>

Վարչապետ Փաշինյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանի հայտարարությունները Հայաստանի ռեգիոնալ գնահատումները վերանայելու առնչությամբ, որոնք վերաբերում էին հայ-թուրքական հարաբերությանն ու դրա թշնամական ընկալումներից խուսափելուն, Հայաստանում հերթական անգամ սրել են այդ մասին խոսակցությունները, որոնք առանց այդ էլ չեն մարում Արցախի դեմ պատերազմից,


նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Հայ-թուրքական հարաբերությունը եղել է և, թերևս, երկար ժամանակ լինելու է կովկասյան ռեգիոնի հարաբերությունների առանցքը, յուրօրինակ կոդը, որի հանգուցալուծումը բեկումնային նշանակություն է ունենալու Կովկասի համար:




Մեծ հաշվով, հայ-թուրքական հարաբերության ներկայիս բնույթն է, որ Կովկասում դերակատար է պահում Ռուսաստանին: Այդ բնույթի փոփոխությունը Ռուսաստանը անխուսափելիորեն դնելու է Կովկասից դուրս: Կամ՝ Ռուսաստանը ստիպված պետք է լինի պատերազմ հայտարարել Կովկասին: Այդ դեպքում հարց է առաջանում, թե Թուրքիան, որ ակնհայտորեն դրել է խնդիր Ռուսաստանը դուրս մղել ոչ միայն Կովկասից, այլև շղթայաբար՝ կենտրոնասիական ռեգիոնից, ինչո՞ւ չի գնում Հայաստանի հետ հարաբերության կարգավորման, այլ հակառակը՝ իր աճող ագրեսիայով և Հայաստանին թելադրվող նախապայմաններով, ըստ էության, խթանում է այն տրամաբանությունը, որի վրա կառուցում է իր ռազմավարությունը Ռուսաստանը:





Առաջին հայացքից ստացվում է հակասական պատկեր, որը, սակայն, խորքային մակարդակում լիովին համահունչ է առկա տրամաբանությանը: Բանն այն է, որ Թուրքիան ցանկանում է դուրս մղել Ռուսաստանին Կովկասից, սակայն դուրս մղել՝ նրա տեղը զբաղեցնելու համար, ոչ թե նրան դուրս մղելով՝ այլ ուժային կենտրոնի համար տեղ ազատելու նպատակով:


Բանն այն է, որ հայ-թուրքական երկխոսության, հարաբերության կարգավորման գործընթացի պարագայում Ռուսաստանի դերը, Ռուսաստանի ռեգիոնալ խարիսխը «չեզոքանում» է, բայց, դրանով հանդերձ, Թուրքիան չի կարողանում մտնել ռեգիոն կամ խորանալ դրանում այնպես, ինչպես այն դեպքում, երբ անում է դա ագրեսիվ ճանապարհով և Ռուսաստանին նահանջ պարտադրելով: Հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը նշանակելու է կայուն Կովկաս, հետևաբար՝ աշխարհաքաղաքական մրցակցային միջավայր, որտեղ Թուրքիան ունի կենսունակ մի շարք մրցակիցներ՝ Միացյալ Նահանգներից մինչև Չինաստան և արաբական աշխարհ:

Ահա թե ինչու Անկարային պետք չէ կայունության միջավայր, պետք չէ, որպեսզի իմաստազրկվի Ռուսաստանի դերը: Թուրքիային ավելի շահեկան է այդ դերի պահպանումը, քանի դեռ պահպանվում են ՌԴ-Արևմուտք դիմակայությունն ու դրա հետևանքով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք թուլացնում են Մոսկվային, մյուս կողմից ստիպում Արևմուտքի դեմ գործընկեր դիտարկել Թուրքիային:



Թուլացող Ռուսաստանի պարագայում Անկարայի համար այդ վիճակը գրեթե մոտ է իդեալին, երբ թուլացող Ռուսաստանը համաձայն է լինում պայմանավորվել Անկարայի հետ՝ զիջելով նրան նորանոր գոտիներ կամ տարածքներ իր կենսական ռեգիոններում: Իսկ այստեղ, ինչպես ցույց է տվել ցավագին պատմությունն ու նույնքան ցավոտ ներկան, Հայաստանը դառնում է մանրադրամ:

Այդ իրավիճակից ելքը հայկական պետականության առանցքային մարտահրավերներից մեկն է, որի փնտրտուքը, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերության մեխանիկայի ուղղությամբ, պետք է լինի հայկական պետական էլիտայի ռազմավարական առաքելության մակարդակի անելիքը:

Դիտեք նաև

Сообщение Ինչո՞ւ է Թուրքիան պահում Ռուսաստանին Կովկասում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->