>

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքով, որն Ազգային ժողովն ընդունեց մարտի 24-ին, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքեր եւ մեխանիզմներ են ներդրվում:

Փոփոխությունները վերաբերում են ինչպես ընդունելության կազմակերպման ժամանակային կարգավորումներին, այնպես էլ բովանդակային եւ ֆինանսական ուղղություններին: Օրինակ, դիմորդը հնարավորություն կստանա միաժամանակ սովորել մեկից ավելի բուհում, ընդունելությունից երկու տարի առաջ տեղեկանալ, թե որ առարկաներից պետք է քննություն հանձնի:




Քոչարյանի զոհերը

ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը մեզ հետ զրույցում մանրամասներ ու պարազաբանումներ է ներկայացրել օրենքի մի շարք փոփոխությունների վերաբերյալ:





Սամվել Կարաբեկյանի խոսքով՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի կենտրոնում ուսանողն է եւ ուսանողի՝ իր կրթության կազմակերպմանը մասնակցելու իրավունքը:

Օրենքի գլխավոր նորամուծություններից է համատեղ կրթական ծրագրերի ներմուծումը:

Առաջիկայում դիմորդները արտաքին գնահատման վկայագրերով (հանձնած քննությունների սերտիֆիկատով) կարող են դիմել սովորելու մեկ կամ տարբեր բուհերի նույն կրթական ոլորտի մեկից ավելի կրթական ծրագրերով։

Մասնագետի խոսքով՝ սա նշանակում է, որ բուհերը կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագրեր, ընդ որում, ոչ միայն հայաստանյան, այլ նաև արտերկրյա բուհերի հետ: Այս դեպքում ուսանողը կարող է ստանալ երկու բուհերի միասնական մեկ դիպլոմ կամ մասնակից բուհերից մեկի դիպլոմ, կամ էլ մասնակից բուհերից յուրաքանչյուրի առանձին դիպլոմները:


Այս ամենի հետ մեկտեղ որոշակի փոփոխություններ կլինեն պետական ֆինանսավորման ձևերի մասով: Եթե նախկինում պետության կողմից հատկացվում էին անվճար ու վճարովի տեղեր, ապա նոր օրենքի կարգավորումներով կստեղծվի նոր կրթաթոշակային համակարգ: Ուսման վարձի փոխհատուցումը կիրականացվի 3 ձեւով. պետական կրթաթոշակով, որը տրվելու է ուսանողին՝ բարձր առաջադիմության և ուսումնական հաջողությունների համար, ուսանողական նպաստով, որը տրվելու է սոցիալական խոցելի խմբերին՝ անկախ նրա կրթական ցուցանիշներից, ինչպես նաեւ ուսանողական ֆինանսական խրախուսումով, որը ուսուցման հետ կապված այլ ծախսերի կամ ակադեմիական եւ հետազոտական ձեռքբերումների համար տրվելու է լավագույն ուսանողներին։

Կառավարության կողմից հատկացվող պետական կրթաթոշակը հաստատվելու է հաջորդ երեք ուսումնական տարիների կտրվածքով, այսինքն՝ ընդունելությունից 3 տարի առաջ պետությունը հայտարարելու է պետական աջակցության ենթակա ոլորտները, ըստ այդմ՝ նաեւ պետական կրթաթոշակների տոկոսային բաշխումը: Պետական կրթաթոշակի ենթակա կրթական ծրագրերի դիմորդների փոխհատուցումը կատարվելու է մրցույթի մասնակիցների առավելագույն միավորների հիման վրա։ Գերակա է ճանաչվելու դիմորդի գիտելիքը, որին տրվելու է հնարավորություն՝ ընտրելու իր բուհը և ֆինանսավորումն ուղղվելու է ամենաբարձր միավորներ ստացած ուսանողին։

«Այս նոր համակարգում հիմնական սկզբունքն այն է, որ գումարն է գնում ուսանողի հետեւից: Այսինքն՝ եթե հիմա պետությունը գումարը տալիս է բուհին, այս կարգավորմամբ՝ տալիս է ուսանողին: Եվ երբ ուսանողն իր որոշումը կայացնի, թե որ բուհն է ցանկանում գնալ ուսումնառելու, որտեղ նա ցանկացավ գնալ, պետության գումարը ուղղվելու է հենց այնտեղ: Այստեղ սկզբունքային փոփոխությունը ակնհայտ է. ուսանողը հենց սկզբից է դերակատարություն ստանում: Հենց ինքն է այդ գումարի տերը, նույն այն կերպ, ինչպես այն ուսանողը, որը վճարում է: Պետական կրթաթոշակը առաջադիմության համար է տրվում, եւ պետությունը եւս շահագրգռված է, որպեսզի տրված կրթաթոշակը շարունակի տրված լինել լավագույն առաջադիմություն ունեցողին: Դրա համար ռոտացիայի կամ փոխատեղման սկզբունքը փոքր-ինչ վերափոխվել է: Եթե ուսանողը երկու կիսամյակի ընթացքում բուհի սահմանած ՄՈԳ-ի շեմից 10 տոկոսից ավելի ցածր ցուցանիշ է արձանագրում, երկու կիսամյակ հետո նա զրկվում է պետական ֆինանսավորումից, իսկ բուհն այն լավագույնին է տալիս»,- նշում է մասնագետը:



Նոր օրենքի համաձայն, ընդունելության ժամանակային փոփոխությունը վերաբերում է նրան, որ ուսումնական տարվանից առնվազն երկու տարի առաջ բուհերը հրապարակում են ընդունելության պահանջները, նշում այն առարկաները, որոնք պետք է հանձնեն դիմորդները բուհ ընդունվելու համար: Սա նշանակում է, որ եթե նախկինում նույն ուսումնական տարում էին դիմորդները տեղեկանում, թե այս կամ այն ֆակուլտետն ընդունվելու համար ինչ քննություն պիտի հանձնեն, հիմա՝ նոր օրենքով, երկու տարի առաջ են արդեն լինում այդ մասին տեղեկացված: Բուհերը կսահմանեն նաեւ անցողիկ միավորների շեմերը:

Ըստ Սամվել Կարաբեկյանի՝ երկու տարին այն ժամկետն է, երբ ուսանողը կարող է կանխատեսելի ձեւով պլանավորել մասնագիտական կողմնորոշումը:

Մեկ այլ փոփոխությամբ ՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ ցանկացած բուհում՝ լինի պետական կամ ոչ պետական, «Հայոց լեզու» առարկայի միասնական քննությունը կլինի պարտադիր:

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքով» արմատական փոփոխություններ են նախատեսվում նաեւ ուսումնառության ժամկետներում:

Ներկայում բուհերում իրականացվող առկա եւ հեռակա ուսուցումը առաջիկայում կփոխարինվի ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ: Ուսումնառությունն ավարտել 3, 4, թե 7 տարում, կընտրի ուսանողը:

Սամվել Կարաբեկյանը հավաստում է, որ սա մեծ հնարավորություն կտա ուսանողներին կրթությանը զուգահեռ աշխատել եւ այլն:

Сообщение Նոր օրենքով «Հայոց լեզվից» միասնական քննությունը կդառնա պարտադիր появились сначала на MediaNews.


от admin

-->