>

Երեկ գիշեր տեղի ունեցած քրեական «խրախճանքի» երկու կողմերն էլ այլևս կենդանի չեն։ Կարամելի Հարութ մականունով Հարություն Ղարագյոզյանը նախ սպանել է Յուվեցի Կարո մականունով Կարո Կարապետյանին, ապա, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել՝ թեև ամենևին էլ չենք բացառում, որ կարող է դարձած լինել վենդետայի զոհ։

Երկու նախկին պատգամավորների քրեական բախումը հաստատապես վերջինը չի լինելու, որովհետև այլևս քանդված է քրեաօլիգարխիայի բուրգը ու ջրի երես են դուրս գալու բոլոր հին պատմությունները, անցյալ քսանամյակի մեծ ու փոքր ոճիրները։ Քոչարյան-Սարգսյան իշխանության տարիներին համակարգի առաջին դեմքերի մակարդակով քրեաօլիգարխիայի տարբեր սեգմենտների միջև հակասությունները մեղմվել են, արյունոտ հաշվեհարդարները կանխվել են, այլ խոսքով՝ եղել են, այսպես կոչված, «արբիտրներ», որոնք հանցագործ աշխարհի «օրենքներով» «ճիշտ» ու «սխալ» են որոշել՝ հաստատելով որոշակի ստատուս-քվո։




Քոչարյանի զոհերը

Հիմա Ռոբերտ Քոչարյանը բանտի ճանապարհին է, Սերժ Սարգսյանը բոլոր առումներով՝ շրջափակված է, այլ խոսքով՝ չկան «զոն նայողները» ու հին հակասությունները ջրի երես են բարձրանալու՝ դառնալով նոր կրակոցների, քրեական հաշվեհարդարների, «ռազբորկաների» առիթներ։ Քանդվում է քրեաօլիգարխիկ համակարգը ու այդ գործընթացն ուղեկցվում է ցնցումներով, ինչը՝ ինչքան էլ դաժան հնչի, օրինաչափ ու բնական գործընթաց է․ ոհմակի ներկայացուցիչները խժռում են միմյանց։ Կարևոր խնդիրն այն է, որ այլանդակ այդ համակարգի փլուզումը չվնասի նոր Հայաստանին, այն հեղափոխությանը, որը դրեց արյունոտ Հայաստանի վերջակետը։




Ի դեպ, ուշագրավ է, որ Կարամելի Հարութը երեկ սպանությունն իրականացրել է «Պիետրո-Բերետտա» ատրճանակով, որով պարգևատրվել է 2001 թվականի մարտի 22-ին՝ վարչապետի կողմից։ Ահա, թե ովքեր են եղել նախկին համակարգի կողմից գնահատված, նրանց կողմից արժևորված մարդիկ։

Քոչարյանի ու Սարգսյանի իշխանությունը հենվել է նման թաթփուկների վրա․ սրանք են եղել իշխանության հենարանը, սրանք են ապահովել թվացյալ կայունությունը ու «անցնցում» ընտրությունները, իշխանության առաջին դեմքերի ու իրենց թալանի իրավունքը։ Այս քրեապետությունն է, որ ծնվեց Հոկտեբերի 27-ի դիակների վրայով ու քսան տարի շարունակ խոշտանգեց ու հարստահարեց Հայաստանի ժողովրդին՝ լիմոնի պես ճզմելով պետությունը։


Քրեաօլիգախիայի բոլոր ներկայացուցիչներն ունեն արյունոտ հետագիծ ու հասարակությունը տեղյակ է, թե անցած տարիներին ովքեր են կանգնած հասարակական հնչեղություն ունեցող սպանությունների թիկունքում, ժողովուրդը լավ գիտի «նեմեցների», «թոխմախների», մյուսների ոճիրների մասին։ Բազմաթիվ եմ արյունոտ սպանությունները, անգամ դեպքերը, երբ քրեօլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչներն ուղղակիորեն մասնակից են եղել քրեական հաշվեհարդարների, որոցից ամենահայտնին, թերևս, Երրոդմասցի Լյովիկի սպանության դրվագն է։ Չենք ուզում տրվել մանրամասներին, հիշել նաև այլ քրեական հաշվեհարդարներ։ Ոչինչ ու ոչ ոք չի մոռացվել․ ըստ հարկի՝ ամեն ինչ մասին կգրենք հանգամանլից։

Անցած քսանամյակում այս խուժանն է ապահովել իշխանության վերարտադրությունը, նրանց հետևում թաքնված էր Ռոբերտ Քոչարյանը մեծ-մեծ ճամարտակում «միակ տղամարդ» լինելու մասին, նրանցով շրջապատված Սերժ Սարգսյանն էր խոսում «տոկոսներ խփելու» մասին։ Հիմա Քոչարյանն ու Սարգսյանը չկան, ու նրանց հենարանի ներսում սկսվել է կատարյալ գզվռտոց․ երեկվա արյունոտ հաշվեհարդարը մեծ շղթայի մի փոքր հատվածն է, քրեաօլիգարխիայի վախճանի առաջին դրսևորումներից մեկը։ Մյուսները դեռ փորձելու են հաշիվներ մաքրել, դեռ շատ ենք լսելու կորած փողերի, նոր կրակոցների, քրեական խրախճանքների մասին, որովհետև հին համակարգը փլուզվել է, իսկ արյունոտ ձեռքերով ու հետագծով այս մարդիկ տեղ չունեն նոր Հայաստանում։ Նոր Հայաստանի մարդասիրական միջանցքը չի կարող փրկօղակ լինել դիակների վրայով հարստություն դիզած ու «արտոնյալ» դարձած այս մարդկանց համար։


Երեկվա միջադեպը, արյունոտ հաշվեհարդարը սոսկալի հարված էր հակահեղափոխության ռևանշի մտայնությանը։ Սպանում և ինքնասպանվում են այն մարդիկ, որոնք Քոչարյան-Սարգսյան զույգի գողապետության դեմքերն են և պետք է ապահովեին ռևանշը տեղերում․ այլևս դիակ դարձած այս մարդիկ, նրանց տեսակը պետք է դավադրություն կատարեին հեղափոխության ու նոր Հայաստանի դեմ։

Յուվեցի Կարոյի ու Կարամելի Հարութի հետ սպանվել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քաղաքական հեռանկարը, նրանց վերադարձի աղոտ հնարավորությունը։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->