>

Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի՝ աչք ծակող շքեղությունը հասարակական լայն շրջանակներում արդարացիորեն դժգոհություն և քննադատություն առաջացրեց։ Կորսված հայրենիքի, հազարավոր զոհերի, հազարավոր անհետ կորածների, հաշմանդամների ու տեղահանվածների առկայության պարագայում, իհարկե, երեք մետրանոց տորթն ու ճոխ հրավառությունը չեն կարող մարդկանց «աչքը չծակել»։




Քոչարյանի զոհերը

Երջանկություն մաղթելով նորապսակներին՝ այս հարսանիքի «ձևն ու բովանդակությունը» մեզ ստիպում է ավելի խոր նայել խնդրին, խոսել ու մտորել պատճառների մասին, թե ինչու մեր երկրում չեն սիրում, իսկ տեղ-տեղ ատում են հարուստներին։ Չէ՞ որ հարստությունը մեղք ու արատ չէ, այլ հնարավորություն՝ ուրիշների և քո կյանքն առավել ապահով դարձնելու։




Պատճառների մասին մի անգամ 2008 թ․-ին բավական դիպուկ խոսեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Սարգսյանը նկատեց, որ հարուստ լինելն ինքնին վատ չէ, վատ ու քրիստոնյամերժ է աղքատության ու չքավորության այսպիսի բարձր մակարդակ ունեցող երկրում այն ցուցադրելը, «սովորական» մարդկանց հետ հենց այդ հարստության ու դրանից բխող ուժի դիրքերից խոսելը։


Հիմա հարցին առավել խորը նայենք։ Ինչպե՞ս ստացվեց, որ 2018 թ․-ին մարդիկ հարյուր հազարներով դուրս եկան փողոց ու գնացին մի թիմից հետևից, որոնց ճնշող, գերակշիռ մեծամասնությունը կիլոմետրերով պետական կառավարման համակարգից հեռու էր, չգիտեր ոչ թե երկիր, այլ մի փոքր արտադրություն ղեկավարել։ Ինչպե՞ս է ստացվում, որ անգամ Արցախի կորստից, հազարավոր զոհերից հետո ժողովուրդը դուրս չի գալիս փողոց և չի «սրբում» այս աղետների՝ եթե ոչ հեղինակներին, ապա՝ առնվազն իրենց քաղաքականությամբ այս վիճակին հասցրածներին։

«Շան գլուխը» իմ խորին համոզմամբ թաղված է նաև հենց հարստության և ժողովրդական լեզվով ասած՝ «բոշայության» տարբերության մեջ։ Ֆեոդալական այն կարգերը, որ Հայաստանում հաստատել էին անկախությունից հետո հարստացածների գրեթե ճնշող մեծամասնությունը, պետական հովանավորչությամբ «բեսպրիդել» անելու հնարավորությունը, մարդկանց ճնշելու, ստորացնելու և անգամ սպանելու «լիցենզիաները», որ ունեին նրանք ու իրենց ընտանիքի շատ անդամներ, չէր կարող լուռ ատելություն չառաջացնել սովորական մարդու մոտ՝ դի՛ր այդ մարդու անունը «պողոս», թե ուրիշ բան։


Ու իրենք պատրաստ են համակերպվել այն փաստի հետ, որ Նիկոլ Փաշինյանն ու յուր թիմը մետր-մետր զիջի հայրենիքը թուրքին, ասել, որ Շուշին «հայկական չէ», միայն թե այդ նախկին բարքերը հետ չգան։ Այս երևույթը լավ ու վատ չէ, այս երևույթն այն է, ինչ կա։

Ու այլ ժողովուրդ էլ մենք չունենք։ Ու Հայաստանում Նիկոլին կարող է «գահից գցել» նա, ով պատրաստ է թույլ չտալ այդ նախկին բարքերի վերադարձը, ով թույլ չի տա, որ Մոնումենտի այգիներում կառուցվի «էլիտար Հայաստան» այն դեպքում, երբ հազարավոր մարդիկ ուղղակի հանապազօրյա հացի խնդիր ունեն։ Ուրովհետև այդ սոված մարդիկ իրենց երկրի հարուստներին ավելի շատ են ատում, քան սահմանից այն կողմ իր իսկ երեխային սպանող հակառակորդին։ Սա՛ է մեր իրականությունը։ Հայաստանում պետք է լինեն հարուստներ, բայց ոչ երբեք այլևս «բոշաներ»։

Սուրեն Կամսարական

Сообщение Հարստության և «բոշայության» տարբերությունը. ո՞րտեղից են գալիս մեր խնդիրները появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->