>

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ բացասական է գնահատում «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի այն միտքը, թե խորհրդարանի արտահերթ ընտրության համար, անհրաժեշտության դեպքում, կլինի փողոցային պայքար, մարդկանց դուրս կբերեն փողոց:


Հայաստանն իր դեմքը ցույց է տվել աշխարհին, ցույց է տվել հանդուրժողության իր ուժը, կարծում է Բաբլոյանը՝ ասելով, որ պետք չէ այդ ամենը փչացնել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ ամենն ուզում է փչացնել ոչ թե «Ելք» խմբակցության որևէ պատգամավոր, այլ այն պատգամավորները, որոնք Արա Բաբլոյանի քաղաքական ուժը ներկայացնող խմբակցությունից են և հայտարարում են, թե արտահերթ ընտրությունը դա իրենց օրակարգը չէ, այլ Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, իսկ իրենք չեն տեսնում այդպիսի հիմք: Ըստ այդմ՝ այն, ինչ Արա Բաբլոյանն ասում է Լենա Նազարյանի խոսքերի կամ մտքի կապակցությամբ, իրականում պետք է ասի սեփական կուսակցության ներկայացուցիչներին, իր կուսակիցներին, խմբակիցներին:







Քոչարյանի զոհերը

Օրինակ՝ Արա Բաբլոյանը ուներ դրա հնարավորությունը նախօրեին, երբ Սերժ Սարգսյանի նախագահությամբ անցկացվել է ՀՀԿ ԳՄ նիստ, ամառային տևական արձակուրդից հետո: Ասե՞լ է Արա Բաբլոյանն իր կուսակիցներին, որ պետք չէ խաղալ թավշյա հեղափոխության արձանագրած առաջին արդյունքի, ըստ այդմ նաև Հայաստանի կայունության և միջազգային հեղինակության հետ, ու պետք է պարզապես կայացնել այս պահին միակ ճիշտ և սթափ որոշումը, գնալով խորհրդարանի արտահերթ ընտրության, եթե անգամ չկա դրա արդյունքում խորհրդարանում հայտնվելու շանս: Ավելին, այստեղ իրավիճակը նույնիսկ խիտս հարաբերական է՝ շանսի առումով: Բանն այն է, որ եթե ՀՀԿ-ն մտածում է խորհրդարանում գոնե փոքր ներկայացվածության մասին, ապա դրա հնարավորությունը շատ ավելի մեծ է լինելու այն դեպքում, եթե կուսակցությունը գնա արտահերթ օրակարգին ընդառաջ և ավելին, լինի այդ հարցում Նիկոլ Փաշինյանից ավելի «կաթոլիկ»: Փաշինյանին, իհարկե, այդպես գերազանցել, հաղթել նրա քաղաքական ուժին, չի ստացվի, բայց կարող է ստացվել հաղթել մյուս բոլոր ուժերին, որոնք առայժմ նույնպես ունեն արտահերթի հարցում կողմնորոշման խնդիր, իսկ ոմանք նույնիսկ սկսել են դեմ արտահայտվել, թույլ տալով սխալներ:


ՀՀԿ-ն ունի նրանց հաղթելու հնարավորություն, եթե արտահերթ խորհրդարանական ընտրության հարցում դիրքավորվի հանրային շահի շրջանակում և այդպիսով ստանա ռեաբիլիտացիոն շատ թե քիչ ռեսուրս, որը կարող է թույլ տալ մտածել խորհրդարանում հայտնվելու, տեղը պահպանելու հնարավորության մասին: Դա է կուսակցության շանսը, որովհետև արտահերթի օրակարգի դեմ կարծր դիրքորոշումով առաջ գնալու պարագայում ՀՀԿ-ն պարզապես կարող է փորձել սեփական քաղաքական փոսը, կամ պարզապես այնքան խորացնել արդեն իսկ մայիսի 1-ին փորածը, որ ոչ միայն մի քանի ամիս, այլ նույնիսկ տարի և տասնամյակ անց էլ չի հաջողվի ՀՀԿ անունով դուրս գալ այդ փոսից:

Այդ ժամանակ սկսվելու է ՀՀԿ-ից դուրս գալու համար պայքարի պրոցես, թե ով ավելի շուտ կլքի կուսակցությունը, որովհետև պայքարը կընթանա, այսպես ասած՝ վերջինը մնացողին «որոշելու» տրամաբանությամբ: Սրանով հանդերձ, այն, որ Արա Բաբլոյանը խոսում է փողոցային շարժում ծավալելու անհրաժեշտության բացակայության մասին, վկայում է մեր բազմիցս արած եզրակացությունը, որ այդուհանդերձ, ՀՀԿ, որպես այդպիսին, ներկայումս գոյություն ունի միայն ֆորմալ առումով, մինչդեռ իրականում այդ ուժի ներսում փոխադարձ անվստահության ու շահերի բախման թեժ մթնոլորտ է և կենտրոնացված կառավարման համակարգի լիակատար փլուզում:


Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->