>

Ներքաղաքական լարված զարագացումների համատեքստում երբեմն մեր ուշադրությունից դուրս են մնում արտաքին քաղաքականության օրակարգին վերաբերող առանցքային հարցեր, եթե նույնիսկ դրանց վերաբերյալ լինում են ինֆորմացիոն ծանրակշիռ առիթներ։

Խորհրդարանական վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձել էր ՀԱՊԿ-ի ու Ադրբեջանի հնարավոր համագործակցությանը՝ հստակեցնելով պաշտոնական Երևանի դիրքորոշումը։ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը՝ դիտորդի կամ որևէ այլ կարգավիճակով, ասել էր, որ նման որևէ պաշտոնական գործընթաց չկա: «Այդ մասին կան հրապարակումներ, խոսակցություններ, և սրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է։ Ես այդ դիրքորոշումը մի քանի անգամ հրապարակել եմ։ Դուք գիտեք, որ նման հարցերը լուծվում են կոնսենսուսով, և, բնականաբար, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում, ստեղծված հարաբերությունների պայմաններում անիմաստ է նույնիսկ այդ հարցի վերաբերյալ խոսելը, որովհետև Հայաստանը երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ռազմաքաղաքական մեր հիմնական կազմակերպության անդամ կամ թեկուզ դիտորդ»,- նշել է վարչապետը:




Քոչարյանի զոհերը

Հայաստանի իշխանությունների նման հստակեցումն, անշուշտ, անհրաժեշտություն է, որն էապես սահմանափակում է Մոսկվայի ու Բաքվի հնարավոր սակարկության հնարավորությունը։




Մյուս կողմից՝ կարծում ենք, որ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության խնդիր իրական քաղաքականության օրակարգում գոյություն չունի ու այդ թեման մեզ առավելապես հրամցվում է ռուսական քաղաքական և քարոզչական շրջանակների կողմից՝ Հայաստանի իշխանության վարքագիծը կառավարելի դարձնելու նպատակով։

Ադրբեջանի անվտանգային միջավայրին չի սպառնում որևէ մարտահրավեր, որը այս պահին Բաքվին կստիպեր ՝ վերանայել իր արատաքին բազմավեկտոր քաղաքականությունը։ Ադրբեջանն իր անվտագությունն ապահովում է շատ ավելի դիվերսիֆիկացված հարաբերությունների շնորհիվ՝ առանձնահատուկ համագործակցություն ծավալելով ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև՝ Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի հետ։


Շատերը կարող են հակադրվել՝ ասելով, թե ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը թույլ կտա, որ Ադրբեջանը Ռուսաստանից սպառազինություն ձեռք բերի անհամեմատ մատչելի գներով։ Այս փաստարկն, իհարկե, գոյություն ունի, մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը կամ այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակը էապես կսահմանափակի Ադրբեջանի ռազմաքաղաքական համագործակցության աշխարհագրությունը, ինչը որևէ կերպ չի համապատասխանում Բաքվի արտաքին քաղաքական օրակարգին։

Տարածված մյուս փաստարկի համաձայն՝ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը պայմանավորված է ԼՂ խնդրով, այլ խոսքով՝ Բաքուն փորձում է չեզոքացնել հայկական կողմի ունեցած իբրև թե մարտավարական առավելությունը։ Այս փաստարկն ընդհանրապես չի դիմանում որևէ քննադատության, որովհետև Ադրբեջանի շահերը ՀԱՊԿ-ի ներսում ներկայացված են՝ առանց նրա ներկայության։ Ղազախստանը, շատ դեպքերում նաև Բելառուսը բոլոր առիթներով հանդես են գալիս Բաքվի շահերի լոբբինգով ու ստեղծվել է արտառոց մի իրավիճակ, երբ Հայաստանը ֆորմալ դաշնակցային միջավայրում ունի ավելի քիչ աջակիցներ, քան՝ Ադրբեջանը։

Այս բոլոր գորոծոնները հուշում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը գերադասում է Ռուաստանի հետ իր հարաբերությունները կառուցել երկկողմ ու բազմակողմ այնպիսի հարթակներում, որոնք չեն կաշկանդում նրա արտաքին քաղաքականությունը ֆորմալ պարտավորություններով։


Ի դեպ, ուշագրավ է, որ անցած չորեքշաբթի Փաշինյանին խորհրդարանում ուղղակիորեն հարց չէր տրվել Ադրբեջանի ու ՀԱՊԿ-ի հարաբերությունների մասին, սակայն նա գերադասեց հստակեցնել Երևանի դիրքորոշումն այդ հարցում։ Շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե Հայաստանի վարչապետը կենտրոնանար Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերությունների վրա, մանավանդ որ արդեն հաջորդ ամիս Յուրի Խաչատուրովը հետ է կանչվելու կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից ու դեռևս չկա որևէ երաշխիք, որ Հայսատանի մեկ այլ ներկայացուցիչ կփոխարինի հեռացող գեներալին։ Ավելին՝ Մոսկվայի պաշտոնական ու փորձագիտական շրջանակները գրեթե բաց տեքստով հասկացնում են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնելու է Բելառուսին։

ՀԱՊԿ-ում հայկական շահերի նման անտեսումն Ադրբեջանի համար շատ ավելի կարևոր նշանակություն ունի, քան այդ կառույցում դիտորդի կարգավիճակ ստանալը։ Չենք բացառում անգամ, որ ռուսասկան իշխանության հետ կապված փորձագիտական շրջանակները հատուկ են խաղարկում ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության թեման, որպեսզի այդ կեղծ օրակարգի միջոցով անցնցում լուծեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանից այլ երկրի փոխանցելու հարցը։ Այլ կերպ ասած՝ գործում է այն քարոզչական բանաձևը, թե Մոկավան ՀԱՊԿ-ում Ադրբեջանի անդամակցության կամ դիտորդության հարցում պաշտպանեց Հայաստանի դիրքորոշումը, ինչի դիմաց Երևանը «երախտագիտությամբ» պետք է հրաժարվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր նոր ներկայացուցչի նշանակումը պնդելուց։ Այլ խոսքով՝ ադրբեջանական «սպառնալիքով» Մոսկվան կառավարելի է դարձնում Երևանի վարքագիծը։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->