>

Հունիսի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև: Դրա ընթացքում քննարկվել է նաև արցախյան հարցն ու ռեգիոնալ իրադրությունը: «Վերահաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, ներառյալ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների տնտեսական զարգացման և վերականգնման շահերից ելնելով», ասվում է զրույցի մասին հաղորդագրությունում:


Ոչինչ ասված չէ այն մասին, թե ինչ են խոսել Պուտինն ու Էրդողանը Ադրբեջանում թուրքական ռազմակայանների տեղակայման մասին: Մինչդեռ, հունիսի 15-ին Շուշիում Ալիևի հետ հռչակագիր ստորագրելուց հետո Էրդողանը հայտարարեց այս մասին, հենց նշելով, որ հարցը Պուտինի հետ առաջիկա շփումներում քննարկելու են թե Ալիևը, թե ինքը: Հայտնի է նաև, որ Էրրդողանի հետ հեռախոսազրույցից առաջ Պուտինը հունիսի 24-ին հեռախոսազրույց ունեցավ Ալիևի հետ՝ վերջինի նախաձեռնությամբ, և հունիսի 25-ին էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:








Քոչարյանի զոհերը

Կասկածից վեր է, որ երեք հեռախոսազրույցները ունեն ընդհանուր գիծ և տրամաբանություն, կազմում են որոշակի օրակարգային եռանկյուն: Նաև այդ տեսանկյունից է էական, թե արդյո՞ք Էրդողանը և Ալիևը Պուտինի առաջ բարձրացրել են Ադրբեջանում թուրքական ռազմակայանի հարցը, որովհետև ակնառու է, որ հարցը oրակարգ է բերվել որպես ճնշում Մոսկվայի վրա, մեծ հավանականությամբ «Զանգեզուրի միջանցքի» հարցն առաջ տանելու համար:

Խոշոր հաշվով, Թուրքիան ներկայումս Ադրբեջանի հանդեպ ունի ռազմա-քաղաքական այնպիսի ազդեցություն և ներկայություն, հատկապես Արցախի դեմ պատերազմը առաջնորդելուց հետո, որ ռազմակայանի տեղակայումը Անկարայի համար ավելի շուտ գործիք է այլ հարցերի համար, քան նպատակ: Այդ տեսանկյունից, գլխավոր նպատակն այժմ թերևս «միջանցքն» է, որը մերժում է Հայաստանը, և Հայաստանի միջոցով էլ թերևս՝ Մոսկվան: Հենց այստեղ է, որ Անկարան փորձում է ճնշում բանեցնել Մոսկվայի վրա, ինչն անում է ամենևին ոչ միայն Ադրբեջանում ռազմակայան տեղակայելու առումով:


Էրդողանը օրերս Անկարայում ընդունել է ՌԴ կազմում գտնվող Թաթարստանի ինքնավար հանրապետության նախագահ Ռուստամ Մինիխանովին, ընդ որում այնպիսի արարողակարգով, որը գրեթե հավասարազոր է այսպես ասած միջազգային իրավունքի ինքնիշխան սուբյեկտի ղեկավարի հետ հանդիպման: Համենայն դեպս, Էրդողանն իր նստավայրում Թաթարստանի նախագահին ընդունում է այդպիսի պատվով, այն դեպքում, երբ Եվրահանձնաժողովի նախագահին նույնիսկ հավասարազոր աթոռ չէին առաջարկել:



Թուրքիան խոսում է Թաթարստանում իր ահռելի ներկայության մասին, իհարկե խոսքն առայժմ տնտեսական ներկայության մասին է, բայց այդ համատեքստում արժե հիշել նաև դեռևս 2020 թվականին Իդլիբի հարցում ռուս-թուրքական սրացման ֆոնին Էրդողանի խորհրդականի հայտարարությունը՝ Ռուսաստանը ներսից 25 միլիոն մահմեդականով քանդելու կարողության մասին, որը չարժանացավ Մոսկվայից որևէ համարժեք պատասխանի: Սակայն, հիշել պետք է երևի թե ոչ միայն դա, այլ բոլորովին վերջերս նույն թաթարստանի մայրաքաղաք Կազանում տեղի ունեցած խորհրդավոր հրձիգի դեպքը, երբ մի պատանի մտել էր դպրոց և գնդակահարել աշակերտներին: Ընդ որում հատկանշական է, որ ռուսական համապետական մեդիայում առաջին օրերին բուռն ուշադրության արժանացած դեպքը կարծես թե «մոռացվել» է:

Այդ իրողությունները անշուշտ Հայաստանի լրջագույն ուշադրությանն արժանի զարգացումներ են, որովհետև առանցքային հարց է, թե կդիմանա՞ արդյոք Մոսկվան այդ ճնշմանը, ունի՞ դրա հնարավորությունը, և ի՞նչ հնարավորություն ունի Հայաստանը այն դեպքի համար, երբ Մոսկվան հերթական անգամ տեղի կտա Անկարային: Միաժամանակ, պետք չէ բացառել և այն, որ Անկարայի ճնշումն ունի ավելի լայն շրջանակ և առնչվում է այլևս ոչ թե Կովկասին, այլ միջինասիական ռեգիոնին, որտեղ Թուրքիան ստանում է նոր դեր և ընդլայնում ներկայությունը:

Աղբյուրը՝ 1in.am։


от admin

-->