>

Ազգային ժողովի քառօրյա նիստերի երրորդ օրը խորհրդարանը պարապուրդի մեջ է։ Այսօր խորհրդարանի նիստ տեղի չի ունեցել, ու այս անգամ մեղավորը ոչ թե անպարտաճանաչ պատգամավորներն են, այլ պատճառը օրակարգի բացակայությունն է։

Աննշան թվացող այս փաստն իրականում երկրի հարցն է, որովհետև բացահայտում է, որ մեր կառավարությունը չունի օրակարգ, զարգացման հայեցակարգային տեսլական, երկրում տեղի չեն ունենում բարեփոխումներ, կամ կոռուպցիայի դեմ պայքարը գտնվում է, այսպես կոչված, ցուցադրական, մակերեսային հարթության վրա, որովհետև եթե կառավարությունը հանդես չի գալիս օրենսդրական նախաձեռնություններով, ապա ինստիտուցիոնալ քաղաքականության կամ բարեփոխումների մասին խոսելը պարզապես ժամավաճառություն է։




Քոչարյանի զոհերը

Այս պարագայում կառավարությունը չի կարող արդարանալ այն փաստարկով, թե իր օրենսդրական ակտիվության բացակայությունը պայմանավորված է գործող քրեաօլիգարխիկ խորհրդարանի գոյությամբ․ չկա գոնե մի փաստ, որ պատգամավորները անցած հինգ ամիսներին դեմ են քվեարկել Փաշինյանի կաբինետի բերած գոնե մի նախաձեռնության։




Կառավարությունը չունի օրակարգ՝ սա է խնդիրը ու նաև բացատրությունը, թե ինչու է անցած հինգ ամիսներին անընդհատ «թշնամու» կերպար ստեղծվում, որին հերոսաբար պետք է հաղթել՝ իբրև բարեփոխումներ անցկացնելու համար։

Ռոբերտ Քոչարյանին քաղաքական գործոն դարձրել է հենց այս կառավարությունը, ավելի ստույգ՝ նրա, այսպես կոչված, իրավապահ, ուժային բլոկը, որի թափթփվածության հետևանքով արյունոտ հետագիծ ունեցող երկրորդ նախագահը մնացել է ազատության մեջ։ Ուզում ենք ասել, որ այդ «թշնամուն» հասարակությունը չի ստեղծել, ու պետք չէ նրա գոյությամբ վախեցնել հասարակությանը ու արդարացնել բարեփոխումների բացակայությունը։ Իրավական ուժեղ հիմքերով հիմնավորեք Քոչարյանի բազմաթիվ հանցագործությունները ու նրան այնքան խորը փակեք, որ հասարակությունը երկրորդ նախագահին մոռանա այնպես, ինչպես մոռացել է գեներալ Մանվել Գրիգորյանին։

Չկան բարեփոխումներ՝ չկան ներդրումներ ու նաև՝ խոստացված ներգաղթը կամ հայրենադարձությունը։


Շատերն են խոսում ներդրումների և հայրենադարձության մասին, բայց ասում են՝ դա կարող են անել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ երեկ հայտարարել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Սակայն արտահերթ ընտությունների անհրաժեշտության մոտիվացիայի նման պարզունակացումը արդեն ծաղրում է ոչ թե հասարակությանը, այլ վարկաբեկում է կառավարությանը, ընդ որում՝ ավելի սաստիկ, քան նախկին համակարգի ներկայացուցչի ինչ-որ ցինիկ ֆեյսբուքյան գրառում։ Սա արդեն ոչ թե հեղափոխական հռետորաբանություն է, այլ հեղափոխական շառլատանություն, երբ տարբեր ոլորտային լուզերներ իրենց անտաղանդությունն արդարացնում են արտահերթ ընտրությունների չանցկացմամբ՝ ոտքի վրա խժռելով Նիկոլ Փաշինյանի վստահության ռեսուրսը։

ՀՀԿ-ն ու նրա արբանյակ կուսակցությունները այնքան են կորցրել ադեկվատությունը, որ իրենց անիմաստ դիմադրությամբ լեգիտիմացնում են կառավարության ցանկացած հիմնավորում, սխալ քայլ կամ անգործություն։ Երկիրը դարձել է անծրագիր կառավարության ու հանցագործ քրեաօլիգարխիայի հակադրության պատանդը ու այդպիսին մնալու է, քանի հակահեղափոխությունը մինչև վերջ չի կապիտուլացվել։ Մինչև այդ պահը հասարակությունը մտածելու է աչքերով, իսկ կառավարությունը «հերոսանալու» է տեսարաններով։


Խորհրդարանի արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն օր առաջ, որպեսզի Հայաստանում հեղափոխությունն ավարտվի, ու մենք կառավարությունից պահանջենք կոնկրետ բարեփոխումներ՝ առանց լսելու ձանձրալի արդարացումներ, որ խորհրդարանը խանգարում է, Պողոսը հակահեղափոխական է, «սև» Պետրոսը սպառնում է «սպիտակներին» և այլն։

Խորհրդարանի ընտրություններից հետո պատասխանատվությունը կմնա կառավարության ու նրան աջակցող մեծամասնության վրա, իսկ հասարակությունը կվերադառնա ռացիոնալ մտածողության հարթություն՝ պահանջելով իր կյանքի որակի բարելավում, անվտանգություն՝ գլոբալ ու անհատական հարթության վրա։ Իշխանության «լայվերն» ու հանրահավաքները այլևս հետաքրքիր չեն լինի, որովհետև կառավարությունը չի կարող հանրահավաք նախաձեռնել իր մեծամասնության դեմ։ Փոխարենը մենք բոլորս կառավարության առջև ձևակերպելու ենք կոնկրետ պահանջներ։ Ահա այդ ժամանակ կերևա, թե ինչու Հայաստանում չկան ներդրումներ, կամ ինչու մեր հայրենակիցները չեն վերադառնում հայրենիք։ Հուսանք, որ կառավարության պատասխանները չեն սկսվի բանտում մոռացության մատնված Քոչարյանին մեղադրելով։ «Դիակներին» «վերածնելը» այնքան էլ պատշաճ վարք չի համարվի, համենայնդեպս՝ մտածող հասարակության կողմից։

Իսկ առայժմ հեղափոխությունը պետք է «փրկել» «թշնամիներից» ու ինչքան հնարավոր է՝ շուտ։ Արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->