>

Այս տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է արձանագրենք, որ վերջին զարգացումներից հետո 2018-ի դեկտեմբերին ՀՀ-ում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունները: ՀՀ-ում հաստատված է ուղիղ ժողովրդավարական իշխանություն: Եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ուրեմն ընտրություններ չեն կայանա, եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչն եմ, ուրեմն ընտրությունները կկայանան»,- շեշտել է վարչապետը:

Ինչ վերաբերում է խորհրդարանական մի քանի ուժերի կողմից ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությանն ուղղված քայլերին, վարչապետը նշել է, որ դրանք միտումնավոր են արվում:




Քոչարյանի զոհերը

«Հիմա, եթե հարց է գնում` հակահեղափոխություն կա, թե չկա, կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ ՀՀ-ում կա հակահեղափոխություն, և Հայաստանում հակահեղափոխական են այն ուժերը, ովքեր պաշտպանել են և պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը. ինձ հավաստիացնում են, որ դա երեք քաղաքական ուժերի կողմից ներկայացված նախագիծ է: Այն պատգամավորը, որը կաջակցի այդ նախագծին, ինքը ցանկանում է, որ կոռուպցիոն նախագիծը հասնի ռևանշի կառավարության նկատմամբ, մենք, բնականաբար, դա թույլ չենք տա»,- նշել է նա:




Նիկոլ Փաշինյանը այս հայտարարություններն արել է խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի հետ ունեցած հանդիպումից հետո։

Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան երեկվա հանդիպումից հետո ձևավորվել էր բավականին դրական համատեքստ ու թվում էր՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունների հարցը կարող է լուծվել քաղաքական բանակցությունների ճանապարհով, համենայնդեպս՝ Փաշինյանի ու Բաղդասարյանի մեկնաբանությունները հանգում էին նրան, որ հնարավոր է արտահերթ ընտրությունների անցկացման հարցում ձևավորվել քաղաքական նոր կոնսենսուս։


Սակայն այսօր առավոտյան դրական բոլոր տպավորությունները չեղարկվեցին, ընդ որում՝ ճգնաժամի խորացմանն ակնհայտորեն գնաց խորհրդարանը՝ «կոնսենսուս՝ մինուս «Ելք» բանաձևով փորձելով փոփոխություններ կատարել խորհրդարանի կանոնակարգում, որը կասկածի տակ է դնում խորհրդարանի արձակման հնարավորությունը նույնիսկ այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ն երկու անգամ անընդմեջ չի կարողանում ընտրել նոր վարչապետ։ Խորհրդարանական երեք ուժերն ակնհայտորեն փորձում են իրենց ապահովագրել հանրային հնարավոր ճնշումներից, ինչը ենթադրում է, որ Փաշինյանը չի կարող երաշխիքներ ունենալ, որ իր հրաժարականից հետո խորհրդարանը չի գնալու նոր վարչապետի ընտրության։

Այսպիսով՝ վստահաբար կարող ենք պնդել, որ քաղաքական հին կոնսենսուսը, որն ընկած էր ժամանակավոր կառավարության ձևավորման և խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացման պայմանավորվածության հիմքում, այլևս չի գործում։ Սակայն ավելի էական է, որ, ըստ էության, բացակայում են նոր կոնսենսուսի հնարավորությունները, որովհետև արտահերթ ընտրությունների սեղմ ժամկետներում անցկացմանը դիմադրում են խորհրդարանական բոլոր ուժերը, որոնք ուղղակի կամ անուղղակի կապված են նախկին համակարգի հետ։

Արդյո՞ք ԱԺ կանոնակարգում այսօր առաջարկված փոփոխությունները հին համակարգի հակազդեցության իներցիոն դրսևորում են, թե՞ իսկապես գործ ունենք հակահեղափոխության դրսևորման հետ, ինչի մասին պնդում արեց Նիկոլ Փաշինյանը։ Այս հարցին միանշանակ պատասխան տալ չենք կարող, սակայն արդեն այն հանգամանքը, որ կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները հակասում են սահմանադրական կարգավորումներին՝ խոսում է ռևանշիզմի դրսևորման մասին, ինչը, բնականաբար, ազատում է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ձեռքերը։


Քիչ առաջ իրադարձություններն ավելի դրամատիկ ընթացք ստացան։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերով Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկոյան՝ ժամը 19։30-ին ԱԺ-ն մտադիր է արտահերթ նիստով ընդունել ԱԺ կանոնակարգի սկանդալային փոփոխությունները, ուստի քաղաքացիներին կոչ արեց շրջափակել խորհրդարանի շենքը։

Ակնհայտ է, որ խորհրդարանի արձակմանն այլևս ականատես ենք լինելու ոչ թե բանակցությունների ու քաղաքական համաձայնությունների, այլ հանրային ճնշման միջոցով, որովհետև դեկտեմբեր ամսին արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ միայն այդ ճանապարհով։ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հայտնվել են նույն հակահեղափոխական հարթության վրա, ու ստեղծված իրավիճակի ու Փաշինյանի այսօրվա վերջնագրի համար պատասխանատու են առաջին հերթին այս ուժերը՝ իրենց այսօրվա բացահայտ սադրանքով։

Իսկ այս երեկոն խոստանում է դրամատիկ լինել իրադարձությունների զարգացման տեսանկյունից։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->