>

Բաքուն ԱԳՆ խոսնակի շուրթերով իր անհամաձայնությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հարցերում Ֆրանսիայի դիրքորոշումներին, որոնք այդ երկրի նախագահ Մակրոնը վերհաստատել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ Փարիզի հանդիպմանը:




Քոչարյանի զոհերը

Բաքվի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե Ֆրանսիան չի կարող հատուկ դեր ունենալ և հրադադարը պահպանվում է Ռուսաստանի միջնորդությամբ, «Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայմամբ»: Բաքվի այդ հայտարարությունները ունեն մի քանի մոտիվ և տողատակ: Բանն այն է, որ Ֆրանսիայի արտահայտած դիրքորոշումները բացարձակապես հակառակ են այն մոտեցումներին, որ փորձում է արցախյան հարցում առաջ տանել Բաքուն:





Ֆրանսիան ընդգծում է Արցախի կարգավիճակի, ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի, նաև Հայաստանի տարածքային ամբողջության հարցը: Այդ հայտարարություններն ու շեշտադրումները ոչ միայն Բաքվի, այլ դրա գլխավոր հովանավոր Անկարայի շահերի և ռազմավարության հակառակ պատկերն են: Միաժամանակ, Ֆրանսիայի դիրքորոշումները հակառակ են նաև Բաքվի ու Անկարայի հետ եղբայրաբար սեփական շահը առաջ մղող Մոսկվայի համար, համենայն դեպս այն տրամաբանության համատեքստում, որում գործում է Ռուսաստանը արդեն մի քանի տարի, և հատկապես Արցախի դեմ պատերազմի ընթացքում և դրանից հետո:


Սրան զուգահեռ, ակնառու է, որ Ադրբեջանը կասկածում է, թե Ֆրանսիան իր դիրքորոշումներով կարող է գործել Ռուսաստանի հետ որոշակիորեն համադրված, նկատի ունենալով գուցե այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը այդօրինակ բացահայտ կերպով չէր հարաբերվի Փարիզի հետ, եթե առաջ քաշած խնդիրներն իրապես հակառակ լինեին ՌԴ մտադրություններին ու հաշվարկներին:

Կգործեր Երևանը հակառակ Մոսկվային, կամ առանց Մոսկվայի, թե ոչ, սա այլ հարց է, բայց ակնառու է, որ Բաքուն ունի կասկածներ: Դրա վկայությունն է Բաքվի ԱԳՆ խոսնակի հիշեցումը, որ ՌԴ խաղաղապահները «ժամանակավոր» են «Ադրբեջանի տարածքում»: Բաքուն Մոսկվային ակնարկում է, թե կարող է խնդիրներ ստեղծել, եթե Ռուսաստանը չհակազդի Ֆրանսիայի օրակարգին և չարգելակի այդ ուղղությամբ Երևանի աշխատանքը:



Միաժամանակ, Բաքվի գլխավոր մտահոգությունն անշուշտ այն է, որ տեղի ունեցողը կարող է լինել Բայդեն-Պուտին պայմանավորված հանդիպման համատեքստում, դրանից բխող ավելի երկարաժամկետ միտումներով, եթե Ժնևում նախատեսված հանդիպումը անցնի գործնական արդյունքով և բերի որոշակի, թեկուզ տակտիկական պայմանավորվածությամբ: Համենայն դեպս, արտերկրի տարբեր փորձագիտական շրջանակներ դիտարկում են, որ Բայդենը կարող է Պուտինին հարաբերության այսպես ասած հանգիստ ռեժիմ առաջարկել, դրա փոխարեն ստանալով Պուտինի գործողություններում կանխատեսելիության հավաստիացում:

Ադրբեջանը և ավագ եղբայր Թուրքիան անշուշտ ունեն հիմք մտահոգվելու, որ դա կարող է վերաբերել Կովկասին և Ֆրանսիան չէր կարող արտահայտվել պարզապես իռացիոնալ և լայն իրականությունից կտրված օրակարգերով:

 

поделись с друзьями


от admin

-->