>


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 11-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր.օր-ի 309 հոդվածի 2-րդ մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Կենտրոն վարչական շրջանի մասնաշենքի թիվ 302 աշխատասենյակում տեղի ունեցած խուլիգանության, ծեծկռտուքի փաստով։ Մինչ դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության կենտրոնական բաժին, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Օպերատիվ խմբի անդամներից մեկնում են հիվանդանոց, որտեղ պարզում են, որ տեղափոխվածը Կենտրոն վարչական շրջանի քաղաքաշինության և հողագործության բաժնի պետ՝ Երևանի բնակիչ, 40-ամյա Մանուել Մարգարյանն է։ Վերջինս ոստիկաններին հայտնում է, որ վնասվածքները ստացել է Կենտրոնի թաղապետարանում պաշտոնյաների կողմից հարվածներ ստանալու հետևանքով։ Ոստիկաններին Մ. Մարգարյանը հայտնել է նաև, որ նույն օրը, ժամը 10։00-ի սահմաններում Կենտրոնի թաղապետարանի թիվ 302 աշխատասենյակում վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ա. Ազիզյանն ու կոմունալ բաժնի բաժնի գլխավոր մասնագետ Ա. Դավոյանը մոտ 10 այլ աշխատակիցների հետ մտել են իր աշխատասենյակ ու պահանջել, որ նա հոժար կամքով զբաղեցրած պաշտոնից ազատվելու համար դիմում գրի։ Ստանալով բացասական պատասխան՝ Ա. Ազիզյանն ու Ա. Դավոյանը և նրանց հետ իր աշխատասենյակ մուտք գործած անձինք հարձակվել են իր վրա, հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին, շուռ տվել աշխատանքային սեղանը, դարակները, իսկ այդ ընթացքում Ա. Դավոյանը իր աշխատանքային համակարգչի ստեղնաշարով հարվածել է իր գլխին, նրանցից մեկն էլ կոտրել է իրեն պատկանող համակարգիչը, ստեղնաշարը, ինչի հետևանքով պատճառվել է շուրջ 1 միլիոն 500 հազար դրամի գույքային վնաս։ Նա հայտնել է նաև, որ վիճաբանությունը շարունակվել է շուրջ 15 րոպե, այդ ընթացքում աշխատասենյակ մուտք գործած անձինք իր հասցեին հնչեցրել են հայհոյանքներ. այդ կերպ խափանվել է նաև թաղապետարանի բնականոն աշխատանքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Մ. Մարգարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Երեկ նաև տեղեկություններ էր տարածվել, ո Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը եղել է շենքում, սակայն, քոմ-ի տեղեկոթյուններով, թաղապետը տևական ժամանակ է, գտնվում է Միացյալ Նահանգներում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատակիցներից մեկը լրագրողներին փոխանցել էր, որ միջադեպի ժամանակ կողքի սենյակում էր եղել, հրմշտոցի ձայներ էր լսել, կահույք էր կոտրվել, շտապ օգնության մեքենա էր եկել: Tert.am-ի փոխանցմամբ՝ տեղակալ Արմեն Ազիզյանն այդ պահին այդտեղ չէր եղել, աշխատակիցները պնդել էին, որ մոտ մեկ ժամ առաջ դուրս էր եկել և տեղեկություն չունեին, թե երբ էր վերադառնալու: Տեղի ունեցած միջադեպի սենյակում քննարկումներ էին ընթացել, որտեղ սակայն թույլ չէր տրվում, որպեսզի լրագրողներն էլ մտնեն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:









Քոչարյանի զոհերը

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/05/12/1186489/




от admin

-->