>

Նրանք բանավոր ասացին, որ անկախ հուշագրից՝ իրենք չեն պատրաստվում ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ փուլում առաջադրել վարչապետի թեկնածու. հակիրճ հենց այս բառերով կարելի է բնորոշել այն տպավորությունը, որը Նիկոլ Փաշինյանը ստացել է խորհրդարանում երեկ ուշ երեկոյան անցկացված բանակցություններից։

Սկզբունքորեն որևէ լուրջ քաղաքական ուժի կողմից անմտություն կլինի երեկվա իրադարձությունների համատեքստում վարչապետի թեկնածու առաջադրել՝ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով։ Մյուս կողմից՝ ՀՀԿ-ն վերջին ամիսներին առնվազն երկու անգամ ապացուցել է, որ քաղաքական ադեկվատությունը իրեն բնորոշ չէ։ Առաջին անգամ դա տեղի ունեցավ մայիսի 1-ին, երբ խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, երկրորդ անգամ՝ երեկ, երբ խորհրդարանում հակահեղափոխության ռևանշի բացահայտ ցուցադրություն եղավ։ Եթե նույնիսկ այլ պատճառ չլիներ, երեկ բացահայտվեց, որ գործող ԱԺ-ն հակահեղափոխության հիմնական խորհրդանիշն է՝ մոտ յոթ տասնյակ պատգամավորներով, «հայկական Բաստիլը», որի անհապաղ արձակումը քաղաքական անհրաժեշտություն է։




Քոչարյանի զոհերը

Երեկվա օրը բնորոշ էր երկու հիմնական առանձնահատկությամբ՝ խորհրդարանում շատ արագ կոնսոլիդացվեցին ռևանշիստական ուժերը, իսկ դրա պատերից դուրս Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ընդամենը մեկ ժամվա ընթացքում հավաքել տասնյակ հազարավոր մարդկանց։ Հակահեղափոխությունը չի սահմանափակվում միայն ՀՀԿ-ով, ու այդ ճամբարի ակտիվ դերակատարներ են նաև ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն։ Շատերի համար դա ակնհայտ էր նաև մայիս-հունիս ամիսներին, երբ Նիկոլ Փաշինյանը ազգային համաձայնության մոդելի առանցքով ձևավորում էր ժամանակավոր կառավարություն՝ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի մասնակցությամբ՝ ըստ էության հակադրվելով հեղափոխության համատեքստին։




Հայկական հեղափոխության հիմնական առանձնահատկությունը դրա շեշտված հակաօլիգարխիկ բնույթն էր, որը չէր կարող հանդուրժել սելեկտիվ մոտեցում, ու վաղ թե ուշ հարվածը հասնելու էր նաև ԲՀԿ-ին, որը նույնքան օլիգարխիկ կուսակցություն է, որքան ՀՀԿ-ն։ Երևանի ավագանու ընտրությունները այս կուսակցության ֆիասկոյի առաջին ազդանշանն էին, երեկվա իրադարձությունները դարձան նրա քաղաքական ինքնասպանության դրսևորումը։ Եթե ՀՀԿ-ն ունի որոշակի քաղաքական ավանդույթներ, ինչի շնորհիվ կարող է գոյատևել, ապա ԲՀԿ-ի կազմաքանդումը օրերի, շաբաթների հարց է, ու գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում երբեմնի ազդեցիկ այս ուժը կանգնած է անգամ անցողիկության շեմը հաղթահարելու ռիսկի առաջ։ Անգամ չենք բացառում, որ առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ ու ընդմիշտ հրաժեշտ տա քաղաքականությանը, որովհետև մեծ է վտանգը, որ հակառակ պարագայում նրա բիզնես «կայսրությունը» մնալու է իր իսկ ստեղծած կամ իր համար ստեղծված համակարգի փլատակների տակ։

ՀՅԴ-ն ավանդական կուսակցություն է՝ իր պատմությամբ ու արժեքային համակարգով, սակայն այդպես էլ չգտավ իր նիշը Երրորդ հանրապետության քաղաքական կյանքում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում իր կենսունակությունն ապահովելով հակադրության ռեժիմի շնորհիվ, իսկ վերջին քսան տարիներին կորցնելով ինքնաբավությունը ու դառնալով քրեաօլիգարխիկ համակարգի քաղաքական դեկորացիաներից մեկը։ ՀՅԴ-ն այսօր որևէ գործնական, անգամ տեսական հնարավորություն չունի հայտնվելու ապագա խորհրդարանում, սակայն դեռ կարող է երկարաժամկետ կտրվածքով փրկել իր հեռանկարը, եթե ենթարկվի լուրջ տրանսֆորմացիայի՝ դառնալով դասական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։ Սակայն դա ապագայի զրույց է, իսկ հիմա ավանդական այս կուսակցությունը լրացնում է լուզեր կուսակցությունների շարքը՝ հայտնվելով քաղաքական համակարգի լուսանցքում։


Հին համակարգի ռեստավրացիայի հնարավորությունը համարում ենք գրեթե զրոյական, սակայն մյուս կողմից՝ դժվար է հավատալ այն վարկածին, որ խորհրդարանական երեք խմբակցությունները երեկ չէին պատկերացնում, թե ինչ հետևանքներ է ունենալու իրենց կողմից խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելը ու Փաշինյանի կառավարությանը ձեռնոց նետելը։ Իհարկե, պատկերացնում էին՝ մանավանդ, որ մայիսի 1-ից անցել է ընդամենը հինգ ամիս, ու բոլորն են հիշում, թե ինչի հանգեցրեց ՀՀԿ-ի դեմարշը։

Ըստ այդմ՝ ենթադրելի է, որ երեկ խորհրդարանում տրվել է դավադիր ծրագրի ընդամենը մեկնարկը, որը գուցե շարունակություն ունենա, այլ խոսքով՝ այս երեք կուսակցությունները փորձեն վարչապետի թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո։ Տեսականորեն այդ թեկնածուն կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, որովհետև նա Հայաստանի քաղաքական համակարգում միակ գործիչն է, որը հարկադրված համաձայն է անգամ կամիկաձեի դերին՝ կորցնելու բան չունենալու հետևանքով։ Սակայն նույնիսկ այդ պարագայում հակահեղափոխության ռևանշը չունի հաղթանակի որևէ շանս, եթե բացահայտորեն չի վայելում, ասենք՝ Ռուսաստանի աջակցությունը։



Սակայն այստեղ էլ կա խնդիր, որովհետև եթե անգամ երեկվա դավադրության թիկունքում կանգնած են մոսկովյան շրջանակներ, ապա նրանց կողմից հանդգնություն կամ անմտություն կլինի Հայաստանի ներքին կյանքին միջամտելու կոշտ միջոցները, ինչը հավասարազոր է մեր հասարակությանը պատերազմ հայտարարելուն։ Այլ խնդիր է, որ Մոսկվան միգուցե փորձարկում է Հայաստանի ներքաղաքական կյանքը ապակայունացնելու հնարավոր սցենարներ՝ Փաշինյանի կառավարությունը հնարավորինս վերահսկելի դարձնելու համար։

Ամեն դեպքում՝ Փաշինյանի հրաժարականից հետո Հայաստանին սպասվում են անորոշության ու տագնապի 15 օրեր, ու այդ ընթացքում հեղափոխության հիմնական պաշտպանի դերը պետք է ստանձնի հասարակությունը՝ ռևանշիզմի հնարավոր փորձերը կանխելու նպատակով։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->