>

Օրերս գերիների հերթական խումբը վերադարձավ Հայաստան կրկին Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքների ականապատման քարտեզների փոխանակմամբ։ Այս իրողությունը թեժ քննարկման առարկա է դարձել, ոչ միայն Ֆեյսբուքյան օգտատերերի համար, այլ նաև նախկին պետական գործիչների շրջանում։




Քոչարյանի զոհերը

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն այդ քարտեզները թշնամուն տրամադրելը որակել է՝ պետական դավաճանություն․ «Կոնկրետ ականապատ դաշտերի քարտեզները, որտեղ նշված են, թե քանի ական է տեղադրված, որտեղ է տեղադրված, պետական հույժ գաղտնի տեղեկություն են, եւ դրանք վերցնել ու փոխանցել թշնամուն, ուղղակի քրեական հանցագործություն է»,- ասել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը Aravot-ի հետ զրույցում:





«Վաղվա Արցախ» արտախորհրդարանական կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը Civic.am-ի հետ զրույցում ևս նշեց, որ Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր քննարկման առարկա են դարձրել ականապատված տարածքների քարտեզները հակառակորդին տրամադրելու անթույլատրելիությունը․ «Ո՞նց կարելի է համեմատել որևէ զինվորի՝ գերու ազատությունը այդ քարտեզների հետ։
Հատկապես, երբ խոսքը գնում է այն քարտեզների մասին, որոնք այս պահին Արցախի անվտանգության հետ որևէ կապ չունեն, այսինքն ադրբեջանցիների կողմից գրավյալ տարածքների մասին է խոսքը»,- մեկնաբանեց կուսակցության նախագահը։

Անդրադառնալով այս հարցի շուրջ Արցախում տիրող տրամադրություններին՝ Տիգրան Պետրոսյանը հույս հայտնեց, որ բացարձակ մեծամասնությունը կողմ կլինի այդ ճանապարհով գերիների վերադարձին, քանի որ գիտակից մարդիկ հասկանում են, որ այդ քարտեզներն այս պահին անվտանգության առումով որևէ երաշխիք չեն ներկայացնում Արցախի համար։


Չնայած այս ամենին «Վաղվա Արցախ» արտախորհրդարանական կուսակցության նախագահը կասկածի տակ է դնում, որ վերջին 15 գերիների վերադարձի համար ադրբեջանական կողմին ականապատված տարածքների քարտեզներ են տրվել․ «Ես և՛ Վարանդայում (Ֆիզուլի), և՛ Կովսականում (Զանգելան) շատ անգամներ եմ եղել ։ Կովսականը առաջնագծից գրեթե 100կմ հեռու է, այսինքն մեր կողմից այնտեղ քարտեզագրված ականապատում չի եղել մինչ պատերազմը։ Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ հետ նահանջի ականապատմանը, ես տեղյակ լինելով ինչպիսի մարտեր են ընթացել այնտեղ՝ կարող եմ ասել, որ եթե այդ ականապատումը լիներ՝ ապա շատ փոքր քանակությամբ և առանց քարտեզագրման։ Մինչդեռ Աղդամի շրջանում սահմանն իրոք ականապատված էր և քարտեզագրումով»։



Իսկ Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների ականապատման աշխատանքները տարվել են ամբողջ ռազմաճակատի և՛ առաջնագծով, և՛ միջնամասով, և՛ թիկունքով․ «Դրա վառ օրինակն է, երբ մեր զորքը դուրս էր գալիս Իշխանաձորի, Այգեհովիտի կամ Զանգելանի հատվածներից, և վերջինը դուրս էին գալիս մեր սակրավորները»։

Հիշեցնենք, որ Արցախի քննչական կոմիտեում քննվում է Արցախում ականազերծում իրականացնող The HALO Trust կազմակերպության վերաբերյալ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով ավելի հարուցված քրեական գործը։

Կոմիտեից նշել են, որ 2021-ի մարտի 11-ին քրեական գործ էր հարուցվել ԶԼՄ-ներում հայտնված տեղեկության հիման վրա, համաձայն որի, The HALO Trust կազմակերպությունը Արցախում գործունեություն ծավալելու ընթացքում թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախի ականապատված տարածքների քարտեզը։

Сообщение «Ո՞նց կարելի է համեմատել որևէ գերու ազատությունը Արցախի անվտանգության երաշխիք չհանդիսացող ականապատման քարտեզների հետ…»․ «Վաղվա Արցախի» նախագահ появились сначала на MediaNews.


от admin

-->