>

Սահմանադրական դատարանում այսօր սկսվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկումը։ Բարձր դատարանն իր որոշումը կհրապարակի հուլիսի 17-ին։




Քոչարյանի զոհերը

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն առաջին տպավորությունը, որ ստացել է այսօր Սահմանադրական դատարանի նիստից այն է, որ Սահմանադրական դատարանի կազմը պետք է ամբողջությամբ փոխվի։ Ըստ նրա՝ ՍԴ-ն շատ քաղաքականացված է, և դա պայմանավորված է այն մոտեցմամբ, որը ժամանակին դատական ամբողջ համակարգը ձևավորվել է հենց քաղաքական հիմքով։





«Մեզ անհարժեշտ է նոր Սահմանադրություն, նոր Սահմանադրական դատարան և նոր դատական համակարգ։ Մենք գործ ունենք ոչ թե դատավորների, այլ քաղաքական գործիչների հետ, որոնք դատավորի պատմուճան են հագել», — ընդգծեց իրավապաշտպանը։

Մեր դիտարկմանը՝ ի՞նչն է այսօրվա նիստից ստիպել այդ եզրահանգման գալ, Սաքունցը պատասխանեց. «Դիրքորոշումներից, ձևակերպումներից պարզ է դառնում նրանց քաղաքականացվածությունը։ Նույնիսկ ՍԴ նախագահը ակնարկեց, որ չպետք է այնպես լինի, որ օբյեկտիվ դիտորդի մոտ տպավորություն ստեղծվի, թե դատավորը նախապես կողմնորոշված է եղել։ Բացի այս ամենը, ինձ ուղղակի ապշեցնում է, որ այդ նիստին հանդես են գալիս մարդիկ՝ և դատավորներ, և մասնակիցներ, որոնք նախկինում անմիջականորեն մասնակից են եղել զանգվածային խախտումներով խայտառակ ընտրությունների։ Կազմակերպել են այդ խայտառակ ընտրությունները, վավերացրել են դրանք ու հետո հիմնավորել, որ կեղծիքներ չեն եղել։ Ինձ հետաքրքիր է, թե իրենք ի՞նչ խղճով են հանդես գալիս բարձր դատարանում և բարձրացնում հարցեր, որոնց իրենք են ժամանակին մասնակից եղել։ Սա խոսում է այն մասին, թե ինչ անառողջ վիճակում է այսօր գտնվում Հայաստանը։ Ցավալի է, որ անպատժելիության հետևանքով այդ անձինք շարունակում են իրենց անպատիժ զգալ»,- ասաց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ անկախ ամեն ինչից՝ այն բոլոր ենթադրյալ փաստարկները, որոնք կարող են ներկայացվել Սահմանադրական դատարանում, երբևէ չեն կարող բավարար համարվել ընտրության արդյունքները չեղյալ համարելու համար։


Փաստաբան Արայիկ Պապիկյանն առհասարակ չի հավատում, որ Հայաստանում հնարավոր է երբևէ ընտրությունների արդյունքները վիճարկելով սահմանադրական արդարադատության հասնել։ «Դա անհեթեթ զբաղմունք է։ Սահմանադրական դատարանում ընթացող պրոցեսը բեմականացում է, թատրոն։ Ես դրան լուրջ չեմ վերաբերում և որևէ սպասելիք չունեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Պապիկյանը։



Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի մոտ էլ հարց է առաջացել՝ ինչո՞ւ ՍԴ-ի շենքի մոտ ընտրությունների արդյունքները բողոքարկող ուժերի օգտին քվեարկած քաղաքացիները ցույց չէին անո՞ւմ: «Սպասում էի, որ կանեն, 200.000 քվե է հաշվվել իրենց օգտին, մի քիչ ավել-պակաս: Ինչո՞ւ չեն անում, կա՞ բացատրություն»,- հարցնում է Բարսեղյանը։

Ավելին՝ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը և այլք պնդում էին նաև, որ իրենց տրված 200 000 ձայն է անհետացել։ Այս դեպքում էլ է հարց առաջանում՝ ինչո՞ւ այդ ձայները տվածները փողոց դուրս չեկան ու տեր չկանգնեցին իրենց քվեին։ Հիշեցնենք, որ ՍԴ-ում դատաքննությունն անցկացվում է բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցող է նշանակված Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Հուլիսի 6-ին Սահմանադրական դատարանի կայացրած աշխատակարգային որոշման համաձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս ներգրավվել է որպես երրորդ անձ։ Արփի Հարությունյան

Сообщение ՍԴ-ում ընթացող քննությունից ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ոչ թե դատավորների, այլ քաղաքական գործիչների հետ, որոնք դատավորի պատմուճան են հագել появились сначала на MediaNews.


от admin

-->