>

Սերժ Սարգսյանը Կազանի հայտնի գագաթնաժողովից 10 տարի անց հրապարակել է իր հեղինակային հոդվածը, որում անդրադարձ է կատարել 2018-ին նախորդած ու հաջորդած իրադարձությունների վերաբերյալ։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։ Նա սկսեց հոդվածի վերջին կետից՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը շատ ծանր է տանում՝ դժգոհելով, թե այս պատերազմի համար իշխանությունները մեղադրում են նախկիններին, միջազգայիններին, բայց իրենց պատասխանատվություն բաժինն անտեսում են։




Քոչարյանի զոհերը

«Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի այս տեքստի հիմնական մտահոգությունն այն է, որ հասարակությունը, ըստ էության, իր քվեարկությամբ նաև գնահատական տվեց պատերազմի պատասխանատվության խնդրին, ըստ որում այն ձևով, որ նույն Սերժ Սարգսյանի գլխավորած դաշինքն օրենքի ուժով է մտել խորհրդարան։


Այսինքն՝ և՛ ինքը, և՛ երկրորդ նախագահն արժանացան հասարակության վերաբերմունքին նաև պատերազմի համար, մանավանդ, որ այս ընտրությունների պատճառը պատերազմը և դրա արդյունքներն էին։ Սերժ Սարգսյանը շատ իրավացիորեն այս քվեարկությունը համարում է նաև իրենց նկատմամբ վերաբերմունքի, իրենց նկատմամբ գնահատականի քվեարկություն և շատ ճիշտ է անում, և այդ վերջաբանից երևում է, որ իր մտահոգությունը շարունակում է այն մնալ, որ պատերազմի համար իրենց են պատասխանատու համարում, ոչ ուրիշին»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը։





Քաղաքագետի խոսքով՝ տեքստը շարադրելիս, Սերժ Սարգսյանը հնարքներ է գործադրում՝ իր համար անցանկալի դրվագները խնամքով քողարկելով և տեքստը շարադրելով այնպես, որ ինքն ամեն ինչ անում էր, ինքը նույնիսկ փորձում է առանձնանալ Ռոբերտ Քոչարյանից։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Սարգսյանը անուղղակի դժգոհություն է հայտնում 2007 թվականի Մադրիդյան սկզբունքներից, որ նրանում պլեբիսցիտ, իրավական պարտադրող ուժ չուներ, և ինքն իր նախագահության առաջին տարիներին հասավ նրան, որ պլեբիսցիտը փոխարինվեց կարգավիճակի վերաբերյալ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ։

«Բայց նաև խոստովանում է, որ բանակցություններում Արցախը ներգրավված չի եղել, ուղղակի խոսում է, որ այստեղ այնտեղ պայմանավորվեցինք, որ կարգավորման վերջնական տարբերակը մշակելիս Արցախը պիտի մասնակցի։ Հաջորդ բանը, որ կեղծում է Սերժ Սարգսյանը, այն է, որ փորձում է ներկայացնել, թե նոր իշխանությունները հրաժարվել են միջազգային հայտնի սկզբունքներից։ Ճիշտ հակառակը, նույն Արցախի մասնակցության թեմայով Նիկոլ Փաշինյանը հղում է կատարել հենց ՄԽ ընդունած փաստաթղթերին։ Սերժ Սարգսյանը կեղծում է, թե համանախագահները տարակուսանքով ընդունեցին նոր իշխանությունների Արցախի մասնակցության պահանջը և այլն»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով․ «Հաջորդը՝ Սերժ Սարգսյանի տեքստը կարդալուց այն տպավորությունն ես ստանում, որ Ադրբեջանը ծայրահեղ անելանելի վիճակում է եղել բանակցություններում, գրեթե պատին դեմ տված վիճակում, բայց Սերժ Սարգսյանը մոռանում է, որ Ադրբեջանին նման կերպ նկարագրելով ինքը պիտի բացատրի նաև, թե այդ պատին դեմ տրված, անելանելի վիճակում հայտնված, միջազգային գործընկերների կողմից չհասկացված Ադրբեջանը, ինչու էր 2013 թվականին շիկացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, կամ, եթե պատերազմը մոտեցնում էր Հայաստանին նոր իշխանությունները և պոպուլիզմը, ապա այդ դեպքում ինքը պիտի բացատրի, թե ինչու հատկապես իր պաշտոնավարման շրջանում կրակե օղակի վերածվեց ոչ միայն Ադրբեջանի և Ղարաբաղի միջև շփման գիծը, այլև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը»։


Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը շատ խնամքով շրջանցում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը, ընդ որում նաև նշելով, թե պատերազմը կանգնեցվել է Ադրբեջանի խնդրանքով ու Մոսկվայի միջնորդությամբ, այն դեպքում, չպատասխանելով ըստ էության ԱԽ քարտուղարի արած հայտարարություններին, նույնիսկ ամիսներ անց, որ ըստ էության, պատերազմը կանգնեցվել է հենց իր խնդրանքով և ինչ-որ խոստումների դիմաց։

Քաղաքագետը նաև հավելեց, որ Սերժ Սարգսյանի տեքստում տպավորություն կա, թե նա շարունակում է դեռևս հավաստիացումներ տալ դրսի ինչ-որ շրջանակների, որ ինքն ուզում էր կարգավորեր, որ ինքը մեղավոր չէ չկարգավորման համար,իր տեքստում բոլորը մեղավոր են։

«Ինքը 10 տարի շարունակ ջանքեր է գործադրել, դա իրեն չի հաջողվել, բայց ինքը ուզեցել է, որ նաև 2-րդ պաշտոնավարման ժամկետում, երբ որ վարչապետ էր դառնում, կարգավորի։ Իհարկե, սուտ է սա։ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը շարունակում են մնալ, որպես հակամարտության չկարգավորմամբ շահագրգռված երկու նախկին նախագահներ, որի մասին փաստերն անթիվ անհամար են։ Հետևաբար, Սերժ Սարգսյանը այս առումով չփորձի հերքել անհերքելին, չի էլ ստացվելու, որովհետև ինքը նաև իր այս տեքստում է ի ցույց դնում, թե ինչպես է ինքը վերաթարմացրել Ռոբերտ Քոչարյանի կողմից Հայաստանի անունից տրված միջազգային պարտավորությունները ՝ շրջանները հանձնելու վերաբերյալ։ Նույնիսկ Կազանյան փաստաթղթից հետո ինքը խոսում է տասնյակ հանդիպումների մասին, կազանյան փաստաթղթի տասնյակ մոդիֆիկացիների մասին։ Ակնհայտորեն, ինքը ժամանակ է ձգել և այստեղ ինքը անուղղակիորեն խոստովանել է, որ իրենք կարողացել են ընդամենը պատերազմի օրերը, ամիսները հետաձգել, բայց ճանաչում է, որ այդ պատերազմը եղել է և պիտի ճանաչի, որ այդ պատերազմի «կազուս բելին», ինչպես ինքն է ասում՝ իրենք հրաշալի տվել էին Ալիևին Հայաստանի անունից, ինքը և Ռոբերտ Քոչարյանը»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Քաղաքագետը նաև ընդգծեց, որ նրանք միջազգային պարտավորություններ էին դարձրել այդ շրջանների վերադարձը կամ Ադրբեջանի դեօկուպացիան և Սարգսյանը հաստատում է, որ Սարկոզի, Պուտին, Օբամա համանախագահների հայտարարությունները իր իշխանությունը ողջունել է և այստեղ այո՛, ինքը ճիշտ է։



«Հիմա, եթե ինքը նույնիսկ կարողանար հիմնավորել, որ Նիկոլ Փաշինյանը ապաշնորհ է գտնվել այդ իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության հասնելու հարցում, ապա ինքը առնվազն պարտավոր է հրապարկել իր պաշտոնավարման վերջին տարիներին, առավել ևս 2018-ի դրությամբ այն աշխատանքային տարբերակը, որտեղ ինքը հասել էր դրան, որտեղ Ադրբեջանը դրան համաձայնություն էր տվել։ Քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հրապարակել այդ փաստաթուղթը, մնացած բոլոր երկարաշունչ, մանվածապատ տեքստերը զրո են։ Որովհետև ակնհայտ է եղել, որ գնալով Հայաստանի դիրքերը բանակցություններում չափազանց վատթարացել են և ճիշտ հակառակն է եղել, որ Ալիևը այնքան լկտիացած է եղել հենց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանից, որ ոչ միայն բանակցություններում է իր դիրքերը այնքան ամրապնդել, որ կարողացել է խուսափել ճանաչելուց Արցախի կամարտահայտության իրավունքը և մերժել է բոլոր տարբերակները, այլև ինչպես ինքն է ասում՝ Ֆրանսիայի, ՍՄՆ նախագահների նամակներից հետո կարողանում է գալ Կազանում լսել տասնյակ առաջարկներ և խախտել պայմանավորվածություններ, չգրված պայմանավորվածություններ։

Եվ դրանից ավելի լկտիանալու նաև պատերազմի սպառնալիք բերել հասցնել ուղիղ Հայաստանի սահամանագծին»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Վերջինս նշեց, որ փաստերը այլ բան են հուշում, որ Հայաստանի դիրքերը ոչ միայն բանակցային սեղանի շուրջ, այլ նաև սահմանին արդեն իսկ չափազանց թուլացված էին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում և հետևաբար այդ ամենը տեսնելով, բնականաբար, Իլհամ Ալիևը կարողացավ խնամքով դուրս թողնել միջազգային երեք սկզբունքներից։

«Եթե այդ սկզբունքները հարգվում էին, Ալիևը ինչու հենց իր պաշտոնավարման շրջանում, քանիցս խախտեց դրանցից ամենաառանցքայինը՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ամբողջ շրջանը դա եղել է Ալիևի կողմից ուժի կամ դրա սպառնալիքի ցուցադրման ժամանակշրջան։ Բա, եթե Իլհամ Ալիևը էդ սկզբուքնները հարգող տղա էր և կարողանում էր էդ ամեն ինչը ապահովել, ինչո՞ւ պաշտոնավարման հենց իր շրջանում Իլհամ Ալիևի դուխը հերիքեց կարգավորված տարբերակներն այնպես տրանսֆորմացնել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մղվի օրակարգից, Ղարաբաղը դուրս թողնվի բանակցային գործընթացից և մի հատ էլ երրորդ սկզբուքն էլ խախտի։ Այսինքն՝ ինքնորոշման իրավունքը դուրս թողեց սեղանից և ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման սկզբունքը խախտեց բազմիցս հենց Սերժ Սարգսյանի օրոք և տակը մնաց մի հատ տարածքային ամբողջականության իրավունք, որի հետ կապված պատմությունը վավերագրել է Սերժ Սարգսյանի այդ բազմակի հավաստիացումները և ողջունումները՝ Լակտիլայի, Մուսկոկայի, Դովիլի և այլ հայտարարություններում»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը։

Վերջինիս խոսքով՝ Սերժ Սարգսյանը, գիտակցելով, որ ընտրություններում վերաբերմունք է հայտնվել իր նկատմամբ, նախկին իշխանությունների նկատմամբ, պատերազմի առումով հայ հասարակությունը նրանց երկուսին անցանկալի է համարել, որպես Հայաստանի ապագան տնօրինող սուբյեկտներ՝ կուշտ լինելով անցյալում նրանց արածից։

«Նա փորձում է ընդամենը իրեն արդարացնել այս ամեն ինչում։ Եթե ուշադություն դարձրեցիք, լուծումների դաշտում նա ոչինչ չի առաջարկում։ Բա եթե լավ տարբերակներ ունեք մշակած ասեք, թող Նիկոլ Փաշինյանը վերջապես այս պարտությունից հետո վերադառնա այդ հին և լավ տարբերակներին։ Տարբերակներ չեն եղել, որ Նիկոլ Փաշինյանը վերադառնա կամ չվերադառնա»,-եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը։

Сообщение Սերժ Սարգսյանը հոդվածում խոստովանել է, որ իրենք կարողացել են ընդամենը հետաձգել պատերազմի օրերը появились сначала на MediaNews.


от admin

-->