսքով: Այս դեպքում խոսքը հայկական կողմի որեւէ կոնկրետ արդյունքի մասի՞ն է, թե՞ ավելի երկարաժամկետ գործընթացային որեւէ պայմանավորվածության:

Հատկանշական է նաեւ այն, որ հեռախոսազանգի պատմությունը թուրքական մամուլում հայտնվեց Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցից օրեր անց: Ֆրանսիայում Փաշինյանը մի քանի հատկանշական հայտարարություն էր արել Արցախի խնդրի մասով, թե Ադրբեջանին կարգի հրավիրելու, թե նաեւ Հայաստանի հետ Արցախի միավորման առումով:

Դրանից հետո՞ է Էրդողանը զանգահարել Երեւան: Եվ արդյոք Պուտինի հետ հանդիպման նախօրեին Բաքու մեկնելու որոշումը թելադրված է եղել այդ հեռախոսազանգով եւ պայմանով, որի դիմաց ազատ է արձակվել Թուրքիայի 16-ամյա քաղաքացին:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->