>

Civic.am-ը ներքաղաքական զարգացումների և ԱՄՆ կատարած այցի շուրջ զրուցել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։

-Պարոն, Բաբաջանյան, ընտրություններում չորս քաղաքական ուժեր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» կուսակցությունն ու «Զարթոնք» դաշինքը դիմել են Սահմանադրական դատարան` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։ Ի՞նչ կարելի է ակնկալել այդ դիմումից։




Քոչարյանի զոհերը

-Դիմումն ակնհայտ անհիմն է, և չկա որևէ իրավական հիմք, որ կարող է արդարացնել ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչումը կամ երկրորդ փուլի նշանակումը։
Այսպես՝ ընտրախախտումները կարող են հիմք լինել ընտրությունների արդյունքները փոփոխելու կամ անվավեր ճանաչելու համար, եթե էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա, երբ հնարավոր չէ որոշել ընտրությունների իրական ելքը։ Այսինքն՝ հարկավոր է, որպեսզի ընտրախախտումները՝ թե՛ ըստ ծավալի, թե՛ ըստ ծանրության լինեն այնպիսին, որ ողջամիտ երրորդ անձի համար ակնհայտ լինի ընտրական գործընթացի խաթարվածությունը։
Տվյալ պարագայում բացակայում են նման ընտրախախտումները, և խոսել ընտրությունների արդյունքների անիրավաչափության մասին լուրջ չէ։
Ձեր նշած ուժերը պարզապես իրենց քաղաքական փիարով են զբաղված և ուղղակի ունակ չեն ճանաչել իրենց պարտությունը։ Հատկապես սեփական պարտությունը ծանր է տանում «Հայաստան» դաշինքը, որը հռչակել էր ընտրություններում անպայմանորեն հաղթելու մասին, սակայն հայտնաբերեց, որ հասարակությունն իրեն չի տեսնում իշխանության ղեկին։





-Եթե ՍԴ-ն համարի, որ խախտումներ եղել են, ի՞նչ հետևանք դա կարող է ունենալ։

-Նախ՝ չկան ընտրություններ, որտեղ որևէ խախտում չի լինում։ Կրկնեմ՝ կարևոր է, թե որքանով են դրանք ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Բացի այդ, արձանագրված ընտրախախտումները գերազանցապես վերաբերել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին, որոնց առիթով հարուցվել է 60 քրեական գործ։ Այնպես որ, եթե անգամ եղել են ընտրախախտումներ, ապա դրանց հեղինակները հենց ՍԴ դիմած նշածս ուժերն են։
Եթե այսքանով հանդերձ՝ ՍԴ-ն դեմ գնա ժողովրդի կամքին և կայացնի ընտրությունների արդյունքները վերանայելու մասին որոշում, ապա դրանով խաչ կքաշի որպես ինստիտուտ իր որևէ հեռանկարի վրա, իսկ անհատապես ՍԴ-ի այն դատավորները, ովքեր կողմ կքվեարկեն նման հակապետական որոշման օգտին, կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Ժողովուրդը չի հանդուրժի սահմանադրական մակարդակով ընտրագողություն․ դա թող նկատի առնեն ՍԴ-ի դատավորները՝ որոշում կայացնելիս։


-Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ որոշ տեղամասերում վերահաշվարկից հետո չարձանագրվեցին այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, այս պահին կան ընտրախախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործեր այն անձանց նկատմամբ որոնք ուղիղ առնչություն և կապ ունեն կոնկրետ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հետ, այս ամենով հանդերձ ինչպիսին պիտի լինի ՍԴ-ի որոշումը, ըստ ձեզ։

-ՍԴ-ն պետք է մերժի հայտնի ուժերի դիմումը։

-Դուք, որպես ընտրություններին մասնակցած քաղաքական ուժի ղեկավար, ունե՞ք արձանագրած այնպիսի խախտումներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ ՍԴ դիմելու համար։



-Ինձ համար ակնհայտ է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն օգտագործել են բոլորիս հայտնի անօրինական և զարտուղի միջոցները՝ ձայներ հավաքելու համար։ Եվ, այո՛, մենք տասնյակ ահազանգեր ենք ստացել այդ մասին և դիմել ենք իրավասու մարմիններին, որոնք մեր ահազանգերին տվել են օրինական ընթացք։
Սակայն բոլոր դեպքերում հարկ է նկատի առնել, որ երբ խոսում ենք ընտրությունների արդյունքների վրա էապես ազդող խախտումների մասին, ապա նման մասշտաբի խախտումներ կարող է թույլ տալ միայն քաղաքական իշխանությունը, որն այս ընտրություններում ևս դրսևորել է իրավահպատակ վարքագիծ և անցկացրել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։ Հետևաբար, տեղին չէ խոսել ՍԴ դիմելու մասին։
Միով բանիվ, ընտրությունների ընթացքում որոշ մասնակից ուժերի կատարած ընտրական հանցագործությունները պետք է պատշաճ քննության արժանանան և մեղավորները՝ պատժվեն։ Միևնույն ժամանակ ընտրական վարչարարության գործընթացն անընդհատ կատարելագործվող երևույթ է, ուստի՝ յուրաքանչյուր հաջորդ ընտրություն պետք է լինի ավելի լավը։

-Դուք մեկնել էիք Միացյալ նահանգներ, այցի ընթացքում քաղաքական հանդիպումներ ունեցե՞լ եք, և եթե այո, կասեք ո՞ւմ հետ եք հանդիպել և ի՞նչ քննարկումներ եք ունեցել։

ԱՄՆ մեկնելու նպատակը բացառապես Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակում սփյուռքի նոր դերակատարության վերաբերյալ քննարկում ծավալելն էր։ Ես շատ լավ տեղեկացված եմ, որ պատերազմից հետո սփյուռքի գրեթե բոլոր համայնքներում խորը անկումային տրամադրություններ են։ Դրան զուգահեռ որոշ քաղաքական շրջանակներ օգտագործելով իրենց ազդեցությունը, կապերը և միջոցները սփյուռքի գաղթօջախներում ոչ միայն չեն օգնում Հայաստանի նկատմամբ հավատի վերականգնման խնդրում, այլև անում են ամեն ինչ, որպեսզի սփյուռքի և Հայաստանի միջև անջրպետը ավելի խորանա, խզումը անդառնալի և անվերականգնելի դառնա։ Ես լիահույս եմ, որ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակն ու անձամբ գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը լավագույնս տիրապետում է ստեղծված իրավիճակին և առնվազն պատկերացում ունի, թե ինչ պետք է անի հայրենի կառավարությունը Հայաստանի նկատմամբ վստահությունը վերականգնելու գործում, ինչպես նաև քննարկելու, թե պատերազմի արդյունքում աղետալի վիճակում հայտնված երկրին ինչպես կարող է սփյուռքը աջակցել։

Աջակցություն ոչ թե նյութական իմաստով, այլ հատկապես մարդկային։ Ես խորը համոզում ունեմ, որ մենք սփյուռքի բոլոր գաղթօջախներում ունենք բացառիկ մասնագիտական կարողություններ ունեցող հայրենակիցներ, ովքեր կարող են լավագույնս օգտակար լինել Հայաստանին, եթե մենք ճիշտ «գույքագրենք», քարտեզագրենք սփյուռքի բոլոր համայնքների, քաղաքների մեր հայրենակիցների վերաբերյալ ամբողջական տեղեկությունները, նրանց պատրաստակամությունն ու պայմանականությունները Հայաստանին օգտակար լինելու։ Ահռելի մտավոր և մասնագիտական ներուժը պատերազմից հետո չենք կարող թողնել անտեսված։ Հայաստանը մեր հայրենակիցների գիտելիքի, փորձի և մասնագիտական ձիրքերի կարիքն ունի և մենք որպես քաղաքական ուժ, որպես սփյուռքի հետ հարաբերությունները չափազանց կարևոր համարող քաղաքական կուսակցություն, այս գործում ևս անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր երկրում ժողովրդավարական գործընթացների անշրջելիության երաշխավորման հարցում սփյուռքի մասնագիտական ներուժի մասնակցությունը դարձնենք զգալի և շոշափելի։ Այս նպատակին էր ծառայում ԱԺ արտահերթ ընտրություններից ընդամենը տասը օր անց Լոս Անջելեսում կայացած բազմամարդ հանդիպումը Գլենդելի Իրանահայ միության սրահում։ Հարյուրավոր մեր հայրենակիցների հետ իմ հանդիպումը անցավ չափազանց հետաքրքիր և կառուցողական մթնոլորտում։ Առաջիկայում կլինեն հանդիպումներ այլ գաղթօջախներում ևս։ Այս պահին ունենք հրավերներ Կանադայից, Իսպանիայից և Ավստրալիայից։ Ինքներս կնախաձեռնենք այլ համայնքների հետ հանդիպումներ ևս։ Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ում քաղաքական հանդիպումներին։ Իհարկե ունեցել եմ քաղաքական հանդիպումներ, թե՛ համայնքային մակարդակում և,թե՛ ամերիկյան քաղաքական։ Ամերիկյան քաղաքական շրջանակների հետ հանդիպումների բովանդակությունը ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, չեմ կարող հանրայնացնել, բայց կարող եմ հավաստել, որ շատ արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել բոլոր պատկան մակարդակներում։

Сообщение «Ժողովուրդը չի հանդուրժի ընտրագողություն՝ սահմանադրական մակարդակով ․ դա թող նկատի առնեն ՍԴ-ի դատավորները՝ որոշում կայացնելիս…»․ Արման Բաբաջանյան появились сначала на MediaNews.


от admin

-->