>

Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել. Նիկոլ Փաշինյանն ակնարկեց բացահայտումների մասին




Քոչարյանի զոհերը

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետի  պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի սահմանային իրավիճակին։





«Նախ ես ուզում եմ իրադրության ընդհանուր գնահատականին անդրադառնալ։ Ինչպես նախորդ նիստում ես ասել եմ, հիմա էլ ասում եմ, որ Սև լիճ անվանվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն էր, և, ինչպես նախկինում հայտարարել էր Ադրբեջանի նախագահը, ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը։ Այս գնահատականն էր պատճառը, որ ՀՀ-ն որոշեց դիմել ՀԱՊԿ-ին։ Ընդ որում, ես ուզում եմ հստակ արձանագրենք՝ շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի բանակը ուժային գործողություն չի անում, այլ դիմում է ՀԱՊԿ-ին։ Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հենց ՀԱՊԿ-ն ու այդ կազմակերպության անդամ մեր գործընկեր երկրներն են, որ Հայաստանի անրապետությանը հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծմանը։ Եվ հետևաբար տվյալ դեպքում ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ոչ թե հանդես է գալիս որպես խնդրարկու, այլ դա մի գործիք է, որ այդ բոլոր երկրները միասին ստեղծել են՝ նմանատիպ իրավիճակներում օգտագործելու համար։ Պատկերավոր ասած՝ ոնց որ համատեղ ստեղծում են օդորակիչ և շոգի ժամանակ օգտագործում։ Ոնց որ ասեն՝ ինչո՞ւ պատուհանները չեք բացում, որ սկվազնյակ լինի, այլ օդորակիչն եք միացնում։ Այդ գործիքը հենց դրա համար է ստեղծված և հստակ արձանագրված է, ՀԱՊԿ մասին պայմանագրի երկրորդ հոդվածում խոսք է գնում, որ երբ կա սպառնալիք, այդ գործիքն արդեն սկսում է գործել։ Ընդ որում, գոյություն ունի ճգնաժամային իրավիճակներում արձագանքման կանոնակարգ, որը նույնպես հստակ է։ Եվ հետևաբար, Հայաստանի՝ ռազամական բախման կամ ռազմական լուծման չգնալը նաև նպատակ ունի ինքնաբերաբար ՀԱՊԿ երկրներին չներքաշել ռազմական լուծման մեջ։ Սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ հարգելի գործընկերներ, եկեք քաղաքական ճանապարհով լուծենք այս հարցը»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը հայկական կողմին չի բավարարում։ «Բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ, որովհետև ես կարծում եմ, որ այն նախանական մտահղացումը, որն ունի Ադրբեջանը, այդ մտահղացումն այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում։ Եվ այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները պետք է հստակ տեղեկացված լինեն և պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն։ Ընդ որում, ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ՀԱՊԿ երկրները և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է իր զորքերը այդտեղից հետ քաշի։ Աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումն արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում։ Եվ այս հարցերում պետք է հստակություն մտցվի։ Օրինակ՝ ասվում է, որ այդ հատվածում դեմարկացիա ու դելիմիտացիա արված չէ։ Նույն Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանները ամբողջությամբ դեմարկացված ու դելիմտացված չեն, ի՞նչ է սա նշանակում։ Եվ մենք պետք է այս հարցերում հստակություն մտցնենք»,- ասաց նա։

Փաշինյանն ասաց՝ չկա այնպիսի տարբերակ, որ հայկական կողմը որևէ փաստաթուղթ կստորագրի՝ առանց ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման։


«Մենք առաջարկել ենք երկու տարբերակ՝ կամ զորքերը դուրս են բերվում, որից հետո տեղի է ունենում համաձայնեցված թղթի ստորագրումը, կամ ստորագրված թղթի մեջ հստակ ձևակերպվում է, թե քանի օրվա ընթացքում կամ ուր են դուրս գալիս Ադրբեջանի զորքերը։ Դեռ այդ փաստաթուղթը չէր հրապարակվել, արտահոսք չէր եղել, մենք երկու գրավոր առաջարկ ենք ներկայացրել դրա վերաբերյալ՝ առաջինը գերիների ամբողջական վերադարձի վերաբերյալ, և երկրորդ տվել ենք կոորդինատներ, թե Ադրբեջանի զորքերը որ կոորդինատներից անդին պետք է լինեն։ Այդ պահից սկսած մեր առաջարկին մենք ոչ մի արձագանք չենք ստացել։ Այսինքն՝ այդ պահից սկսած որևէ նոր բան տեղի չի ունեցել։ Ես չգիտեմ՝ ինչքանով են դրա վրա ազդել մեր քննարկումները և դիրքորոշումը, բայց դա է եղել», ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս գան ՀՀ սահմանից անդին, այլ տարբերակ չկա, չի քննարկվում ու չի կարող քննարկվել։



«Այո, Ադրբեջանն ըստ էության ագրեսիա է ձեռնարկել ՀՀ նկատմամբ, և նրա ագրեսիվ մտադրությունների վերաբերյալ պետք է տեղեկատվությունն ամենուր տարածվի, մեր բոլոր միջազգային կապերը պետք է գործի դնենք՝ աշխարհին ցույց տալու համար։ Ես չգիտեմ՝ ում հետ է համաձայնեցված այս ծրագիրը, ենթադրում եմ, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել։ Եվ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ոմանց հետ նախապես համաձայնեցվել է այս ծրագիրը, բայց քանի որ կոնկրետություն չկա, մենք այդ ուղղություններով պետք է աշխատենք։ Եվ անհրաժեշտության դեպքում, երբ ունենանք հիմնավոր տեղեկություն, որ այս-այս միջազգային սուբյեկտների հետ այս ծրագիրը համաձայնեցված է, նաև պետք է մեր ժողովրդին բաց ու հրապարակային ասենք։ Գուցե մեր ժողովրդին պետք է բաց հրապարակային ասենք վերջին 3, 4, 7, 8, գուցե 10 տարվա իրադարձությունների մասին», հավելեց նա։

Փաշինյանն ասաց, որ առաջիկայում սպասվում է Պաշտպանության նախարարի այցը Ռուսաստան։ «Եվ մենք որոշ հարցերի պատասխանը պետք է ստանանք և շարունակենք խորացնել մեր համագործակցությունը ՀԱՊԿ մեր գործընկերների և անվտանգության թիվ մեկ դաշնակից ՌԴ հետ»,- հավելեց Փաշինյանը։

Сообщение Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել. Նիկոլ Փաշինյանն ակնարկեց բացահայտումների մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->