>

Լավրովի այցից առաջ Արցախում ռուսական զորքի հրամանատար գեներալ Մուրադովը հրահանգեց հանել Նժդեհի արձանը, իսկ թուրքերը քանդեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները: Միաժամանակ, Հայաստան վերադարձվեց 3 գերի, որն անկասկած կապված էր Լավրովի այցի հետ:

Հայաստանում ռուսամերձ խմբավորումները երախտագիտություն են հայտնում Մոսկվային, ասելով, թե գերիներին վերադարձնում են ռուսների ջանքերով: Ռուսաստանից վաղուց արդեն նման պնդումներ չեն արվում, քանի որ դա հակառակ էֆեկտ է ունենում (ինչպես ներկայում ռուսական քարոզչության ցանկացած թեզ):




Քոչարյանի զոհերը

Բանն այն է, որ եթե Ռուսաստանն է վերադարձնում, նշանակում է՝ Մոսկվան էլ որոշում է նրանց պահել-չպահելու հարցը, իսկ Բաքուն ընդամենը հրահանգ է կատարում: Եվ այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ինչու ընդամենը 3-ին, թեեւ Կրեմլի ու ՌԴ ԱԳՆ խոսնակներն ավանդական ճեպազրույցներին մշտապես կրկնում են «մենք կողմ ենք բոլորը բոլորի դիմաց սկզբունքին»: Իսկ եթե չեն կարողանում վերադարձնել, կամ մաս-մաս են հաջողեցնում, նշանակում է այդքա՞ն է Ռուսաստանի կշիռը: Այդ դեպքում ի՞նչ է լինելու մնացած հարցերում:





Այն, ինչ ներկայում կատարվում է հայ ռազմագերի-պատանդների հետ, շատ նման է Ուկրաինայի արեւլքում ռուսների գործողություններին՝ ուկրաինացի զինծառայողների ու խաղաղ բնակիչների գերեվարություններ, խոշտանգումներ: Ձեռագիրը նույնն է: Պարզապես այնտեղ արանքում «թուրք» չկա, որի հետ կարելի էր դա անել եւ ունենալ հարմար «ալիբի», ի տարբերություն Հայաստանի:

Հայաստանում արդեն քչերն են կասկածում, որ հայ պատանդներին պահելը Մոսկվայի ձեռքի գործն է Բաքվի հետ համաձայնությամբ: Զուր չէ, որ եռակողմ հայտարարության բոլոր կետերի համար նշված են հստակ ժամկետներ, բացի գերիների հարցից:

Գերիները թանկ ռեսուրս են Մոսկվայի ու Բաքվի համար՝ Հայաստանում պարբերաբար ներքին անկայունություն հրահրելու եւ որոշումներ պարտադրելու համար, ինչին ականատես ենք այս 6 ամիսներին: Օրինակ, Ալիեւը Շուշի հասնելու համար գերի է արձակում, Լավրովի այցի տպավորությունը մեղմելու համար գերի են արձակում, գերիներ են առաջարկում նոր տարածքների, Մեղրիի միջանցքի եւ այլնի համար:


Բացի այդ, գերիների խնդիրը հարմար ռեսուրս է Մինսկի խմբին քաղաքական կարգավորումից հեռացնելու եւ հումանիտար հարցերին հակելու Մոսկվայի նպատակների տեսակետից, որի մասին հայտարարել են ՌԴ առաջին դեմքերը:

Լավրովը Երեւանում չափազանց անկեղծ էր. նա հայտարարեց, որ Մոսկվան դեմ է Արցախի կարգավիճակի քննարկմանը, նույնքան անկեղծ արտահայտվեց նաեւ գերիների հարցի կապակցությամբ, հաստատելով վերոբերյալ պնդումները.



«Մենք հասկանում ենք այս հարցի խորհրդանշական, հուզական նշանակությունը և վստահ ենք, որ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել այդ խնդիրը: Սա դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի վերջնական կարգավորման մնացած բոլոր հարցերում առաջընթացի համար։ Մենք ամեն կերպ կօգնենք այս խնդիրները լուծել բոլոր ձևերով, ձևաչափերով, և եռակողմ հայտարարությունների իրականացման միջոցով»:

Պարզ ասած՝ գերիներին կվերադարձնենք, երբ կիրականացվեն ռուս-թուրքական «եռակողմ» համաձայնությունները: Դրանց մեջ հայկական իրավունքները չեն մտնում. Լավրովը ոչ միայն մերժեց Արցախի քաղաքական կարգավորումն ու կարգավիճակի հարցը, այլեւ ցրեց Սյունիքի մարզի հանդեպ թուրքերի հավակնությունների վերաբերյալ հարցը, թեեւ դա ուղիղ կապված է Ռուսաստանի պայմանագրային պարտավորությունների հետ:

Աղբյուր՝ lragir .am

 

поделись с друзьями


от admin

-->