>

Հոկտեմբերի 27-ի զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից պատգամավորական մանդատը վերցնելուց հետո նամակ գրել Քոչարյանին և պահանջել նրանից որպես ընդդիմադիր խմբակցության ղեկավար հետևել հոկտեմբերի 27-ի գործընթացի վերաբացմանը.«Հարցնելու եմ, թե ինչ է պատրաստվում անել, ինչպե՞ս է անելու, ոնց է հետևելու գործին, փաստեր հավաքելուն»,-ասաց Բախշյանը։




Քոչարյանի զոհերը

Այդ նամակն ու նամակի բովանդակությունը հռետորակա՞ն է լինելու, թե՞ Դուք Քոչարյանից ամեն դեպքում որևէ բան եք ակնկալում հոկտեմբերի 27-ի վերաբացված մասով գործի քննությունից՝ հարցրինք.«Ես ոչինչ էլ չեմ ակնկալում։





Դա լինելու է մի հարց, որի նպատակն այն է լինելու, որ Ռոբերտ Քոչարյանը, որի օրոք եղավ այդ ահաբեկչությունը և որից ինքը հաստատ տեղյակ էր, հաստատ տեղյակ էր նաև Սերժ Սարգսյանը և նրանք երկուսն էլ ոչինչ չարեցին դա կանխելու համար։ Ես հարցնելու եմ՝ ինչո՞ւ, ինչո՞վ էր պայմանավորված իր այդ աստիճան թշնամական վերաբերմունքը Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի և մյուսների նկատմամբ ում 8 րոպեում վերացրեցին»,-ասաց Բախշյանը։


Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով քննությունը կարճվել էր 2004-ին, որից հետո կարճման որոշումները այդպես էլ իրավահաջորդներին չէին տրամադրվել: 2019 թվականի Հոկտեմբերի 27-ից հետո՝ նոյեմբեր ամսին, Անահիտ Բախշյանը դիմել էր գլխավոր դատախազություն և ստացել կարճման որոշումը, որը և բողոքարկել էր։ Գլխավոր դատախազությունն էլ բավարարել էր բողոքը և որոշել կարճված մասով գործի քննությունը վերսկսել։ Գործի քննությունը, գլխավոր դատախազության որոշմամբ, հանձնարարվել էր Ազգային անվտանգության ծառայությանը։ Դեռևս այդ ժամանակ Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ չի վստահում ԱԱԾ-ին, քանի որ նախկինում հենց ԱԱԾ-ն է Հոկտեմբերի 27-ի գործը սխալ ճանապարհով տարել։ Բախշյանը բողոքարկել էր դատախազության որոշումը, սակայն այն մնացել էր անփոփոխ։

Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի էլ հիշում, թե վերջին անգամ երբ է տեղեկություն ստացել գործից։ Պատերազմից առաջ է հետաքրքրվել գործից ու այլևս երբեք պատասխան, տեղեկատվություն չի ստացել.«Ոչ մի քայլ, ոչ մի արձագանք իմ նամակները չեն ուենցել։ Չգիտեմ որ փուլում է գործի քննությունը, ինչ է կատարվում։ Իմ գնահատամբ սա անտարբերություն է։ Անուշադրության է մատնվում պետության դեմ կատարված հանցագործությունը։



Սա շատ ավելին է, քան անուշադրությունը։ Բացատրություն չունեմ, թե ինչպես կարող է ԱԱԾ-ն նման կերպ՝ մատների արանքով նայել պետության դեմ կատարված ահաբեկչությանը։ Իշխանության կողմից էլ չկա պատշաճ վերահսկողություն, պահանջ, հանձնարարական գնալ գործի հետևից մինչև վերջ։ Չէ որ գլխավոր դատախազն ինքն է որոշում կայացրել վերաբացել գործը։ Ինչո՞ւ հիմա չի պահանջում զեկուցեն իրենց, հաշվետվություն տան, թե ուր են հասել, գործի քննությունը որ փուլում է։ Այս հարցերը ինձ չափազանց շատ են հուզում»,-ասաց տիկին Բախշյանը՝ հավելելով, որ հույս ունի ընտրություններից հետո, երբ ներքաղաքական լարումները հանդարտվեն, կրկին հոկտեմբերի 27-ի գործի քննությունը կակտիվանա։

Сообщение Հարցնելու եմ՝ ինչո՞ւ և ինչպես. Անահիտ Բախշյանը պատրաստվում է նшմակ գրել Քոչարյանին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->