>

Այսօր երեկոյան ներքաղաքական իրադարձությունները զարգացան կայծակնային արագությամբ՝ երկիրը կանգնեցնելով աննախադեպ քաղաքական ճգնաժամի առաջ։ Հետհեղափոխական Հայաստանում սա թերևս ամենաընդգծված ճգնաժամն է, որի հանգուցալուծումը բերելու է հեղափոխության վերջնական հաղթանակին։ Համենայնդեպս, հասարակության աննախադեպ ակտիվությունը ու Երևանի բազմամարդ փողոցները իրադարձություների զարգացման այլ սցենար չեն ենթադրում։

Երեկվանից խորհրդարանի պատերի ներսում զարգացել է հակահեղափոխության քողարկված փորձ, որի մասին այսօր առավոտյան առաջինը բարձրաձայնել է «Առաջին լրատվական»-ը։ Խորհրդարանի երեք խմբակցություններ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հանդես են եկել խորհրդարանի կանոնակարգում փոփոխություններ կատարելու կոնսոլիդացված նախաձեռնությամբ։ Խոսքը վերաբերում է ԱԺ կանոնակարգի 50 և 51-րդ հոդվածների փոփոխությանը, ըստ որի՝ ԱԺ նիստերը կհամարվեն ընդհատված, եթե դրանք չեն կայանում պատգամավորների կամքից անկախ ի հայտ եկած խոչընդոտների պատճառով: Նիստերը կշարունակվեն խոչընդոտները վերանալուց հետո: Բնականաբար, կանոնակարգի այս փոփոխությունները միտված են նրան, որպեսզի դժվարանա խորհրդարանի արձակման գործընթացը։ Մեծ հաշվով, այս փոփոխությունները հակասահմանադրական են, սակայն դա չխանգարեց, որ հարցն այսօր հայտնվի խորհրդարանի օրակարգում։




Քոչարյանի զոհերը

Ի պատասխան հակահեղափոխության փորձի՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբեր ամսին։ Սակայն վարչապետի այս հայտարարությունը ոչ թե կանխեց հակահեղափոխության ընթացքը, այլ ավելի կոնսոլիդացրեց ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ պատգամավորներին, որոնք երեկոյան ժամը 19։30-ին հավաքվեցին արտահերթ նիստի ու 67 կողմ ձայնով ընդունեցին Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Իհարկե, օրենքն ուժի մեջ չի մտնում, քանի դեռ հանրապետության նախագահն այն չի ստորագրել. Արմեն Սարգսյանը սկանդալային օրենքը ստորագրելու փոխարեն՝ դրա սահմանադրականությունը կարող է բողոքարկել ՍԴ-ում։




Այսպիսով՝ այսօր խորհրդարանում տեղի է ունեցել հակահեղափոխության ռևանշի ակնհայտ փորձ՝ «Կոնսենսուս՝ մինուս «Ելք»» բանաձևով։ Նիկոլ Փաշինյանի դեմ դավադրությանը մասնակցել են նաև նրա կոալիցիոն գործընկերներ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ Մեր տասնյակ հրապարակումներով անցած ամիսներին կանխատեսել ենք այս վտանգը՝ Փաշինյանին կոչ անելով հրաժարվել համաձայնության կառավարության կեղծ մոդելից ու հնարավորինս արագ ձեռնամուխ լինել խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Հեղափոխության թիմի ավելորդ ինքնավստահությունը թերևս թույլ չէր տալիս նկատել, որ Փաշինյանի կաբինետն ականապատված է ուժերով, որոնք ինստիտուցիոնալ ու մենթալ հոգեհարազատություն ունեն նախկին համակարգի, քրեաօլիգարխիայի հետ։


Մինչ հեղափոխության այսօրվա հուժկու հակագրոհին անդրադառնալը՝ այնուամենայնիվ, նկատենք, որ հատուկ ուսումնասիրության առարկա պետք է դառնա, թե որ գործոնները նպաստեցին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի այսօրվա կոնսոլիդացիային՝ մանավանդ, որ մայիսի 1-ի տխրահռչակ նախադեպը նրանց աչքի առաջ էր, ու կարելի էր կանխատեսել, թե նրանց այսօրվա ավանտյուրան ինչ հետևանքների է հանգեցնելու։ Արդյո՞ք հակահեղափոխական կոնսոլիդացիայի հիմքում միայն դիրքերը պահպանելու իներցիոն ցանկությունն է, թե՞ կան ներքին ու արտաքին առայժմ անտեսանելի ազդակներ, որոնց նպատակը հին համակարգի վերականգնումն է կամ երկրի ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը։ Համաշխարհային պատմության փորձը հուշում է, որ հակահեղափոխությունը բոլոր դեպքերում դատապարտված է ձախողման, եթե դրա հետևում չկա արտաքին ուղղակի, ցուցադրական աջակցություն։ Արդյո՞ք ՀՀԿ-ն ու նրա դաշնակիցները կորցրել են ադեկվատությունը, թե՞ նրանց այսօրվա գործողությունները արտաքին կենտրոնից, ենթադրաբար՝ Ռուսաստանից ուղղորդվող ավելի մեծ ծրագրի բաղադրիչ են։ Թերևս այս հարցերի պատասխանները կարող ենք ստանալ արդեն առաջիկա օրերին, երբ հնչեն հրապարակային գնահատականներ, որոնց տողատակերը կարող են որոշ բացահայտումներ անել։

Հիմա գանք էականին։ Խորհրդարանի «հակահեղափոխական» նիստին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանի կոչով խորհրդարանի շենքը շրջափակեցին տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնց ավելի ուշ միացավ Նիկոլ Փաշինյանը, ով մի քանի ուշագրավ, շրջադարձային հայտարարություն արեց։ Հենց խորհրդարանի մոտ տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ պաշտոնանկ արվեցին ԲՀԿ և ՀՅԴ անդամ նախարարները, ապա Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեկտեմբերի սկզբին երկրում տեղի են ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Ընդ որում՝ Փաշինյանը ասել է, որ խորհրդարանի լուծարմանը կարող են հասնել իր հրաժարականի ու խորհրդարանի կողմից երկու անգամ անընդմեջ վարչապետի ընտրությունը ձախողելու ճանապարհով։ Խորհրդարանում այսօր տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ այս ճանապարհը ռիսկային է, սակայն հասարակության նման ակտիվությունն ու կոնսոլիդացիան հնարավոր չի դարձնելու ռևանշիզմի հաջողությունը։


Այսօր Հայաստանում պատմական օր է։ Հաշված ժամերի ընթացքում ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ամբողջովին նույնացան ՀՀԿ-ի, հին համակարգի հետ, ըստ էության՝ մնալով քրեաօլիգարխիայի փլատակների տակ։ Քաղաքական այս իրողությունների խորհրդանշական դրսևորումը դարձավ հազարավոր քաղաքացիների մուտքը խորհրդարանի պարիսպներից ներս՝ այգի, որտեղ նրանք հետևում են ԱԺ շենքում տեղի ունեցող բանակցություններին, որոնք Նիկոլ Փաշինյանը վարում է խորհրդարանի խմբակցությունների հետ։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ Փաշինյանը մտել է խորհրդարանի շենք՝ խորհրդարանի խմբակցությունների կապիտուլյացիան ձևակերպելու համար։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->