>

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը հոկտեմբերի 21-ին նշանակված ընտրություններում հավակնում է ստանալ իր համաքաղաքացիների աջակցությունը ու լիարժեք մանդատով կառավարել առաջիկա չորս տարիներին։ Ի տարբերություն ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի կողմից առաջադրված մյուս թեկնածուների՝ Գասպարյանն ընդունում է, որ հոգևոր մայրաքաղաքում հանրային տրամադրությունների միանշակություն, համենայն դեպս՝ առաջադրված 14 թեկնածուների մասով, գոյություն չունի։

Դեռ երեկ թերթերից մեկին տված հարցազրույցում Էջմիածնի քաղաքապետի հիմնական հավակնորդն ասել էր, թե Երևանի ընտրությունները ցույց տվեցին, որ այս ընտրություններում մարդիկ իրենց վստահության քվեն են տալիս հեղափոխությանը և վարչապետին։ Սա միանգամայն ճշգրիտ բանաձև է, որովհետև հեղափոխությունն առայժմ ասոցացվում է բացառապես Նիկոլ Փաշինյանի անձի հետ ու նրա գործոնից անկախ՝ որևէ մակարդակի ընտրություններում հասարակությունը պարզապես չունի ֆավորիտ։




Քոչարյանի զոհերը

Այս վիճակն, իհարկե, կարող է ռացիոնալ լինել միայն կարճաժամկետ փուլի համար, իսկ հեռանկարային կտրվածքով՝ ռիսկային է ոչ միայն հեղափոխության արժեքների լիարժեք կապիտալիզացիայի, այլ՝ երկրի զարգացման տեսանկյունից։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի ուղղակի կամ նույնիսկ անուղղակի ներկայությունը լեգիտիմացնում է ընտրությունները թե Երևանում, թե Էջմիածնում և առհասարակ՝ բոլոր այն քաղաքներում, որտեղ հեղափոխությունը կամ ՔՊ-ն ունեն թեկնածուներ, այլ խոսքով՝ մարդիկ քաղաքապետեր են դառնում միանգամայն օրինական, տեխնիկական առումով՝ անթերի ընտրությունների միջոցով։




Սակայն այդ ընտրություններում ոչ այնքան հեղափոխությունն է հաղթում, որքան մերժվում է քրեօլիգարխիկ անցյալը։ Իհարկե, հետհեղափոխական առաջին ընտրությունները պետք է ունենան նաև այդ գործառույթը, սակայն դա ակնհայտորեն բավարար չէ, որովհետև մարդիկ բոլոր տեղերում, ըստ էության, ընտրում են Նիկոլ Փաշինյանին՝ չունենալով ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ նրա կողմից պաշտպանվող թեկնածուներն ունեն համապատասխան որակներ։ Սա, իր հերթին, ենթադրում է, որ ընտրվող քաղաքապետերի մեծ մասն աշխատելու է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հաշվին, ինչը ռիկսկային է երկու առումով։ Վարչապետն իր վարկանիշով է հատուցելու ձախողված քաղաքապետերի համար, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հնարավոր անկումը հանգեցնելու է տեղական իշխանության մարմինների ապալեգիտիմացմանը, ինչն, իր հերթին, վստահության և ինստիտուցիոնալ որոշակի վակուում է ստեղծելու։

Շատերն ընտրությունների լեգիտիմության չափանիշ են համարում միայն դրանց ընթացակարգային կամ տեխնիկական կողմը։ Սա առնվազն նշանակում է համապարփակ չընկալել քաղաքական գործընթացի խորությունը, ընտրությունների ու կառավարման որակի ուղղակի կապը։ Եթե անգամ ընթացակարգային առումով միանգամայն օրինական ընտրություններում հազար անգամ մերժվի հակահեղափոխական ռևանշի մտայնությունը, միևնույն է՝ երկրի զարգացման նախադրյալներ չեն ստեղծվի ու քաղաքական մշակույթ, ինստիտուցիոնալ իրողություն չի դառնա ավտորիտարիզմի անդառնալիությունը, եթե մեր հասարակությունը չկարողանա հաղթահարել երկընտրանքի, «սպիտակի» ու «սևի» կեղծ դիլեման։ Երկընտրանքը ընտրություն չէ, եթե երկու տարբերակներից մեկը վերաբերում է անցյալին։ Սա ավելի շուտ նմանվում է քվեարկության, որտեղ մեծ դեր ունեն էմոցիոնալ, հոգեբանական բաղադրիչները, իռացիոնալ մտածողությունը, որովհետև նավում խեղդվող մարդն իրեն դուրս է նետելու որևէ ափ՝ անկախ այն հանգամանքից, թե հետո ինչ ճակատագիր է նրան սպասվում։


Հեղափոխությանը հաջորդող առաջին տեղական ընտրությունները ու թերևս նաև խորհրդարանի առաջիկա ընտրությունները ապահովելու են հեղափոխության թիմի, սակայն՝ ոչ հեղափոխության վերջնական հաղթանակը։ Հակառակը համոզելը շատ դժվար է, որովհետև դիլեմայի առաջ կանգնած հասարակությունը մերժել է անցյալը, սակայն ընտրությունների օրակարգում չի եղել երկրի զարգացմանը վերաբերող հարց։


Նիկոլ Փաշինյանը հաղթեց Երևանի ընտրություններում, այսօր այցելեց Էջմիածին ու հաստատապես հաղթելու է նաև այդ քաղաքի ընտրություններում։ Սակայն դա առայժմ հաղթանակ է անցյալի նկատմամբ՝ առանց ապագայի հստակ տեսլականի։

Հեղափոխությունը կհաղթի կամ կպարտվի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ պարզ կդառնա երկիրը շարժվում է քաղաքական բազմազանության համակարգի ներդրմա՞ն, թե՞ հեղափոխական հարթակի մենաշնորհի ճանապարհով։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->